HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վերադառնալով իրականություն. ներդրումները շարունակում են կրճատվել

Ներդրումների թեման Հայաստանում վերջին շրջանում բուռն քննարկվում է։ Մի կողմից գործող իշխանություններն՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, նախընտրական շրջանում ամեն ինչ արեցին, որ ցույց տան, թե Հայաստանում ներդրումներ անելու համար  գրավիչ պայմաններ կան ու որ սպասվում է առատ ներդրումների հոսք, մյուս կողմից էլ՝ այն քաղաքական ուժերը, որոնք առաջադրվել են ապրիլի 2-ին կայանալիք Ազգայի ժողովի ընտրություններում, բավականին հյութեղ խոստումներ տվեցին ներդրումների վերաբերյալ։

Տրամաբանական է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ու մասնավորապես՝ վարչապետը, մեծ աղմուկով հայտարարեցին, որ սպասվում է ներդրումների էական հոսք (այս տարի՝ 850 մլն դոլար, առաջիկա տարիներին՝ 3.2 մլրդ դոլար) ու փորձեցին ոգևորություն տարածել, մինչդեռ դա կարող էին անել այն ժամանակ, երբ ներդրումներն արդեն իրականություն դարձած լինեին։ Բայց այդ ժամանակ ուշ կլիներ, քանի որ նրանց հենց հիմա էր պետք այդ թեման լայնորեն շրջանառել՝ նախընտրական շրջանում։ ՀՀԿ-ն, սակայն, «գեղեցիկ» մթնոլորտը չփչացնելու համար նույն ոգևորությամբ չի խոսում, թե ինչ վիճակում է ներդրումների ներկա պատկերը։ Իսկ ներկա պատկերն, իսկապես, տխուր է. այսօր ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) հրապարակել է 2016 թվականի տարեկան տվյալները, որոնք կներկայացնենք քիչ ներքևում։

Քարոզարշավի ընթացքում պարզվեց, սակայն, որ ավելի «առատաձեռն» քաղաքական ուժեր էլ ունենք։ Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարեց, որ իրենց գործընկերները պարտրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում, եթե Ծառուկյան դաշինքը իշխանության գա։ 

Բայց սա դեռ ամենը չէ։ Ավելի «առատաձեռն» ուժ էլ գտնվեց։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էլ վերջերս հայտարարեց, որ եթե իրենք ստանձնեն իշխանությունը,  17 մլրդ դոլարի ներդրումներ կապահովեն հայաստանյան տնտեսության համար։

Իսկ հիմա մի կողմ թողնենք այս ու մնացած խոստումները, որոնք մեկի համար իրատեսական են, մյուսի համար՝ ծիծաղ առաջացնող,  և վերադառնանք մեր իրականություն։ Այն է՝ Հայաստան, 2016 թվական, օտարեկրյա ներդրումների ծավալը՝ ընդամենը   170  մլն դոլար։

2016 թվականին զուտ ներդրումներն ավելի քան 30%-ով կճատվել են

Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 2016  թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին  կազմել է 81.6 մլրդ դրամ (համարժեք է մոտավորապես 170 մլն ԱՄՆ դոլարին), որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 62.7 մլրդ դրամ (մոտ 130  մլն դոլար)։

2015 թվականի համեմատ՝ մեկ տարում, ներդրումների ընդհանուր զուտ հոսքերը նվազել են 36.8 մլրդ դրամով կամ 31%-ով, իսկ միայն ուղղակի ներդրումները՝ 6.7 մլրդ դրամով կամ 9.7%-ով։

Զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։ Այսինքն՝ եթե նշված երկրի դեպքում ներդրումներն ունեցել են բացասական մեծություն, դա նշանակում է, որ Հայաստանից դեպի այդ երկիր ավելի շատ փող է հոսել, քան այդ երկրից դեպի Հայաստան։ Ու այս առումով 2016-ին Հայաստանում ներդրումներ կատարած երկրների ցանկում միանագամից աչքի է ընկնում Ռուսաստանը, որի դեպքում ցուցանիշը կազմել է -52 մլրդ դրամ։ Դա նշանակում է, որ Հայաստանից Ռուսաստան ներդրումների գծով «դուրս եկած» գումարը 52 մլրդ դրամով ավելին է եղել, քան ստացածը։

Բացասական ցուցանիշով առանձնանում են նաև Լիբանանը, Նիդերլանդներն ու Գերմանիան։

Առավել մեծ ծավալի զուտ ներդրումներ հոսել են Լյուքսեմբուրգից, Կիպրոսից ու Միացյալ Թագավորությունից։

Հատկանշանակ է, որ Կիպրոսից կատարված ներդրումների զուտ հոսքերի ծավալը 2015 թվականի համեմատ աճել է 45 մլրդ դրամով, Վիրջինյան կղզիներից՝ 28.4 մլրդ դրամով, Ֆրանսիայից՝ 39 մլրդ դրամով, Միացյալ Թագավորությունից՝ 69.4 մլրդ դրամով, Կանադայից՝ 11 մլրդ դրամով, Լյուսքեմբուրգից՝ մոտ 20 մլրդ դրամով։  Ջերսիի ցուցանիշն էլ է ուշագրավ՝ 10.1 մլրդ դրամ, որը ներդրվել է հանքարդյունաբերության ոլորտում։

Իսկ Արգենտինայից կատարված ներդրումների զուտ հոսքերը նվազել են  44.1 մլրդ դրամով, Շվեյցարիայից՝ 42.8 մլրդ դրամով, Ռուսաստանից՝ 79.7 մլրդ դրամով, Գերմանիայից՝ 35.6 մլրդ դրամով, Լիբանանից՝ 23 մլրդ դրամով, Նիդերլանդներից՝ 16.6 մլրդ դրամով։

ՀՀ տնտեսության  իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալներն ըստ երկրների 2016թ. (մլն. դրամ )
Create bar charts

Ինչ վերաբերում է ուղղակի ներդրումներին, որոնք վերը նշված ընդամենը ներդրումների մի մասն են կազմում, ապա՝ ուղղակի ներդրումների գերակշիռ մասը ևս ապահովել են Լյուքեմբուրգը, Կիպրոսն ու Միացյալ Թագավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter