HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը պայմանական ազատման որոշում է ակնկալում դատարանից

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անկախ հանձնաժողովի ներկայացուցչի`դատարան չներկայանալու պատճառով արդեն երկու անգամ հետաձգել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատ արձակման դիմումի քննությունը: Այսօր նշանակված նիստին էլ անկախ հանձնաժողովի ներկայացուցիչն առանց համապատասխան լիազորագրի էր եկել, ուստի չէր կարող պատշաճ կերպով ներգրավվել ու մասնակցել դրան: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պատրաստվում էր հերթական անգամ հետաձգել գործի քննությունը, սակայն Վոլոդյա Ավետիսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արաքս Մելքոնյանն առաջարկեց դատական նիստերն անցկացնել առանց անկախ հանձնաժողովի ներկայացուցչի`չնայած այն հանգամանքին, որ իրեն հետաքրքիր է, թե ինչու է այդ հանձնաժողովը դեմ, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվի:

Ավետիսյանը մեղադրվել և դատապարտվել է խարդախության և խարդախությանփորձի մեջ․ ըստ քրեական գործի՝ քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինսթոռանը բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում «հարցեր լուծելու» համար, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, անազատության մեջ է 2013-ի սեպտեմբերից: Նույն տարում հայտարարված համաներումով պատժաչափի կրճատման արդյունքում ազատ կարձակվի այս տարվա մայիսին, սակայն փաստաբանը ցանկանում է օր առաջ ազատել նրան:

Կալանավայրում պատժի կրման ընթացքում քրեակատարողական վարչությունն արդեն 6 անգամ դրական բնութագիր է տվել Ավետիսյանին, հայտնել, որ վերջինս պատիժը կրելու կարիք այլևս չունի ու ազատ արձակման ներկայացրել, սակայն անկախ հանձնաժողովը մերժել է նրա վաղաժամ ազատման դիմումներն`առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:

Փաստաբանը, սակայն, այսօր դատարանում չի վիճարկում անկախ հանձնաժողվի որոշումը, այլ հղում կատարելով միջազգային իրավական նորմերին ու ՀՀ օրենսդրությանը, պնդում է, որ անձն ինքն ինքը կարող է իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով դիմել դատարան, և այդ իրավունքից օգտվելով է, որ իրենց դիմել են դատարան՝ հայցելով, որպեսզի վերջինս որոշում կայացնի Վոլոդյա Ավետիսյանի`պայմանական ազատ արձակման վերաբերյալ:

Երբ փաստաբանը ներկայացնում էր իր դիմումի էությունը, դատավոր Գաբրիելյանը հիշեցրեց, որ քրեակատարողական օրենսդրության համաձայն`անձի ազատ արձակման վերաբերյալ նախ պետք է անկախ հանձնաժողովը դրական եզրակացություն տա, որից հետո միայն ՔԿՀ-ն համապատախան միջնորդագիր ներկայացնի դատարան: Դատավորի խոսքով`այս դեպքում համապատասխան ընթացակարգը չի պահպանվել:

«Այդ ընթացակարգը վերաբերում է վարչակազմին, այլ ոչ անձին. անձն իրավունք ունի իր անազատության շարունակականության, այդ թվում պայմանական ազատ արձակման հարցը դատարանի կողմից քննության առարկա դարձնելու: Ձեր նշած որևէ հանգամանք չի բացառում անձի իրավունքը`անձամբ դիմելու դատարան»,- բացատրեց Արաքս Մելքոնյանը:

Այն բանից հետո, երբ դատավորն ընկալեց իր կողմից վարույթ ընդունված գործի էությունը, անկախ հանձնաժողովի անդամին ասաց, որ վերջինս ազատ է, քանի որ, փաստորեն, հանձնաժողովի կողմից կայացված որոշումը նիստի քննարկման առարկան չէ, և դատական նիստը շարունակվեց:

Արաքս Մելքոնյանը շարունակելով իր խոսքը, նշեց, որ ինքը դիմումը ներկայացրել է ուղիղ դատարան, քանի որ ՀՀ օրենսդրությամբ՝ բացառապես դատարանն է այն մարմինը, որը կայացնում է վերջնական որոշում, այսինքն՝ որոշում անձին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, եթե անձը այլևս չունի պատժի կրման կարիքը: Ըստ Մելքոնյանի՝ որևէ այլ մարմնի կողմից անձի վաղաժամ ազատմանը հավանություն չտալու հանգամանքը չի կարող անձի համար արգելք լինել, որպեսզի նա դիմի դատարան՝ իր անազատության շարունակականության հարցով:

Փաստաբանը շեշտեց, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը ազատազրկումը վիճարկելու անձի իրավունքը մեկնաբանելիս նշել է, որ դա պետք է դիտարկվի այնպիսի մարմնի կողմից, որը ազատազրկումից վերջնական ազատելու իրավասություն ունի:

«Հայաստանի օրենսդրությամբ այդ մարմինը դատարանն է, ուստի անկախ հանձնաժողովը չի կարող ազատությունից զրկելու որոշում կայացնել. Նա զուտ հավանություն է տալիս՝ անձը գնա դատարան թե ոչ»,- ասաց Մելքոնյանը:

Վերջինս, անդրադառնալով անկախ հանձնաժողովի գործունեությանը, նշեց, որ այս մարմնում չկան չափանիշներ, որոնցով առաջնորդվում են, չկա մրցակցության հնարավորություն և որ այս մարմինը չի կայացնում պատճառաբանված որոշում, և այդ պարագայում, ըստ փաստաբանի անձը չի կարող պաշտպանված լինել կամայականությունից:

«Անկախ հանձնաժողովը քսան դատապարտյալից մեկ-երկուսի դիմումը բավարարում է, իսկ մյուսներին մերժում, ընդ որում՝ առանց որևէ հիմնավորման, հետևաբար դատապարտյալը չի հասկանում՝ ինչու իր դիմումը մերժվեց»,- ասաց Արաքս Մելքոնյանը:

Վերջինս ընթերցեց ՔՀԿ- կողմից իր պաշռտպանյալին տրված բնութագիրը. Վոլոդյա Ավետիսյանը պատիժը կրելու ընթացքում չի ենթարկվել որևէ կարգապահական տույժի, մասնակցում է քրեակատարողական հիմնարկում բոլոր միջոցառումներին, արտաքնապես հանգիստ է, նախաձեռնող նպատակաուղղված: Կոնֆլիկտներ չի ունեցել: Դատապարտյալը բնութագրվում է դրական, հետագա պատիժը կրելու կարիք չունի:

Փաստաբանը հարց բարձրացրեց. եթե իր վստահորդը պատիժը կրելու կարիք այլևս չունի, երբ պատժի նպատակը կատարվել է, և իր պաշտպանյալը ուղղված է, ինչո՞ւ է նա առանց որևէ նպատակի պահվում անազատության մեջ կամ ո՞րն է նպատակը նրան անազատության մեջ պահելու: Վերջինս հարց բարձրացրեց նաև, թե անկախ հանձնաժողովի կողմից չպատճառաբանված որոշում կայացնելու պարագայում ինչպե՞ս պիտի անձը հասկանա, թե իր վարքագծում ինչն է սխալ եղել, որպեսզի վերանայի վարքագիծը:

«Այստեղ է հարցը. եթե մենք ունենայինք անկախ հանձնաժողովի մեկնաբանություն կամ պարզաբանում, թե ինչո՞ւ չի կարելի Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակել, մենք կընդունեինք, բայց այսպես անհասկանալի է»,- ընդգծեց փաստաբանն ու նշեց, որ այսպիսիով խախտվում է ոչ միայն իր վստահորդի ազատության իրավունքն այլ նաև հասարակության շահն, ինչպես նաև շատ մեծ բեռ է դնում վարչակազմի վրա, քանի որ, նա, փաստորեն, ՔԿՀ-ում պահում է մի մարդու, որը պատիժ կրելու կարիք չունի, մարդու, որին պահելու համար ծախսվում է հասարակության գումարը:


«Ես խնդրում եմ քննել իմ դիմումը, վստահորդիս պայմանական վաղաժամկետ ազատել և ընդունել այն հանգամանքը, որ եթե այդպես չեք ազատում, խախտում եք իմ վստահորդի ազատության իրավունքը»,- դատարանին դիմելով՝ ասաց Մելքոնյանը:

Վոլոդյա Ավետիսյանը իր խոսքում նշեց, որ ինքը դատարանից ոչինչ չի խնդրում, այլ պահանջում է, որ վերջինս օրենքով առաջնորդվի:

Եթե ոչ, ապա մենք ոչ թե դատապատյալ ենք, այլ գերի»,- ասաց Ավետիսյանը:

Դատախազ Գարեգին Իսախանյանը նշեց, որ դիրքորոշում հայտնելու համար ինքը պետք է իմանա, թե ինչ հիմնավորմամբ է անկախ հանձնաժողովը մերժել Ավետիսյանի ազատ արձակման դիմումը, իսկ եթե դատարանն, այնուամենայիվ գտնում է, որ անկախ հանձնաժողովի ներկայացուցչին լսելու կարիք չկա, ապա այդ դեպքում ինքը պիտի միջնորդի մերժել դիմումը, քանի որ այն սահմանված ընթացակարգով չի ներկայացվել:

Դատական նիստն այսօր ավարտվեց, այն կշարունակվի ապրիլի 14-ին:

Նիստի ավարտին Վոլոդյա Ավետիսյանի՝ դահլիճում ներկա մարտական ընկերները դարձյալ դժգոհություն արտահայտեցին նիստի հետաձգման, պատկան մարմնի, իրենց բնութագրմամբ՝ անպարտաճանաչ վերաբերմունքի, դատարանի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter