HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածուի պնդմամբ՝ Կողբի զորամասի պետը զինվորների նկատմամբ ճնշում է գործադրում

Տավուշի մարզի թիվ 37/14 ընտրատեղամասում, որը գտնվում է Կողբ համայնքում, արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ է: Այս ընտրատեղամասում, ի թիվս այլ քաղաքացիների, քվեարկում են նաև Կողբի զորմասում ծառայություն իրականացնող զինծառայողները:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Գուրգեն Ասատրյանն արդեն երկրորդ անգամն է դաշինքի վստահված անձի ահազանգի հիման վրա այցելում ընտրատեղամասի տարածք:

Երբ «Հետք»-ի լրագրողն այցելեց ընտրատեղամաս, դրա դիմաց էր նաև Գուրգեն Ասատրյանը, ով րոպեներ առաջ էր ժամանել:

Այդ պահին ընտրատեղամասի անմիջապես մուտքի մոտ զինվորների կուտակում էր: Ասատրյանի պնդմամբ՝ Կողբի զորամասի պետ Խաչատուր Գուլանյանն ու քաղաքացիական հագուստով ևս մեկ անձ զինվորներին ուղղորդում են, որպեսզի ընտրեն Հանրապետական կուսակցության օգտին:

Ասատրյանն ասաց, որ իր այցից րոպեներ անց  Գուլոյանը լքել է զորամասի տարածքը, և ինքը չի հասցրել ֆիքսել նրան: «Հետքի» լրագրողի այցից րոպեներ անց էլ ընտրատեղամասի մուտքի դիմաց գտնվող զինծառայողներին ոստիկանները հրահանգեցին կանգնել տեղամասից որոշակի հեռավորության վրա:

Դրանից հետո տեղամասում տևական ժամանակ հանգիստ իրավիճակ էր, և լրագրողը լքեց ընտրատեղամասը: Քիչ անց, սակայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքի վստահված անձը դարձյալ ահազանգեց՝ հայտնելով, որ Գուլանյանը դարձյալ վերադարձել է, ընտրատեղամասում դարձյալ լարված իրավիճակ է:

Գուլանյանը` մեջտեղում

Կապ հաստատեցինք նաև Տավուշի թիվ 37 տարածքային հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանի հետ: Վերջինս նշեց, որ ինքը ահազանգ է ստացել ընտրատեղամասի տարածքում զինվորների կուտակումների վերաբերյալ, սակայն որևէ ահազանգ՝ կապված զինվորների նկատմամբ ճնշումների հետ, չունի:

Քիչ առաջ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչը դարձյալ ահազանգեց «Հետք»-ի լրագրողին՝ հայտնելով, որ Գուլանյանն արդեն «հասել է» քվեարկության սենյակ:

Դարձյալ կապ հաստատեցինք Գագիկ Աբովյանի հետ: Վերջինս այս անգամ հաստատեց հանգամանքը, որ Գուլանյանն ընտրատեղամասում է: Սակայն, տարածքային հանձնաժողովի նախագահի խոսքով, նա քվեարկության սենյակում չէ, այլ դրանից դուրս վերահսկում է քվեարկության եկած զինվորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter