HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սահմանադրական դատարանում բացատրություններ տվեցին ԿԸՀ, դատախազության ու ոստիկանության ներկայացուցիչները

Սահմանադրական դատարանում շուրջ երկուսուկես ժամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի վերաբերյալ իրենց` պատասխանող կողմի բացատրությունը:

Մուկուչյանը հիշեցրեց, որ ընտրության արդյունքներն անվավեր են ճանաչվում այն դեպքում, երբ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրությունների ընդհանուր պատկերը` պնդելով, թե ապրիլի 2-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումներն այդպիսին չեն եղել:

Մուկուչյանի խոսքով` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումում վկայակոչված փաստերը սուբյեկտիվ բնութ են կրում, կամայական մեկնաբանություններ են:

«Գործ ունենք մի դիմումի հետ, որն իրավազուրկ է, որում ներկայացված փաստերն ապացուցողական բազա չունեն»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:

ԿԸՀ նախագահի խոսքով` ինքը չի հանդիպել այնպիսի ժողովրդավարական երկիր, որտեղ միաժամանակ կիրառվում են ընտրությունների վերահսկողության այն մեխանիզները, որոնք ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ կիրառել է Հայաստանը:

«Ընտրողների ռեգիստրը մշտապես հրապարակված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ընտրողների ցուցակներն, ըստ ընտրական տեղամասերի, հրապարակվում են համացանցում, քվերակության ամբողջ ընթացքը հրապարակվում է համացանցով, տեղամասային կենտրոնում գտնվող անձինք տեղամասերի գրեթե ամբողջ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն, ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են և 20 օր մնում ԿԸՀ կայքում, քվեարկությունից հետո տեղամասում գտնվող վստահված անձանց տրամադրվում են արձանագրություններից քաղվածքներ»,- այս, ինչպես նաև ընտրական գործընթացի վերահսկողության մի քանի ալ մեխանիզմներ մեջբերելով` Մուկուչյանը ապացուցված համարել հանգամանքը, թե ընտրությունների թափանցիկության վերաբերյալ պնդումները հիմնավոր չեն:

Մուկուչյանն ընդգծեց նաև, որ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումից հետո անճշտության վերաբերյալ միայն մեկ քաղաքացու դիմում է ստացվել, որն ապացուցում է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ընտրողների մասնակցության ցուցանիշի շուրջ աղմուկը, որ բարձրացնում էին ընդդիմադիրները, «անիմաստ են եղել»:

ԿԸՀ նախագահը շեշտեց նաև այն հանգամանքը, որ ընտրությունների ընթացքում չի եղել գոնե մեկ ընտրատեղամաս, որտեղ կա´մ հանձնաժողովի նախագահը, կա´մ քարտուղարը չեն եղել ընդդիմության ներկայացուցիչ:

Մուկուչյանի խոսքով՝ Sut.am կայքի կողմից հրապարակված ձայնագրություններում վարչական ռեսուրսի չարաշահման փաստ չկա, պետական պոշտոնատար անձինք ընտրական օրենսգրքի խախտմամբ նախընտրական քարոզչությամբ չեն զբաղվել, մի խոսքով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքերն ամփոփելու վերաբերյալ որոշումները հիմնավոր են, ճիշտ, իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ակնհայտ անհիմն է և ամբողջությամբ մերժման ենթակա:

Դատարանում բացատրություն ներկայացրին նաև հարակից պատասխանողներ, դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն ու ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը:

Բիշարյանի խոսքի ընդհանուր տրամանաբսւթյունն այն էր, որ բոլոր այն դեպքերում, երբ ընտրական պրոցեսի ընթացքում եղել են քրեական գործ հարուցելու հիմքեր, այդ գործերը հարուցվել են:

Հովհաննես Քոչարյանը ևս պնդեց, թե ոստիկանությունը իրականացրել է իր գործառույթները, և դիմող կողմը դատարանում որևէ փաստարակ չի բերել այդ գործառույթները չիրականացնելու վերաբերյալ:

«Փոխարենը հնչում են միայն մերկապարանոց հայտարարություններ: Փաստորեն, պատասխանող կողմը և մենք` հարակից պատասխանողներս, ստիպված ենք հերքելու ոչ թե ծանրակշիռ ապացույցներ, այլ հնարածին, ցածրորակ, քաղաքական երանգավորումներ ունեցող հայտարարություններ: Բարձր դատարան, ներողություն են խնդրում հնարավոր հուզականության համար, բայց առավել նախընտրելի է նման դատավարական մրցակցության մասնակցել դեժավյուի ծանր զգացողությունների ներքո, ինչպես ասաց Լևոն Զուրաբյանը, քան գիտակցել, թե ինչ ահավոր հետևանքներ կարող է ունենալ դեմագոգիան և իրավական ինֆանտիլիզմը հասարակության վրա, հատկապես երբ դրանք դրսևորվում են այնպիսի բարձր ատյանում, ինչպիսին Սահմանդրական դատարանն է»,- ասաց Հովհաննես Քոչարյանը:

Դատական նիստն այսօր ավարտվեց և կշարունակվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter