HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բնակիչները պատգամավորին փրկագի՞ն են վճարում իրենց հասանելիք բնակարանների համար

Վերջին ամիսներին մամուլը բազմիցս անդրադարձել է «Նորաշեն 2007» կոոպերատիվի պատմությանը, որն իրականում շատ ավելի խճճված գործ է, քան առաջին հայացքից կարող է թվալ: Միայն այն, որ նախաքննության ավարտից հետո ամբողջ քրեական գործը կազմել է 32 հատոր՝ մոտ 10.000 էջով, խոսում է այս պատմության մութ կողմերի ու ներքաշված հերոսների քանակի մասին: 

Արդեն գրվել է, որ դեռեւս 2007-ին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը եւ նրա գործընկեր Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանը կոոպերատիվի շահառուների հետ կնքել են նախավճարի պայմանագրեր, այսինքն՝ երբ կառուցվող բնակարանների համար ապագա տերերը ըստ սահմանված ժամանակացույցի կատարեին ողջ մուծումը, նրանց հետ պետք է կնքվեին առքուվաճառքի պայմանագրեր: Սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով խնդիրներ են առաջացել կոոպերատիվի 3 շենքերի շինարարության հարցում, ինչը «Նորաշեն 2007»-ի ղեկավարներին ստիպել է գումարներ փնտրել՝ գործն ավարտին հասցնելու համար:

Գտնվել են մարդիկ, որ տվել են գումար՝ բայց ոչ թե սովորական պարտքի տեսքով, այլ տոկոսադրույքով, ինչը համարվում է վաշխառություն եւ պատժվում օրենքով: Որպես գումարների վերադարձնելիության երաշխիք կոոպերատիվի ղեկավարները կիսակառույց բնակարանների առքուվաճառքի ձեւական պայմանագրեր են կնքել պարտատերերի հետ: Այլ կերպ ասած՝ կոոպերատիվի շահառուների ապագա բնակարանները որպես գրավ տրվել են գումար հատկացնող մարդկանց՝ պայմանով, որ շահառուների վերջնական մուծումներից հետո բնակարանները պետք է սեփականության իրավունքով փոխանցվեն այդ անձանց:

«Իրենք (Թադեւոսյանն ու Սամվելյանը) անընդհատ մեզ ասում էին՝ մի անհանգստացեք, ձեր տները կստանաք: Մեզ այդպես խաբում էին: Իրենք փող չունեին, մենք տուն էինք ուզում, մյուս կողմն էլ՝ իրենց գումարները. ահավոր վիճակ էր»,- պատմում է շահառուներից Գոհար Հովհաննիսյանը:

Թադեւոսյանի եւ Սամվելյանի գործունեությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, այս տարվա փետրվարի 16-ին Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Գործի հետագա քննությունն իրականացրել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը: Դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը, եւ երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Արդեն ապրիլին գլխավոր դատախազի ցուցումով գործն ընդունվել է հատուկ քննչական ծառայության վարույթ, կազմվել է քննչական խումբ:

Մարտի 14-ին Թադեւոսյանը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում ու տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ, հունիսի 7-ին գտնվել է նաեւ Սամվելյանը, ով այժմ «Վարդաշենում» է: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել 178-րդ հոդվածով: Ի հայտ են եկել այս գործի հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձինք, այդ թվում՝ հայտնի դեմքեր:  

«Քրգործ հարուցելուց հետո իրենց (Թադեւոսյանի ու Սամվելյանի) գրասենյակից շատ մեծ ցուցակներ, աշխատանքային տետրեր գտան: Այդ թվում՝ տոկոսով փող տված մարդկանց ցուցակը. մի 25-30 հոգու անուն կար, ու դեմքեր էին»,- պատմում են կոոպերատիվի ղեկավարների գործողություններից տուժած քաղաքացիները, որոնք արդեն ՀԿ են ստեղծել՝ իրենց շահերը պաշտպանելու համար: Նրանց ասելով՝ շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2009-ին, սակայն այսօր «Նորաշեն 2007»-ի 3 շենքից միայն մեկն է մինչեւ տանիք հասցվել, մեկի հարկերի հարթակներն են բարձրացված, մյուսինն էլ՝ միայն հիմքն է փորված: Գործով անցնողներից մեկը «Էսկո կոնցեռն» ՓԲԸ-ի հիմնադիր-նախագահ Սարգիս Աղաբեկյանն էր, որը նույնպես տոկոսով փող էր տվել: Ըստ շահառուների՝ Աղաբեկյանը որպես գրավ 23 տուն է վերցրած եղել, սակայն քրգործից հետո դրանք բոլորն էլ առանց գումար վերցնելու հետ է տվել իրական տերերին:

Քրգործի նախաքննությունն ավարտվել է, սակայն դեռ դատարան չի մտել. այս պահին կողմերը ծանոթանում են դրա մանրամասներին: Շահառուների պատմելով՝ միայն 6 հոգու մասով է դատավարություն կայանալու: Իսկ վաշխառուների մասով գործերը համաներման արդյունքում կարճվել են: Սակայն կարճման որոշումներն էլ են բավական, որ տուժողները դատարանում կարողանան հետ ստանալ գրավ դրված իրենց բնակարանները, որովհետեւ վաշխառուների եւ կոոպերատիվի ղեկավարության միջեւ կատարվել են անօրինական գործարքներ: Այժմ նման վիճակում գտնվող ավելի քան 40 քաղաքացի կա, սակայն ՀԿ-ի անդամներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասում է, որ այստեղ խնդիր չի լինի. «Որոշումը տանում ես դատարան, անվավեր ես ճանաչում գործարքը, մեկից մեկ է դա»:  

Շահառուները պայքարում են` պատգամավոր Նաղդալյանից իրենց տները վերադարձնելու համար

Այնուամենայնիվ, Չաուշի 14/3 շենքում կա 8 բնակարան, որոնց վերադարձի համար այժմ պայքար են մղում շահառուները: Նրանց հավաստմամբ՝ վաշխառուների վերոնշյալ ցուցակի մեջ եղել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի անունը, ով էլ ձեռք է բերել այս 8 ու եւս 6, ընդհանուր առմամբ՝ 14 բնակարան:  

«Նորաշեն 2007»-ի ղեկավարները Էջմիածնի (այժմ՝ Արարատի) հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի հետ ծանոթացել են Պետեկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանի միջոցով:

Հատված Ա. Թադեւոսյանի եւ Դ. Բեգլարյանի առերեսումից (11.05.2011), պատմում է Թադեւոսյանը. «Տոկոսով գումար ճարելու հարցով ժամանակին դիմել էինք Լուսաբեկի ծանոթ Ռազմիկ Ավագյանին, ով մի անգամ մեզ հանդիպեց, ասաց, որ իր ծանոթներից Դավիթ Բեգլարյանի հետ զրուցել է, եւ նա կարող է տոկոսով գումար տալ: Դրանից հետո մի քանի անգամ հանդիպել ենք Դավիթ Բեգլարյանի հետ, ասել, որ մեզ տոկոսով գումար է անհրաժեշտ: Այդ քննարկումներին ներկա ենք եղել ես, Լուսաբեկ Սամվելյանը եւ Դավիթ Բեգլարյանը: Սկզբում Դավիթ Բեգլարյանն ասել է, որ չի ցանկանում տոկոսով գումար տալ, սակայն ես եւ Լուսաբեկը նրան ասել ենք, որ մեզ ձեռնտու է ամսական 5 տոկոսով գումար վերցնել, եւ ի վերջո Դավիթ Բեգլարյանը համաձայնվել է մեր առաջարկին ու տվել այդ գումարը: Պայմանավորվել էինք, որ գումարը վերցնում ենք չորս ամիս ժամանակով»:

ՀԿ-ի անդամները պատմում են, որ մինչ այդ կոոպերատիվն արդեն գումար էր վերցրել նաեւ Ավագյանից, ու երբ Բեգլարյանը համաձայնել է 300.000 դոլար տալ, Ավագյանը դրանից անմիջապես վերցրել է իր ստանալիք պարտքը: 

Հատված առերեսման ժամանակ Ա. Թադեւոսյանի ցուցմունքից. «Դավիթ Բեգլարյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ նա մեզ տալիս է 300.000 ԱՄՆ դոլար՝ ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, իսկ մենք որպես գումարի վերադարձնելիության երաշխիք նրան ձեւական առքուվաճառքի պայմանագրերով տալիս ենք բնակարաններ: Հաշվարկն այնպես էր, որ գումարի դիմաց մեր գրավադրած տարածքը հաշվակվում էր 1 քմ-ն՝ 200 ԱՄՆ դոլարով: Պայմանավորված ժամանակահատվածում Դավիթ Բեգլարյանից ստացել ենք 300.000 ԱՄՆ դոլար, որի մի մասը ծախսել ենք շինարարության վրա, իսկ մնացածով մարել ենք նախկինում ունեցած պարտքերը:

Դրանից հետո նոտարական գրասենյակում առքուվաճառքի պայմանագրեր եմ կնքել Դավիթ Բեգլարյանի ներկայացրած անձանց հետ: Նշեմ նաեւ, որ դրանից հետո գումար չլինելու պատճառով Դավիթ Բեգլարյանին չենք կարողացել տոկոսագումարներ տալ եւ նրան խնդրել ենք, որպեսզի մայր գումարը եւ տոկոսները տանք շենքի շինարարությունն ավարտելուց եւ բնակիչներից գումարները գանձելուց հետո, ինչին Դավիթ Բեգլարյանը համաձայնվել է: Սակայն այդպես էլ չկարողացանք այդ գումարները վերադարձնել: Նորից եմ պնդում, որ նրա հետ կնքած կարծեմ 15 բնակարանի առքուվաճառքի պայմանագրերը կրել են ձեւական բնույթ, դա կատարվել է որպես նրանից տոկոսով վերցրած 300.000 ԱՄՆ դոլարի վերադարձնելիության ապահովման միջոց:

Նշեմ նաեւ, որ մինչեւ առքուվաճառքի պայմանագրեր կնքելը ես Դավիթ Բեգլարյանին տեղեկացրել եմ, որ այդ բնակարանների վերաբերյալ ունենք կնքած նախավճարի պայմանագրեր, եւ հենց մարդիկ կատարեն իրենց ողջ մուծումը՝ վերջնավճարը, ապա այդ բնակարանները պետք է սեփականության իրավունքով փոխանցվեն այդ անձանց: Այսինքն՝ ի սկզբանե Դավիթ Բեգլարյանն իմացել է, որ այդ բնակարանների նախնական պայմանագրեր են կնքված այլ անձանց հետ»: 

Բեգլարյանն առարկել է սրան. «Ինձ հետ առերես հարցաքննվող Արմեն Թադեւոսյանը ճիշտ ցուցմունք չտվեց, եւ նրա հետ տոկոսով գումարի մասին որեւէ խոսակցություն չի եղել: Արմենի հետ առաջին անգամ հանդիպման ժամանակ նա ինձ առաջարկել է իրենց տոկոսով գումար տալ, սակայն ես պատասխանել եմ, որ տոկոսով գումար չեմ տալիս, այդպիսի բաներով չեմ զբաղվում: Հետագա խոսակցության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ինձ վաճառում են ազատ բնակարանները՝ 1 քմ-ն՝ 260 ԱՄՆ դոլարով, միեւնույն ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հետագայում՝ գնորդ լինելու դեպքում, ես այդ բնակարանները պետք է վաճառեի իրենց նշած մարդկանց՝ ինձ շահեկան գնով՝ 1 քմ-ն՝ 350 ԱՄՆ դոլար գումարով:

Ես համաձայնվել եմ այդ առաջարկին, նրանց մի քանի փուլով վճարել եմ 300.000 ԱՄՆ դոլար, որից հետո Արմենի հետ կնքել ենք առքուվաճառքի պայմանագիր, եւ բնակարանները ձեւակերպվել են իմ մտերիմների անվամբ: Նորից եմ պնդում, որ ես ոչ թե տոկոսով գումար եմ տվել, այլ ես այդ բնակարանները գնել եմ՝ հետագայում դրանց մի մասը վաճառելու նպատակով: Բացի այդ՝ նշեմ, որ Արմեն Թադեւոսյանն ինձ չի ասել, որ այդ բնակարանների վերաբերյալ իրենք կնքել են նախավճարի պայմանագրեր»:

Շահառուները շեշտում են, որ իրենց պայմանագրերում 1 քմ-ն 700-750 դոլար է եղել, ու հնարավոր չէ, որ խոսք գնա 260-ով վաճառելու մասին: Այս հանգամանքը փաստում է նաեւ Թադեւոսյանը՝ նշելով, որ ավելի թանկ գնով ուզողներ կային, եթե վաճառելու լիներ, նրանց կտար. «Ես պնդում եմ իմ ցուցմունքը, որ Դավիթ Բեգլարյանին բնակարաններ չեմ վաճառել, այլ դրանք գրավադրել եմ նրա մոտ՝ նրանից ամսական 5 տոկոս տոկոսադրույքով վերցրած 300.000 գումարի դիմաց: Եթե ես ցանկանայի բնակարանները վաճառել, ապա այդ գնով՝ 260 ԱՄՆ դոլարով, դրանք չէի վաճառի, քանի որ նույն ժամանակ 1 քմ-ն 450-500 ԱՄՆ դոլարով բազմաթիվ գնորդներ կային: Այսինքն՝ վաճառելու դեպքում այդ գնով կվաճառեի եւ ոչ թե 260 ԱՄՆ դոլարով»: 

Այս պնդմանը Բեգլարյանը չի հակադարձել: Հետաքրքիր է նաեւ տեսնել այն 13 (14-ից մեկն ինքն է) մտերիմների ցանկը, որոնց անունով հարկայինի պաշտոնյան ձեւակերպել է բնակարանները: Եվ այսպես՝ մայրը՝ Օֆելյա Ստեփանյան, որդին՝ Հրանտ Աբաջյան, դուստրը՝ Նարե Բեգլարյան, կինը՝ Հերմինե Նաղդալյան, քենին՝ Գայանե Նաղդալյան, զոքանչը՝ Ռիմիկ Նաղդալյան, վարորդները՝ Գրիգոր Հարությունյան եւ Հրաչյա Հովհաննիսյան, վերջինիս աղջիկը՝ Լիանա Հովսեփյան, մորաքրոջ որդին՝ Գագիկ Նազարյան, վերջինիս կինը՝ Նարինե Գալստյան, հարեւանը՝ Մարտիկ Թավաքալյան, հարեւանուհին՝ Գոհար Սարատիկյան:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչու, ինչպես ինքն է ասում, վերավաճառելու, նույնն է թե շահ ստանալու նպատակով գնած բնակարանները հարկայինի պետ Բեգլարյանը պետք է գրանցեր վարորդի աղջկա կամ հարեւանների անունով: Պարզապես անտրամաբանական է նրա պնդումը, թե գնել է, որ հետո իրեն շահավետ գներով վաճառի իրեն վաճառած Թադեւոսյանի նշած մարդկանց:

Բնակիչները պատմում են, որ քրգործի հարուցումից հետո Հերմինե Նաղդալյանը հանդիպել է իրենց հետ, խոստացել լուծել շահառուների բնակարանների հարցը, բայց նաեւ խնդրել չշոշափել իր անունը: Միաժամանակ նշել է, որ իրենք գումարը տվել են պարտքով, եւ այս պարագայում իրենք էլ են տուժում: «6-8 ամիս խնդրում էր, անունը չէինք տալիս, ասում էր՝ տները կտամ, բայց հետո տեսնում ենք, որ չի տալիս, սկսում ենք բողոքի ակցիաներ անել իրենց նկատմամբ,- վերհիշում են բնակիչները:- Բեգլարյանը միշտ ասել է՝ Հերմինեի հետ բարեխոսեք, իր տներն են:

Գին ենք խոսացել, ասել է` ես գործ չունեմ, ինքը պիտի որոշի, իր տունն է: Մարդիկ պատրաստ են եղել 5.000, 10.000 դոլար փող տան, գրավից վերցնեն, 50.000-60.000-ոց տունը հո չե՞ն կորցնելու, ըտենց փողեր է վերցրել մարդկանցից, իրենք էլ պատրաստ են եղել: 6 հոգի փող են տվել, վերցրել են տները»: Այսինքն` ստացվում է, որ բնակիչները հավելյալ գումար են ծախսել` իրենց բնակարանները հետ ստանալու համար:

Սակայն այս դրվագը Դ. Բեգլարյանը հունիսի 7-ին ՀՔԾ-ում տված իր վկայության ժամանակ ներկայացրել է այսպես. «...Հետագայում իմացել եմ, որ իրականում այդ բնակարանների հետ կապված այլ անձինք, ովքեր միաժամանակ հանդիսանում են նաեւ կոոպերատիվի անդամներ, կատարել են նախավճարներ: Վերջիններս հանդիպել են ինձ եւ խնդրել այդ բնակարանները վաճառել իրենց, եւ ես նրանց օգնելու նպատակով որոշեցի չմերժել խնդրանքը, քանի որ նրանք նույնպես բնակարանների համար վճարումներ են կատարել, բացի այդ` անհամբեր սպասում են հիշյալ բնակարանները ձեռք բերելուն (նրանցից ոմանք բնակվում են վարձով):

Ներկայումս նշված անձանցից պայմանավորվածություն եմ ձեռք բերել Մարինե Ենոքյանի, Վիլեն Պետրոսյանի, Սուսաննա Մկրտչյանի եւ Գայանե Դանիելյանի հետ` ցածր գներով` յուրաքանչյուր բնակարանը 10-15.000 ԱՄՆ դոլարով իրենց վաճառելու վերաբերյալ: Մեկ բնակարանի վաճառքի վերաբերյալ, որը պատկանում է Շուշանիկ Աղաբաբյանին (գրանցված է եղբոր անվամբ), բանակցությունները շարունակվում են, եւ մոտակա օրերին այդ բնակարանի վաճառքի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի»:

Նախ նշենք, որ Շ. Աղաբաբյանն ու եւս 7 հոգի առ այսօր չեն ստացել իրենց բնակարանները, երկրորդ` համեմատենք առերեսման ու վկայության ժամանակ Բեգլարյանի ասածները: Վերեւում նա նշում է, թե գնած բնակարանները իրեն շահեկան գներով` 1 քմ-ն` 350 դոլարով, վաճառելու էր, իսկ այստեղ արդեն 10.000-15.000 դոլարի մասին է խոսում, այնինչ կոոպերատիվի շահառուները 5-6 անգամ ավելի թանկ գներ են վճարել «Նորաշեն 2007»-ի ղեկավարությանը` որպես նույն բնակարանների արժեք: Մի՞թե Բեգլարյանը, խղճի խայթ զգալով, որոշել է այդպիսի չնչին գներով «վերավաճառել» բնակարանները, որոնք, ինչպես ինքն է ասում, ձեռք է բերել 300.000 դոլարով, ասել է թե` արդյունքում վնա՞ս է կրել:

«Ակցիաների ժամանակ հասանք նրան, որ անձամբ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն ու ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանը ընդունեցին մեզ ու հավաստիացրին, որ այս գործից նախագահը տեղյակ է»,- պատմում են բնակիչները:

Նոյեմբերի 11-ին կայացրած որոշման մեջ գործը քննող խմբի քննիչ Վաղինակ Ջանազյանը գրել է. «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն 2009 թվականի նոյեմբերին ամսական 5 տոկոս՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով, նրանց տրամադրել է 300.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձնելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր:

...Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Դավիթ Բեգլարյանն Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին տված գումարների դիմաց վերջիններից տոկոսագումարներ չի ստացել, այսինքն` շահույթ չի ունեցել, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում է ՀՀ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը: ...Որոշեցի Դավիթ Գարունի Բեգլարյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով»:

Բնակիչները հավաստիացնում են, որ գիտեն, թե ինչ է եղել այս որոշումից հետո. «Դե, որոշման մասին ծանուցում են իրենց (կողմերին, տվյալ դեպքում` Բեգլարյանին- հեղ.), ներքին ինֆորմացիան հաստատ գիտենք: Թուղթը թափ է տվել (ի նկատի ունեն Հերմինե Նաղդալյանին - հեղ.) Ջանազյանի երեսին, թե` էս ի՞նչ ես գրել, պատասխան ես տալո՞ւ սրա համար, գլխիցդ ձեռ ես քաշե՞լ»:

Ջանազյանի որոշումից 4 օր անց` նոյեմբերի 15-ին, ավագ դատախազ Հ. Հարությունյանը որոշել է «Դավիթ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ. Ջանազյանի 2011 թ. նոյեմբերի 11-ի որոշումը վերացնել»: Դատախազը գտել է, որ «քննիչի կայացրած որոշումը չի բխում քրեադատավարական օրենքի պահանջներից եւ քրեական գործի նյութերից, որի պատճառով ենթակա է վերացման` հետեւյալ պատճառաբանությամբ. ...վարույթը կարճելիս եւ քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»:

Խոսքը Ջանազյանի որոշման մեջ Բեգլարյանի` տոկոսով փող տալու վերաբերյալ տողերի մասին է (ընդգծված են վերեւում): Հաջորդ օրն իսկ քննիչ Ջանազյանը նոր որոշում է գրել, որտեղ վերոնշյալ պարբերության փոխարեն ներկայացրել է կոոպերատիվի ղեկավարների ու Բեգլարյանի` իրար հակասող ցուցմունքները, ապա շարադրել է դատախազի որոշման մեջ տեղ գտած մտքերը. «Դավիթ Բեգլարյանի՝ Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին որոշակի տոկոսադրույքով գումար տալու հանգամանքը չի հաստատվել նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, ավելին՝ հերքվել է՝ ապացույցների համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ»:

Այդուհանդերձ, բնակիչները նշում են, որ իրենց համար այդպես էլ «մութ» է մնում, թե ինչպես է դատախազությունը փոխել գործի էությունը` գտնելով, որ քննիչի կայացրած որոշումը չի բխում քրեադատավարական օրենքի պահանջներից եւ քրեական գործի նյութերից՝ այդպիսով հանձնարարելով նրան փոխել որոշումը: Նրանք ասում են, որ այս վերջին որոշումից հետո նշված 8 բնակարանները դատարանով հետ ստանալու իրավական ոչ մի հիմք չկա: Եվ չնայած դրան` կոոպերատիվի շահառուները պատրաստվում են նախագահական նստավայրի դիմաց ակցիա անել ու նամակ հանձնել երկրի ղեկավարին, իսկ դատախազության դիմաց էլ կրկին ակցիայի տեսքով բողոքարկել դատախազի ու քննիչի վերջին գործողությունները: 

Սակայն սա դեռ ամենը չէ. «Նորաշեն 2007»-ի մութ պատմությունները շատ են, դրանցում ներգրավված են կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ: Բոլորն էլ կապ ունեն ֆինանսական զեղծարարությունների հետ: «Հետքը» շարունակաբար կհրապարակի նշված «դեմքերի» անուններն ու նրանց առանձին պատմությունները: 

Մեկնաբանություններ (5)

gajane
Ճիշտ են անում, բա որ ազնիվ լինեն նրանց ով պաշտոն կտա, տեսնենք արդարության ձայնը երբ կհասնի աստծուն.............
ara
SRAN HANGIS KARELI E AZGAYIN DZOXOVI NAXAGAH, VARCHAPET KAM MILPET DNEL, LRIV ARGZANI E
GERAS
SOS HARKAIN@ CHI KAROX STUGEL HANRAPETAKAN PATGAMAVORNERI OBEKTNER@ KANI VOR NRANK DABRO UNEN VERADASIC VOR IRENC OBJEKNERN EL ANDZERNAMXELI...
ARMEN
AMOT@ NA E ,VOR VAX@ MENQ PITI ES MRDKANC @NTRENQ PATGAMAVOR,BAYC IRANQ JOXOVRDI MASIN CHEN MTACUM MENAK IRANC SHAH@ ARAJ TANEN.ISK MER JOXOVURD@TUJUM E HENC IR @NTRACNERI KOXMIC.ARAJ ES HARGUM EYI ES PATGAMAVORIN,ISK HIMA AMOT IRAN...
GEGHAM
ETE MI KANI TARI ET NAENK APA KHISHEK VOR TVARKAC MARDIK IRENCIC VOCHINCH CHEIN NERKAYACNUM,,,,,HIMA TALANI SHNORHIV ARDEN OLIGARX EN,,,,,,,,,,,TESNES VOR KUSAKCUTUNIC EN ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter