HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի կինը շիշ նետեց ամբաստանյալներից մեկի վրա

Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը պլաստմասսե շշով հարվածեց գործով ամբաստանյալներից Յուրի Հակոբյանին:

Այն ժամանակ, երբ մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն ընթերցում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները, ծեծի հետևանքով Եղիշե Խաչատրյանի ստացած վնասվածքները, Մեյթիխանյանը, ով գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, դատական նիստերի դահլիճից դուրս եկավ: Մինչ այդ նրա սեղանին դեղահաբեր էին դրված և շշով ջուր: Ակնհայտ էր, որ Մեյթիխանյանն իրեն լավ չի զգում: Երբ նա դուրս եկավ, ետևից դուրս եկավ նաև աղջիկը, և տևական ժամանակ դրսում մնալուց հետո նրանք վերադարձան:

Մեյթիխանյանը դահլիճ  մտնելով՝ ձեռքում եղած շիշը շատ մոտ տարածությունից շպրտեց դեպի ամբաստանյալ Յուրի Հակոբյանը: Դահլիճում իրարանցում սկսվեց, և ամբաստանյալներն արագ դուրս բերվեցինք:

Հետո ամբաստանյալների հարազատները վիրավորական արտահայտություններ հնչեցրին Մեյթիխանյանի հասցեին. երկար ժամանակ որևէ մեկին չէր հաջողվում դահլիճում լարված իրավիճակը հանդարտեցնել. Յուրի Հակոբյանի մայրն ու մորաքույրը բորբոքված խոսում էին այն մասին, որ անմեղ տղայի ճակատագիրը փչացրել են, հիմա էլ շիշ են շպրտում վրան: Ապա, դիմելով գործով դատախազներին, հարազատները պահանջում էին «ձեռքերը ծալած չնստել» ու քայլեր ձեռնարկել, քանի որ դահլիճում հանցագործություն է տեղի ունեցել:

Այսօրվա դատական նիստն ընդհատվեց և կշարունակվի մայիսի 3-ին: Մինչ այդ  դատավոր Աննա Դանիբեկյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրուսյանի միջնորդությամբ վերանայեց իր՝ նախկինում կայացրած որոշումն ու թույլատրեց լրատվամիջոցներին ցանկացած ծավալով տեսանկարահանում իրականացնել: Դատավորը վերացրեց նաև այս գործով վկա, Արմեն Սարգսյան անունով հայտնի անձի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս լրատվամիջոցներից մեկի միջոցով բացահայտել է իր անձը:

Դատարանը որոշում կայացրեց դատավարության մասնակիցներին տրամադրել նաև վկայի վերաբերյալ գործի նյութերը, որոնք, հիշեցնենք, նրա նկատմամբ պաշտպանության միջոց կիրառված լինելու հիմքով մինչ այս պահը չէին տրամադրվում դատավարության կողմերին:

Դատարանը հայտնեց նաև, որ այս վկան իր նկատմամբ իրավապահների կողմից ենթադրյալ ոչ իրավաչափ գործողություններ կիրառելու վերաբերյալ հաղորդում է ներկայայցրել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ քրեական գործ է հարուցվել:

Այսօր`գործով դատական նիստերի մեկնարկից ավելի քան երեք ամիս անց, գործը մտավ դատաքննության փուլ:

Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը սկսեց ընթերցել ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները, սակայն միջադեպի պատճառով չհասցրեց դրանք ավարտին հասցնել:

Ըստ մեղադրական եզրակացություն՝ ամբաստանյալ Արտաշես Չիշոյանը մեղադրվում է այն բանում, որ նա գործով մյուս ամբաստանյալներ Խաչիկ Կոսյանի,  Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզած անձի հետ, խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և լրացնելով դրանք, խմբով  ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև որովայնի և կրծքավանդակի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Միևնույն ժամանակ, ըստ մեղադրանքի, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ կերպով անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Արտաշես Չիչոյանը կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելով:

Մասնավորապես՝  ըստ մեղադրական եղրակացության՝ 2016 թվականի հունիսի 4-ին, գտնվելով Երևանի ռեստորանային համալիրներից մեկում, Չիչոյանը փեսայից՝ Խաչիկ Կոսյանից տեղեկացել է, որ վերջինս վթարի է ենթարվել, ապա մեքենան քարշակով ուղարկել Նուբարաշենի խճուղում գտնվող ավտոտեխսպասրկման կետ: Արտաշես Չիչոյանը Արարատ Նիկողոսյանի, վերջինիս մտերմուհու՝ Մարիամ Գրիգորյանի և Յուրի Հակոբյանի հետ Հակոբյանին պատկանող ավտոմեքենայով ուղևորվել են ավտոտեխսպասպարկման կետ:

Ըստ մեղադրանքի՝ Յուրի Հակոբյանը, ճանապարհին խախտելով ճանապարհային երթևելության կանոնները, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, խոչընդոտել տվյալ ժամանակահատավածում նույն տարածքով երթևեկող Եղիշե Խաչատրյանի երթևեկությանը: Վերջինս անակնկալի գալով՝ կտրուկ արգելակել է մեքենան, մանևրել և կանխել վթարն, ապա առանց մեքենայից դուրս գալու օրինախախտ վարորդին հանդիմանել:

Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության, Յուրի  Հակոբյանին պատկանող մեքենայից դուրս են եկել Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի  Հակոբյանը և Եղիշե Խաչատրյանի մոր՝ 75-ամյա Էմմա Աբրահամյանի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տվել Խաչատրյանին,  վիրավորել նրա արժանապատվությունը, պարզաբանումներ ստանալու նպատակով նրան մեքենայից իջեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հացրել նրա մարմնի տարբեր հատվածներին:

Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակահատվածում ավտոտեխսպասարկման կետում գտնվող Խաչիկ Կոսյանը, տեղեկանալով վիճաբանության մասին՝ ընկերոջ՝ Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ  շտապել է դեպքի վայր, որտեղ էլ,  ըստ մեղադրանքի,  ամբաստամյալները Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան ու զրկել կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալներն անտեսել են Եղիշե Խաչատրյանի մոր՝ որդուն չհարվածելու աղերսանքը, հրել են Եղիշեին, գցել հետնին, ապա հարվածներ հասցրել նաև որդուն փրկելու համար ծեծկռտուքին խառված մորը՝ նրան ևս առողջության համար միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելով:

Ըստ գործի նյութերի՝ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեկ այլ մեքենայի վարորդ՝ Սանասար Բադալյանը ամբաստանյալներին հորդորել է դադարեցնել տարեց տղամարդուն նկատմամբ բռնի գործողությունները, սակայն  Արարատ Նիկողոյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը ցավագին են ընդունել այդ հանգամանքն ու շտապել նրա ետևից, քաշքշել ու հայհոյանքներ հասցրել նրան հասցեին:

Մեղադրողը սկսել էր ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի մեղադրանքը, երբ տեղի ունեցավ միջադեպը:

Նշենք, որ դատական նիստից հետո  փաստաբան Արմեն Նադիրյանն, ով Յուրի Հակոբյանի պաշտպանն է, մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպից հետո հանդիպել է Հակոբյանին: Շիշը, որը նրա ուղղությամբ է շպրտել Մեյթիխանյանը, դիպել է նրա կրծքավանդակին: Հակոբյանը, սակայն, պաշտպանի խոսքով, այս առնչությամբ որևէ քայլի դիմելու ցանկություն չի հայտնել:

«Միգուցե հաշվի առնելով եղելությունը՝ այդպիսի ցանկություն չի հայտնում, բայց եթե բարդություններ լինեն, գուցե մեր վերաբերմունքն էլ փոխվի»,- ասաց Նադիրյանը:

Ձախից՝ ամբաստանյալ Յուրի Հակոբյանը պաշտպան Արմեն Նադիրյանի հետ, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի հետ

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016-ի  հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում են 5 անձինք՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7 և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter