HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Փոխնախարար. «Բացարձակ համամիտ չենք, որ պարտադիր աուդիտը լրացուցիչ բեռ է լինելու»

Հայաստանյան խոշոր ընկերությունների համար ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտի պահանջը վերականգնվում է։ Այն գործեց 2011-2014 թվականներին, որից հետո հանվեց։ Ֆինանսների նախարարությունը փաթեթ է մշակել. աուդիտի պահանջը վերադառնում է, բայց՝ փոփոխված տեսքով։ Ըստ այդմ՝ պահանջը վերաբերելու է այն ընկերություններին, որոնք կհամապատասխանեն նշված երեք չափանիշներից առնվազն երկուսին՝ տարեկան հասույթը կգերազանցի 2 մլրդ դրամը, համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքը՝ 2 մլրդ դրամը, աշխատակիցների քանակը՝ 50-ը։ Թեմայի մանրամասների շուրջ «Հետք»-ը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի հետ։

Պրն Անանյան, փաստորեն, պարտադիր աուդիտը նոր կարևորություն է ստանում։ Ինչու՞ այն 2014-ին հանվեց։

Ֆինանսական գիտության մեջ ֆինանսական տեղեկությունը օգտագործողներին բաժանում են յոթ խմբի՝ կազմակերպության մենեջմենթը, ներկա և պոտենցիալ բաժնետերերը, կազմակերպության աշխատակիցները, փոխատուները, օրինակ՝ բանկերը, պետական մարմինները, գնորդներն ու մրցակիցները և վերջում՝ հասարակությունը։ Ֆինանսական տեղեկությունները շատ կարևոր են որոշում կայացնելու համար։ Աուդիտորն այդ ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրելուց հետո տալիս է անկախ եզրակացություն։ Հետևաբար, այդ յոթ խմբի համար ֆինանսական հաշվետվությունները դառնում են արժանահավատ։

Մենք հիմա ոչ թե վերականգնում ենք պահանջը, այլ վերականգնում ենք արդարությունը, որովհետև կարծում ենք, որ դեռևս 2011 թվականին, երբ ներմուծվեց պարտադիր աուդիտի նորմը, դա պատահականություն չէր։ Ըստ էության, դա աուդիտի եվրոպական չափանիշներին համապատասխանելու մեր պետության դրսևորումն էր։ Մի շատ կարևոր բան տեղի ունեցավ 2014-ին։ Պարտադիր աուդիտի նորմը հանվեց, բայց խոշոր կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվություններ հրապարակելու նորմը մնաց։ Ստացվեց, որ հաշվետվություններ հրապարակելու իրավական պահանջ կա, բայց դրանք աուդիտի ենթարկելու պահանջ չկա։ 2014-ին, ըստ էության, հանվեց ֆինանսական տեղեկատվությունը արժանահավատ դարձնելու գործիքը։ Մենք այն ժամանակ էլ դեմ էինք։ 2014-ին աուդիտի նորմը հանելուն զուգահեռ կային այլ նախաձեռնություններ։ Պարտադիր աուդիտի նորմը որոշվել էր փոխարինել այլընտրանքային ստուգումների ներմուծմամբ, որը պետք է իրականացներ հարկային մարմինը։ Այն ժամանակ մենք մասնագիտական մեծ դժգոհություն արտահայտելու արդյունքում կարողացանք այդ ստուգումներ ներմուծելու գաղափարը հանել օրակարգից։ Բայց չկարողացանք ասել, որ եթե դա հանում ենք, ապա մյուսը (պարտադիր աուդիտի նորմը-հեղ.) պետք չի հանել։ Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ պարտադիր աուդիտը հանվեց, բայց ֆինանսական հաշվետվություններ հրապարակելու նորմը պահպանվեց։

Սակայն տեսնում ենք, որ խոշոր կազմակերպությունների փոքր մասն է միայն հրապարակում  հաշվետվությունները։ Որքանո՞վ եք հետևողական այս խնդրին։

Հաշվետվությունները չհարապարակողների համար տուգանքը  սահմանված է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով։ Ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելն առաջացնում  է 50 հազ. դրամի տուգանք։ Եվ երկու ամսվա ընթացքում այդ խախտումը չվերացնելը՝ 500 հազ. դրամի։

Գործնականում նրանք չեն տուգանվում, որովհետև տուգանք սահմանելու գործիքներն այսօր հստակեցված չեն։ Մենք դրա համար ենք այսօր այս բարեփոխումներն առաջարկում։ Տեսեք՝ կա իրավական նորմ, կա վարչարարության գործիք, բայց չկա իրականացնողը։ Ինչու՞՝ որովհետև  բազմաթիվ հարցերի պատասխաններ մենք չենք գտնում օրենսդրության մեջ։ Ի՞նչ բան է հաշվետվություններ պարտադիր հրապարակելը՝  այսօրվա պահանջով այն կարող է հրապարակվել տպագիր տեսքով, մամուլում և այլն, ինչը վերահսկելի չէ։ Մենք այս բարեփոխումների շրջանակում առաջարկում ենք աուդիտի եզրակացությունն ու հաշվետվությունները հրապարակել մեկ տեղում՝ Ազգային վիճակագրական ծառայության վարած ձեռնարկությունների ռեգիստրում։ Մենք տեսնելու ենք՝ եթե այնտեղ չկա այն, ուրեմն հրապարակված չէ։ Իսկ եթե հրապարակված չէ, ուրեմն օրենսդրությամբ  նախատեսված պատժամիջոցները պետք է ամբողջությամբ կիրառել։

Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը։

Կրկին «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով սահմանված։

Իսկ եթե այդ պատժամիջոցներն այսօր չեն ստիպում խոշորներին հրապարակել իրենց հաշվետվությունները և մանևրելու տեղ տալիս, ի՞նչ երաշխիք ունեք, որ դրանք կստիպեն պարտադիր աուդիտի ենթարկվել։

Ոչ մեկը ոչ մի բանի երաշխիք չի կարող տալ։ Ենթադրենք, մենք ունենք իդեալական օրենսդրություն, բայց չունենք այդ օրենքներից օգտվելու մշակույթ, կամ ոչ սուբյեկտիվ կիրառելու մշակույթ, մենք չենք կարող այդ հարցի պատասխանը տալ։ Մենք ավելի շատ պետք է գնանք մշակույթ սփռելու ճանապարհով, քան երաշխիքներ փնտրելու։

2011-14թթ., երբ աուդիտը պարտադիր էր, ի՞նչ օգուտներ տվեց։

Պետությունը դժվար կարողանա հստակ պատասխանել այդ հարցին, քանի որ պետությունը վերևում նշված տեղեկություն օգտագործողների յոթ խմբերից միայն  հինգերորդն է։ Հարցը ճիշտ է տալ՝ մենեջմենթին, հանրությանը, աշխատողներին։ Պետությունը՝ կոնկրետ ի դեմս Ֆինանսաների նախարարության, միայն կարող է գնահատել, որ երկրում պարտադիր աուդիտի մշակույթ է ձևավորվում, ու դա շատ լավ է։ Մինչև 2011-ը Հայաստանում արդեն իսկ ձևավորված էր աուդիտի մշակույթը, իսկ 2011-14թթ. ուղղակի ասուդիտի բում ստացվեց։ Բացի դրանից, կոնկրետ որևէ առարկայական գնահատական նախարարությունը չի կարող տալ։

Աուդիտը կրկին պարտադիր դարձնելու վերաբերյալ հանրային քննարկումներ եղե՞լ են։

Մեկ անգամ մասնագիտական քննարկում կազմակերպեցինք աուդիտորական կազմակերպությունների, Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, ՓՄՁ ներկայացուցիչների հետ։ Հետո ոլորտի հասարակական կազմակերպություններից ստացանք իրենց տեսակետները, ամփոփեցինք ու ուղարկեցինք արդեն հանրային լայն քննարկման՝ Կենտրոնական բանկ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Գործարարների միություն և այլն։ Խնդրել ենք, որ իրենք էլ իրենց խողովակներով քննարկումներ կազմակերպեն։

Գործարարներից ի՞նչ արձագանք ստացաք։ Դեմ կարծիքներ արդեն հնչել են։

Նման կարծիք չենք ստացել իրենցից։ Դեմ կարծիքներ կարող են լինել։ Մենք ցանկացած կարծիք հարգում ենք։ Օրինակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դիրքորոշման մեջ էլ կա որոշակի վերապահում, որ կարող է հանկարծ աուդիտը տնտեսվարողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնի։ Մենք բացարձակ չենք կիսում այդ տեսակետը։

Ինչու՞։

Որովհետև մենք ուզում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ ընկերությունները ևս հասկանան՝ թափանցիկ գործելը որոշակի արժեք ունի։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք, որ հանրությունն ունենա արժանահավատ տեղեկություն, դա որոշակի արժեք ունի։ Եթե մենք մտածում ենք միայն տնտեսվարող սույբեկտի մասին և չենք մտածում այն յոթ խմբի մասին, որոնք ֆինանսական տեղեկություններ օգտագործողներն են, նշանակում է, որ մենք, կարծես թե, կիսատ ենք անում մեր գործը։ Եթե դու հիմա գործարարների շրջանում հանդիպեք մի բաժնետիրոջ, որն ասի՝ ինձ աուդիտ պետք չի, ես շատ խիստ կզարմանամ, որ նա ընհանրապես տեղեկացված չէ կոորպորատիվ կառավարման մշակույթից։ Եթե մի բաժնետիրոջ չի հետարքրում իր ֆինանսական հաշվետվությունները, նշանակում է՝ նա տվյալ կազմակերպության վրա ներգործելու այլ լծակներ ունի։ Հետևաբար, նա չի ցանկանա, որ իր հաշվետվություններն ավելի թափանցիկ, ավելի արժանահավատ  լինեն։

Նաև տեսակետ կա, որ եթե պետությունը աուդիտի պահանջ է դնում, թող պետությունն էլ վճարի աուդիտորներին։

Ինչու՞ պետք է պետությունն այդ ֆինանսական բեռն իր վրա վերցնի։ Եթե որևէ գործարար նման կարծիք է հայտնել, ես ձեռնպահ կմնայի նրան գործարար կոչելուց, որովհետև իրական գործարարը պետք է հասկանա, որ առաջին հերթին իրեն է պետք է այդ ֆինանսական տեղեկության արժանահավատությունը։ Իսկ պետությունը խաղի կանոններն է թելադրում։ Երբ պետությունը տեսնում է, որ կազմակերպությունն ինքը չունի իրեն աուդիտի ենթարկելու կոորպորատիվ էթիկա, պետությունն ուղղակի օերնսդրությամբ միջամտում է։ Քաղաքակիրթ աշխարհը սահմանում է պարտադիր աուդիտի նորմեր զուտ նրա համար, որ տեղեկությունների կարիք ունեցող խմբերին ապահովի օբյեկտիվ ու ճիշտ տեղեկություններով։ Եթե մենք՝ որպես գործարարներ, դեռ չենք հասունացել այնքան, որ ինքներս մեր կամքով հաշվետվությունները աուդիտի ենթարկենք, ուրեմն պետք է պետությունը որոշակի քայլերով ստիպի դա։

Կարող են լինել նաև այնպիսի գործարարներ, որոնք աշխատում են բացարձակապես թափանցիկ։ Իրենց ֆինանսական հաշվետվությունները հապարակում են և համոզված են դրանց արժանահավատության վրա, աուդիտի կարիք չեն տեսնում։ Նրանց էլ կարելի է ասել, որ իրենց էլ է աուդիտ պետք, քանի որ իրենք կարող են շատ բաներ չնկատել ու պետք է անկախ մասնագետը գա, ուրիշ գործիքակազմով ստուգի և անկախ տեսակետ հայտնի։

Ըստ Ձեզ՝ պարտադիր աուդիտը կարո՞ղ է նպաստել ստվերի կրճատմանը։

Ես ձեռնպահ կմնամ ասել, որ պարտադիր աուդիտն ուղղակիորեն ազդում է ստվերի կրճատման վրա։ Ստվերի դեմ պայքարը պետք է ոչ թե պարտադիր աուդիտով իրականացվի, այլ հարկային վարչարարության ամուր լծակներով ու գործիքակազմով։ Ստվերում գործող կազմակերպությունները հիմնականում թաքցնում են եկամուտները։ Իսկ աուդիտը ստվերային եկամուտներ հայտնաբերելու գործառույթներ չունի։ Երբ կարողնանք հասնել նրան, որ Հայաստանում ձևավորվի աուդիտի շատ թափանցիկ դաշտ, այսինքն՝ միայն այնպիսի կազմակերպություններ լինեն դաշտում, որոնք կգործեն բացառապես մասնագիտական էթիկային համահունչ, ապա, ամենանայն հավանականությամբ, այն կազմակերպությունների գործունեության նկատմամբ, որոնք եկամուտներ կթաքցնեն, պարտադիր աուդիտի ենթարկվելուց հետո կասկածներ կառաջանան։ Դա արդեն պետք է հետաքրքրի հարկային մարմիններին։

Հայաստանում որոշակի թերահավտություն կա աուդիտորական ընեկությունների նկատմամբ։ Ի՞նչ եք կարծում՝ այդ ընկերությունների անկախության մակարդակը թույլ կտա՞, որ  պարտադիր աուդիտի պահանջն իր բուն նպատակին հասնի։

Մենք ունենք շատ լավ ձևավորված աուդիտորական միջավայր։ 30-ից ավելի ընկերություն կա այդ դաշտում։ Շուկան ձևավորվել է ազատ մրցակցության հիման վրա։ Միշտ էլ մենք ունենալու ենք այնպիսի կազմակերպություններ, այդ թվում՝ աուդիտորական շուկայում, որոնց համար ասուդիտի էթիկային համահունչ շարժվելը ամենօրյա վարքագիծ չէ։ Բայց մեր բոլորի խնդիրը, որակի նկատմամբ վերահսկողություն սահմանելով, այդ կազմակերպություններին ուղղակի դաշտից դուրս մղելն է։

Ըստ նախնական հաշվարկների՝ քանի՞ ընկերություն կենթարկվի պարտադիր աուդիտի։

Տարբեր գնահատականներով՝ շուրջ 250։ Նախկինում՝ 2011-14թթ., շուրջ 950 էր, քանի որ դրան ենթարկվում էին 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցողները։ Այսինքն՝ շեմն ավելի ցածր էր։ Մենք դեռ նախկինում էլ խնդրում էինք վերանայել չափանիշները։ Գտնում էինք, որ այդ 950-ի շրջանակներում կային ընկերություններ, որոնց աուդիտի ենթարկելը տրամաբանական չէր։ Հետևաբար, պետք էր այնպիսի չափանիշներ սահմանել, որ պահանջը հավասարակշռված լիներ։ Կարծում ենք, որ այսօրվա ներկայացված տեսքով այդ պահանջն հավասարակշռված է լինելու։

Կենտրոնական բանկն, օրինակ, չափանիշներ է սահմանել, թե որ աուդիտորական ընկերությունները կարող են աուդիտ իրականացնել ֆինանսական ոլորտում։ Դուք նոր փոփոխություններով նման չափանիշներ սահմանե՞լ եք։

Ոչ։ Նման որևէ չափանիշ կամ սահմանափակում այս դեպքում չկա։

Ի՞նչ ընթացք եք նախատեսել փոփոխությունների ընդունման համար։

Հավանաբար ապրիլի վերջին և մայիսի սկզբին Կառավարությունում կքննարկվի այն։ Ազգային ժողովում կներկայացվի հունիսին։ Հնարավոր է ընդունվի՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մենք նախատեսել ենք, որ ընկերությունները պարտադիր աուդիտի կենթարկվեն 2019-ի հունվարի 1-ից՝ 2018-ի հաշվետվությունների հիման վրա։ 2018-ին օրենսդրության փոփոխության ներքին իրավական ակտերի կիրակումն ապահովող խնդիրներով պետք է զբաղվենք։ Փոփոխությունների փաթեթը հետևյալն է՝ փոփոխություններ «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքներում, և նոր օրենքի ներմուծում՝ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության» մասին։

Լուսանկարը՝ ՀՀ ֆինանսների նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter