
Արամ Պաչյան․ «Գիրքը նույնն է, ես եմ փոխվել»
Մարգարիտա Ղազարյան
Ապրիլի 19-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի վերամշակված տարբերակի շնորհանդեսը՝ վերջաբանի փորձով: Վեպի առաջին տարբերակը հրապարակվել էր 2012թ.:
Գրքի վերամշակված տարբերակում, բացի վեջաբանի փորձից, այլ փոփոխություններ էլ են արվել։ «Չէի համարձակվում վերընթերցել: Գուցե բացառիկ հեղինակներ կան, որ գոհ են իրենց ստեղծագործություններից. ես այդ հեղինակների շարքին չեմ դասվում ու վերընթերցելուց հասկացա, որ ամեն ինչ վատ է իրականում: Փորձում էի փրկել՝ նորից գրելով, բայց դա անհնարին բան էր, որովհետև այդտեղ էթիկական հարց է առաջանում՝ ինչու՞ դա անել, երբ 5 տարի առաջ էդ տղան էդպես էր մտածում և էդ վիճակի մեջ էր տեսնում և զգում: 10 էջից հետո մի կերպ ինձ բռնանալով կանգ առա»,- նշեց Արամ Պաչյանը:
«Հետքի» հետ զրույցում հեղինակը հավելեց, որ փոփոխությունները, այնուամենայնիվ, մեծ չեն, և դրանք էական չի համարում։ «Գիրքը նույնն է. ես եմ փոխվել»,-ասաց Արամ Պաչյանը:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց Արամ Պաչյանի կենսագրությունը, ստեղծագործական ուղին, որի ընթացքում էկրանին ցուցադրվեցին լուսանկարներ, տարբեր ժամանակների հրապարակումներ: Ապա ցուցադրվեց Մերի Մկրտչյանի «Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ». վերջաբանի փորձ» ֆիլմը: Շնորհանդեսի ընթացքում հեղինակն ինքն էլ ընթերցեց իր ստեղծագործություններից:
Վեպի նոր մշակման հրատարակիչ «Դարակ» հրատարակչության տնօրեն Արմեն Գասպարյանը նշեց, որ գրքի վաճառքից ստացված գումարը պիտի օգտագործվի մեկ այլ հեղինակի գործ տպագրելու նպատակով: Ապա ներկաները խոսեցին Պաչյանի, նրա ստեղծագործությունների մասին՝ հարցեր ուղղելով հեղինակին:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ Արամ Պաչյանի անվամբ ժամանակակից հայ գրականության մեջ շատ երևույթների սկիզբ է դրվում։
«Մեր գրականության ներկա ընթացքի մեջ կարողացավ շատ բաներ փոխել: Եթե 5-6 տարի առաջ ասեին, որ Հայաստանում որևէ գրողի գիրք 2 անգամ վերատպվելու է, որևէ հայ ժամանակակից գրողի ստեղծագործությամբ հետաքրքրվելու են նաև դրսում, ապա դուք գուցե քմծիծաղեիք, բայց այսօր՝ Արամ Պաչյանի շնորհիվ, դա ներկայանում է որպես փաստ: Եվ այսօր կարող ենք հպարտանալ, որ Պաչյանը ուկրաիներեն և անգլերեն հրապարակված գրքեր ունի,- նշեց գրականագետը՝ ավելացնելով,- պատմության բոլոր շրջափուլերից ես ամենաշատը իմ ապրած ժամանակն եմ սիրում: Եվ մեծագույն հաճույք, հպարտություն է իմ ժամանակի մեջ, իմ կողքին ապրող նման հեղինակ տեսնելը»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը։
Գրող Քրիստիան Բատիկեանը կարևորեց «Ցտեսություն, Ծիտ» վեպի լեզուն, ժամանակը և թեման. «21-րդ դարու երկրորդ տասնամյակին համաշխարհային գլոբալ ֆեմինիստական գրականության ֆոնին, թե որքան դժվար է կին ըլլալ, Արամը կպատմե՝ որքան դժվար է տղա ըլլալ»:
Ներկաները հույս հայտնեցին, որ Պաչյանի ստեղծագործությունները մի օր կներառվեն դպրոցական գրականության ցանկում:
Շնորհանդեսին ներկա էր նաև «Ցտեսություն, Ծիտ» գրքի անգլերեն թարգմանիչ Նաիրի Հախվերդին, որը խոստովանեց, որ թարգմանության ընթացքը բավականին բարդ է եղել, և ինքը ստիպված է եղել փոխել տարիներ շարունակ կիրառած մեթոդը։
«Արամ Պաչյանի գիրքն այնքան խիտ է ու այնքան դժվար, որ չէի կարող դասական ձևով թարգմանել: Մինչ այդ թարգմանում էի ամեն նախադասությունը՝ մի նախադասությունը, հետո հաջորդը: Պաչյանը մի նախադասությունը դարձնում է մի քանի էջ, նաև սիրում է բառերով խաղալ: Հենց դա էր ամենադժվար ու ամենահետաքրքիր մասը, որ իմ մոտեցման ձևը լրիվ փոխել է»,-ասաց Նաիրի Հախվերդին:
«Հետքի» հետ զրույցում Արամ Պաչյանը նշեց, որ գրքի անգլերեն թարգմանությունը երկար պատմություն ունի, որը սկսվել է դեռևս մի քանի տարի առաջ, իսկ այժմ ընթացքի մեջ է նաև գրքի ֆրանսերեն թարգմանությունը:
Մեկնաբանել