HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան. Սամվել Բաբայանն ասել է, որ պատերազմի ժամանակ չի փախել, հիմա էլ չի փախչի

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի դեմ բողոքի գործով դատական դռնփակ նիստ, որին, փաստաբան Ավետիս Քալաշյանի փոխանցմամբ, ներկա էր նաև Սամվել Բաբայանը: Բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը:

Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում փաստաբան Քալաշյանը նշեց, որ Բաբայանը դատական նիստին հայտարարել է, որ  իրեն անհիմն են մեղադրում իրեն մեղսագրվող արարքներում, անհիմն է նաև քննիչի և դատախազի պնդումն այն մասին, որ ինքը կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնին ներկայանալ, ուստի անհրաժեշտ է իրեն կալանքի տակ պահել:

«Ումի՞ց և ինչի՞ց պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ»,- լրագրողների հետ զրույցում Բաբայանի խոսքերը մեջբերեց Քալաշյանը ու նշեց, որ Բաբայանը բավականին հիմնավոր ու տեղին է խոսել դատարանում:

«Բաբայանը խոսեց,  ու բավականին տեղին խոսեց այն առումով, որ հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում կալանք տակ, ոչնչով հիմանվորված չէ այն մեղադրանքը, որն իրեն առաջադրված է: Ասաց, որ ինքը չի փախնի, ինքը Արցախի հերոս է, պատերազմի հերոս է. պատերազմի ժամանակ չի փախել»,- պատմեց փաստաբանը` նշելով, որ իր պաշտպանյալը դատարանից խնդրել է արդարացի որոշում կայացնել իր բողոքի վերաբերյալ:

Իսկ արդարացի միակ որոշումը, ըստ փաստաբանի, Բաբայանին ազատ արձակելն է: Եթե առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ մնա, Քալաշյանը չի պատրաստվում իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ հանդես գալ. ասում է, որ իրենք կալանքի որոշումն առհասարակ անհիմն են համարում, քանի որ չկա Բաբայանին մեղսագրվող արարքներում վերջինիս առնչության վերաբերյալ հիմնավոր կասկած:

«Եթե մեր բողոքը մերժվի, կդիմենք Վճռաբեկ դատարան, կգնանք ընդհուպ ՄԻԵԴ»,- վստահեցնում է Ավետիս Քալաշյանը:

Վերջինս չի ցանկանում քաղաքական ենթատեքստի ներքո ներկայացնել իր պաշտպանյալի կալանվորման որոշումը, այլ խնդիրը դիտարկում է քրեաիրավական դաշտում: Թե իր վերաբերյալ քրեական գործի առնչությամբ ինչպիսին է Բաբայանի կարծիքը հիմա՝ կալանավորումից շուրջ մեկ ամիս անց, փաստաբանը չի ասում:

«Կարծիք  չենք փոխանակել»,- ի պատասխան այս առնչությամբ լրագրողի հարցի՝ ասաց Ավետիս Քալաշյանը:

Փաստաբանը որոշ մանրամասներ հայտնեց նաև քրեական գործի ընթացքից:

Մասնավորապես՝ հայտնի է քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հայտնաբերված առարկան՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակը ռազմամթերք է հանդիսանում, բայց ոչ զենք:

«Այսինքն՝ այն  հայտնաբերված վիճակում չի կարող կիրառվել իր նպատակային նշանակությանը համապատասխան, որովհետև անհրաժեշտ մասեր բացակայում են»,- ասաց Ավետիս Քալաշյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակի վրա գործով անցնող անձանցից և ոչ մեկի մատնահետքը չի հայտնաբերվել:

Ըստ փաստաբանի՝  շուրջ մեկ ամիս շարունակվող նախաքննության ընթացքում Բաբայանի դեմ որևէ անձի ցուցմունք չկա, և Բաբայանն առերեսվել է միայն նույն գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի հետ:

Դիտարկմանը, որ առերեսում կատարվում է անձանց ցուցմունքներում էական հակասություն լինելու պարագայում, Քալաշյանը պատասխանեց, թե առերսումն ինչ- որ խոսակցության առնչությամբ է եղել և էական չէ:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն, ինչպես նաև երկու այլ անձինք ձերբակալվել են մարտի 22-ին` ԱԱԾ-ում մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով:

Այս գործի շրջանակներում ձերբակալվածներից մեկը Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն է: Փաստաբան Քալաշյանի խոսքով՝ իրեն հայտնի է նաև երրորդ անձի ինքնությունը, սակայն Բաբայանը նրան չի ճանաչում: Թե ով է երրորդ անձը, Քալաշյանը չհայտնեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter