HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու համար մեղադրվող Լոռու մարզի դատավորի վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Կաշառք ստանալու մեղադրանքով  8 տարվա ազատազրկման դատապարտված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց. դատավորի պաշտպանները դատարան չէին ներկայացել: 

Պաշտպան Կարեն Թումանյանը դատարանին հայտնել էր, որ վատառողջ է և խնդրել հետաձգել  նիստն, իսկ մյուս պաշտպանը`Ռուբեն Հակոբյանը հեռախոսազանգի միջոցով դատարանին տեղեկացրել էր, որ Սպիտակում է և մերկասառույցի պատճառով չի կարողանում հասնել դատարան:

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 25-ին  ԱԱԾ-ն  հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը` ներկայացնելով նաև տեսանյութ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում դատավորին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, այն է` պաշտոնատար անձի՝ դատավորի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձևով կաշառք ստանալը`առանձնապես խոշոր չափերով:

Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի՝ դատավոր Խաչատուր Խաչատրյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

 Առաջին ատյանի դատարանը Խաչատրյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել` նրան դատապարտելով 8 տարի ժամկետով ազատազրկման, ինչը բողոքարկվել է դատավորի պաշտպանների կողմից: 

Վերջիններս պահանջում են ամբողջությամբ բեկանել Խաչատուր Խաչատրյանի վերաբերյալ 2016-ի օգոստոսի 4-ին կայացված դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Խաչատուր Խաչատրյանի անմեղությունն, իսկ արդարացնելու հիմքեր չգտնելու դեպքում՝ սահմանել ավելի մեղմ պատիժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter