
ՀԵՑ-ի բաժնետոմսերի 69,99%-ը կփոխանցվի «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով որոշեց «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունից ՀԷՑ-ի 69,99% բաժնետոմսերը սեփականության իրավունքով հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:
Ինչպես նշված է որոշման նախագծում՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունն է դիմել կառավարությանը` սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնետոմսերը «Տաշիր Կապիտալ»-ին փոխանցելու մտադրությամբ։
Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, դրա իրավաբանական հասցեն «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնն է։
Հիշեցնենք, որ Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը ձեռք էր բերել 2015-ի սեպտեմբերի 17-ին։ «Հետք»-ն անդրադարձել է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ առնչվող օֆշորային այլ ընկերություններին: Թեև «Տաշիր Կապիտալ»-ի մասին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում մանրամասներ չկան, քանի որ այն գրանցված է որպես փակ բաժնետիրական ընկերություն, նշենք, որ նրա իրավաբանական հասցեն` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնը, նույնպես կապվում է Սամվել Կարապետյանի անվան հետ:
Որոշման այս նախագիծը գործադիր ներկայացրել էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, որին էլ լիազորվել է կառավարության անունից ստորագրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 69,99% բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Տաշիր Կապիտալ»-ին փոխանցման պայմանների համաձայնությունը:
Մեկնաբանել