HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զրույց հայերեն» միջոցառումը, Օպերայում կառուցվելիք ռեստորանն ու շոգեբաղնիքը

Ապրիլի 6-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Զրույց հայերեն» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների կին դեսպանները և դեսպանների կանայք։ «Զրույց հայերեն» միջոցառումը սկիզբ է դնում  թանգարանի և օտարերկրյա ու հայաստանյան կազմակերպությունների ու գործիչների հետ համագարծակցությանը՝ ի նպաստ հայ և այլ մշակույթների համընթաց զարգացման և տարածման։ Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով՝ այս միջոցառումները շարունակական են լինելու։ Բացման խոսքում տնօրենը շնորհավորեց ներկա գտնվողներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ ասելով, որ առհասարակ այս տոնը պետք է կոչվեր մայրության, քանի որ մայրն արդեն գեղեցիկ է և աղջիկներն էլ այքանով են գեղեցիկ, որ մայր են դառնալու։                                                  

Բացման խոսքին հաջորդեց Տերյան մշակութային կենտրոնի «Անցյալի ապագա» ցուցադրությունը, որը սկսվեց Անուշիկ Հարությունյանի կատարումից հետո։ Ցուցադրվեցին յուրօրինակ և գեղեցիկ լուծումներով հայկական տարազներ։ Ցուցադրությունից հետո մշակույթի և սփյուռքի նախարարները թանգարանի տնօրենի և հյուրերի հետ շրջեցին ցուցասրահներով։ Հրանուշ Հակոբյանը Արմեն Ամիրյանին խնդրեց, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած հյուրերն անվճար գան, շրջեն թանգարաններով և ծանոթանան հայ մշակութային արժեքներին։ Նախարար Ամիրյանը ողջունեց նախարարի առաջարկը։

Միջոցառումը եզրափակեց պոլսահայ երգչուհի Սիպիլը՝ իր «Ավրորայի աղոթքը» երգի պրեմիերայով, որը նվիրված է ցեղասպանությունների հետևանքով ողբացող մանուկներին։ 

Միջոցառման ավարտին լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոսեց նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ կապված հարցերից: Մասնավորապես նա նշեց, որ մշակվում են նոր ենթակառուցվածքներ․ նախատեսվում է տանիքում կառուցել հատուկ սննդակարգով ռեստորան, որը անհրաժեշտ է բալետի պարուհիներին։ Ցանկություն կա նաև այնտեղ կառուցել շոգեբաղնիք: Ամիրյանի խոսքով՝ բալետի պարուհիները պետք է կորցնեն ավելորդ կիլոգրամները։ Նախարարը պատմեց նաև մարզասրահ կառուցելու մասին՝ նշելով, որ ժամանակին Օպերայում մարզասրահ է եղել։

Գլխավոր լուսանկարը՝ aysor.am-ի

Աննա Ավետիսյան   
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter