HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասֆալտի վրա դժվար է մշակույթ ստեղծել», - Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն

Մեկ օր Կողբի գեղարվեստի դպրոցում

«1990-ականների վերջին, երբ հիմնադրում էինք Կողբի գեղարվեստի դպրոցը, մտածում էինք, որ կա կորած սերունդ, որն ունի շփման, ինքնադրսևորման  կարիք, ինչը  կորցրել էր պատերազմի, սովի տարիների պատճառով», - ասում է սահմանամերձ Կողբ համայնքի գեղարվեստի դպրոցի հիմանդիր նկարիչ Կարապետ Ղուլիջանյանը, հետո ավելացնում, որ դպրոցը  90-ականների սերնդի համար եղել է կորցրածը վերականգնելու միջոց,  «արտ-թերապիա»:

Տավուշի Կողբ համայնքում գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1999-ին Կարապետ Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Դպրոցի առաջին աշակերտները եղել են նկարչի դուստրը՝ Սաթենիկը, և որդին ՝ Արան:

«Իմ երեխաները սկսել էին իմ նկարներից նկարել, արտատպել, որոշեցի ուղղություն ցույց տալ: Հետո մտածեցի՝ կլինեն այլ երեխաներ ևս, ովքեր կցանկանան նկարել սովորել: Մեզ միացան իմ ընկերների երեխաները: Կողբի մշակույթի տանը մի սենյակ վերցրինք, առաջին աշակերտներն էլ բուհ ընդունվեցին, հետո դարձան մեր դպրոցի ուսուցիչներ»,- պատմում է նկարիչը։

Գեղարվեստի դպրոցը հիմնադրման օրից անվճար է, սովորում են ոչ միայն Կողբ համայնքի երեխաները, այլև աշակերտներ են հաճախում հարևան համայնքներից։ Դպրոցում տարիքային սահմանափակում չկա: «Ամեն օր փոխվում է աշակերտների թիվը, յոթ համայնքերից մոտ 60 աշակերտ ունենք, որոնցից մի մասը սովորելուց և բուհեր ավարտելուց հետո լրացնում են մեր շարքերը», - ասում է դպրոցի հիմնադիրը:

Դպրոցում գործում է գծանկարչության, գունանկարչության, կոմպոզիցիայի, հագուստի մոդելավորման, խեցեգործության, կարպետագործության, փայտի փորագրության և եռաչափ մոդելավորման դասընթացներ: Կարապետ Ղուլիջանյանը նշում է, որ դպրոցի սաներից մի քանիսը խորացել են մանրանկարչության մեջ, մի քանիսն աշխատում են հրուշակեղենի ձևավորման բնագավառում, ոմանք էլ դարձել են  քանդակագործներ:

Գեղարվեստի դպրոցում մեր գտնվելու պահին այցելության էին եկել  Զորական համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները: Դպրոցի ուսուցիչներից Աննա Նասիբյանն աշակերտների հետ շրջում էր, ներկայացնում աշխատանքները` մանրանկարները, նկարազարդ ծաղկամանները, «Երեքնուկ» ստեղծագործական խմբի կաշվե գործերը:

Զորականի դպրոցի աշակերտների հետաքրքրասիրությունը ձեռքի աշխատանքի նկատմամբ նկատելով` Կարապետ Ղուլիջանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք նրանցից մեջ կան նկարել սովորել ցանկացողներ: Դպրոց այցելած հյուրերը միանգամից ձեռքերը վեր բարձրացրին:

«Իհարկե, բոլորը չեն դառնալու նկարիչներ, բայց մենք հնարավորություն ենք տալիս ցանկացողներին ուսումնասիրելու նկարչության ճյուղերը: Այս ամենը մի նպատակ ունի, որ երեխաներն իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու վայր ունենան, ստեղծագործելու հնարավորություն ստանան, երիտասարդները մնան իրենց հայրենիքում», - ասում է Կարապետ Ղուլիջանյանը։

Զորականի դպրոցի աշակերտներին երկրորդ հարկում` համակարգիչների սենյակում, նորից հանդիպեցինք, այս անգամ նրանց եռաչափ մոդելավորման խմբակի մասին պատմում էր Արա Ղուլիջանյանը, ով «Հետքի» հետ զրույցում նշեց, որ կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը արվեստում:

«Շատերին թվում է, որ արվեստը հնացած է, արվեստը ստորադասում են: Այսօր օրինակ եռաչափ մոդելավորումը, հագուստի մոդելավորումը ցույց են տալիս, որ կարելի է տարբեր ոլորտներում աշխատել: Ժամանակը ցույց է տալիս, որ քո սիրած աշխատանքն անելու համար կարող ես լինել աշխարհի տարբեր ծայրերում, կապ չունի Երևանում, թե Կողբում»,- ասում է  եռաչափ մոդելավորման ուսուցիչ, դպրոցի առաջին սան Արա Ղուլիջանյանը:

Արվեստագետը պատմում է, որ եռաչափ մոդելավորման ոսկերչական խմբակ ստեղծելու գաղափարն առաջացել է ՝ հաշվի առնելով ժամանակակից միտումները, որի շնորհիվ հնարավոր է զարդեր պատրաստել, մոդելավորել, ավանդականի հետ ժամանակակից մեթոդները ներկայացնել:

«Մենք շեշտը դրել ենք ստեղծագործականության վրա: Նկարչության հիմնական տարրերը սովորելուց հետո եռաչափ մոդելավորման վրա աշակերտները կարողանում են ստեղծագործել, ոչ թե պատճենել ուրիշի աշխատանքները: Թղթի վրա նկարում են, մոդելը պատկերում  համակարգչում, այնուհետև ոսկերչական գործիքների միջոցով կերտում մտածածը»:

Աստծու կողմից մեզ տրված բարիքը  փորձում ենք օգտագործել  ի նպաստ մեր աշխատանքի

«Նկարչի աշխատանքը  թերի կլինի, եթե չկապենք այն բնության զարթոնքի, ծաղկման, ինչպես նաև տերևաթափի շրջանների հետ: Եթե յոթ ամիս նկարչությունը դասավանդվում է արվեստանոցում, ապա նկարիչը գոնե 3 ամիս պիտի բնության մեջ լինի»,- ասում է Կարո Ղուլիջանյանը, հետո ավելացնում, որ գեղարվեստի դպրոցն արդեն 13 տարի է` պլեներ է կազմակերպում համայնքին մոտակա հանդամասերում:

Արվեստագետը ասում է, որ այսօր ճամբարային հիմնական տարածք ունեն` «Տվերագեղցի» հանդամասում, որտեղ դպրոցի ներկայիս և նախկին սաները, ուսուցիչները, արվեստագետներն իրենց հանգիստն են անցկացնում եւ նկարում:

Գեղարվեստի դպրոցի աշակերտուհի Մերի Մուրադյանը ասում է, որ պլեների մասին  ընկերներից է լսել,  որոշել է մասնակցել: «Ընկերներս ասում էին, որ այնտեղ անցկացրած ամեն օրը տարբերվում է: Այս տարի ես էլ մասնակցեցի:  Այնքան հագեցած էր անցնում ժամանակը. նկարում էինք, դասական երաժշտություն լսում, գիշերում վրաններում, նույնիսկ սոցցանցեր մտնելու ժամանակ չունեինք»,-ասում է Մերին:

Իսկ դպրոցի նախկին սան Անի Գուլքանյանն էլ նշում է, որ ինքն այս ամառ  5-րդ անգամ է մասնակցել պլեներին։ Նա պատմում է, թե ինչպես են երեկոյան վրանի շուրջ հավաքվել, երգել ու պարել: «Վրաններում լսում էինք գայլերի ոռնոցներ, հագուստի միջից երբեմն դաշտային փոքր մկներ էինք գտնում կամ սողունների հանդիպում տարածքում շրջելիս, բայց  այդ ամենը մեզ օգնում  էր ավելի լավ ճանաչել բնությունը, զգալ ազատությունը, մի քանի րոպե ձուլվել բնության հետ, իսկ հետո արտացոլել մեր նկարներում»,-ասում է Անին:

«Թյուր կարծիք կա, որ արվեստը կենտրոնացած է մեծ քաղաքում: Ասֆալտի վրա դժվար է մշակույթ ստեղծել: Կլինի միայն քաղաքային արվեստ, իրական արվեստը ստեղծվել է բնության հետ շփումից: Գյուղը, բնությունը ծառը, թուփը ոգեշնչող հատկություն ունեն»,- ասում է Կարապետ Ղուլիջանյանը։

Նկարիչը հայտնում է նաև, որ իր սաների մեջ ճամբարի միջոցով փորձում է բնության նկատմամբ հոգատարություն առաջացնել, ուստի հիմնել են «Մաքուր Կողբ» ծրագիրը, և աղբյուրների, ձորակների մոտ կուտակված աղբը մաքրում են:

Դպրոցի աշխատանքը համակարգված լինելու համար մի քանի ամիս առաջ ՀԿ են հիմնել, իսկ գեղարվեստի դպրոցի երկրորդ հարկում բացել են ցուցասրահ-կինոդահլիճ:

«Մեր համայնքում չկար նման վայր, ցուցասրահ, որտեղ մարդիկ կարողանային շփվել մշակույթի հետ, կտրվեին առօրյա հոգսերից: Ցուցասրահ-կինոդահլիճը ակտիվացնում է համայնքի մշակութային կյանքը: Յուրաքանչյուր շաբաթ ցուցադրվում են օսկարակիր կամ հայկական լավագույն ֆիլմեր»,-ասում է Արա Ղուլիջանյանը:

Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրենը, ուսուցիչները ասացին, որ իրենց աշխատանքները ներկայացնում են ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, մասնակցում ցուցահանդես-վաճառքների, ստացած հասույթի մի մասն էլ օգտագործում  դպրոցի կարիքները հոգալու համար:

Ամալյա Մարգարյան

Լուսանկարները` հեղինակի և Կողբի գեղարվեստի դպրոցի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter