HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարո Եղնուկյան. «Պայքարելու եմ, ձեզ ծնկի բերեմ»

Ամալյա Մարգարյան

«Քննիչ- դատախազ- դատավոր համակարգը հիշեցնում է ստալինյան ռեժիմը»,- այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում իր ելույթի ընթացքում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, ապա ավելացրեց, որ 5 երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան՝ երեխաներին հայեցի դաստիարակելու համար, սակայն նկատում է իր դեմ կատարվող գործողությունները. «Ամեն ինչ անում են, որ լքեմ Հայաստանը: Ո՛չ, դա չեմ անելու, չեմ գնալու: Պայքարելու եմ, ձեզ ծնկի բերեմ»:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բերման է ենթարկվել 2016թ. հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ապա կալանավորվել է: Եղնուկյանին մեղադրում են «Սասնա Ծռեր» խմբի կողմից պատանդներին պահելուն օժանդակելու (38-218 հոդված) ու զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակելու (38-219 հոդված) մեջ:

Այսօր դատարանը շարունակեց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը' քննիչի և դատախազի կողմից առանց հիմնավորումների պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները մերժելու վերաբերյալ:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց բողոքի վերաբերյալ առարկությունները' նշելով, որ միջնորդությունների մերժման հիմքերը նշվել են նախաքննության մարմինների կողմից: Դատախազը ելույթի վերջում անդրադարձավ խափանման միջոցը վերացնելու միջնորդությանը եւ ասաց, որ փոփոխելու հիմքերը բացակայում են: «Սասնա ծռեր» խմբի գործից Կարող Եղնուկյանի մասը անջատելու վերաբերյալ դատախազը նշեց, որ չի կարող ասել, թե գործի քննությունն ինչքան կտևի, և արդյո՞ք կխախտվի Կարո Եղնուկյանի' պատշաճ ժամկետում դատավարության անցկացման իրավունքը, ինչի մասին գրված է պաշտպանական կողմի միջնորդության մեջ:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատախազի ելույթից հետո ասաց, որ Կարո Եղնուկյանի գործը «Սասնա ծռեր»-ի անդամների գործից անջատելուն քննիչը որևէ կերպ չի անդրադարձել:

«Քննիչը ոչ միայն չէր անդրադարձել, չէր էլ տեսել, որ այդպիսի միջնորդություն ենք ներկայացրել: Հիմա դատախազն ասաց, որ քննիչը անդրադարձել է և մերժել է: Մենք հրաժարվում ենք բոլոր պահանջներից, եթե դատախազը կես նախադասություն, կես բառ մատնանշի, եթե չկա, ուրեմն դատախազն իրականությանը չհամապատասխանող հանգամանքների մասին է խոսում»,- հայտնեց փաստաբանը:

Կարո Եղնուկյանի'ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը չխախտվելու վերաբերյալ միջնորդությամբ պաշտպանական կողմը դատարան էր դիմել' գործը «Սասնա ծռեր»-ի գործից առանձին քննելու վերաբերյալ: Դատական նիստի ընթացքում որոշվեց միջնորդությունն առանձին քննել:

Դատական նիստի ընթացքում Տիգրան Հայրապետյանն անդրադարձավ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու վերաբերյալ գլխավոր դատախազին ուղղած միջնորդությանը, որը մերժվել էր նաև քննիչի կողմից: «Քրեական վերաքննիչ դատարանը գտավ, որ իրավունքների խախտում է և բավարարեց բողոքը' պարտավորեցնելով գլխավոր դատախազությանը վերացնել Եղնուկյանի իրավունքների խախտումը»,-հայտնեց պաշտպանը:

«Մենք 13 նման միջնորդություն ենք ներկայացրել և ոչ մեկի վերաբերյալ քննիչը կիսապատճառաբանված որոշում չի կայացրել: Իսկ քրեական վերաքաննիչ դատարանը մի դրվագով էր գտել, որ խախտվել են Եղնուկյանի իրավունքները: Ո՛չ քննչական մարմինները, ո՛չ էլ դատախազությունը չի կարող նման ձևով մերժել մեր միջնորդությունները: Նշանակում է, որ մեր իրավունքները խախտվել են, սա մեր ամենակարևոր դատավարական իրավունքն էր, որից ցանկացել ենք օգտվել, և այն ոտնահարվել է»,-ելույթի վերջում հայտնեց Եղնուկյանի պաշտպանը:

Կարո Եղնուկյանն էլ զգուշացրեց, որ իր ընտանիքի, անձնական կյանքի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն' օրինակ բերելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանին: «Ոչ իրավական դաշտում են այսպիսի հարցերը լուծվում: Ես զգուշացնում եմ, որ այդպիսի բաներ չլինեն,-հայտարարեց Եղնուկյանը, ապա ավելացրեց,- ՍԱՍ-ն է ձեզ հրամայում՝ Սերժիկ Ազատովիչի Սարգսյանը: Նա ինչ-որ ասում է, դա էլ կատարում եք, «ՍԱՍ»-ի Արտակը չէ, Սերժը: Վաղը հրամայի ինձ բաց թողնել' բաց եք թողնելու, հրամայի տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնել' վերացնելու եք»:

Հիշեցնենք, որ պաշտպան Հայրապետյանը նախորդ նիստից հետո «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ ներկայացված միջնորդությունները քննիչը մերժել է' անհիմն լինելու պատճառաբանությամբ: «Անգամ իրեն նեղություն չի տվել' գրելու ներկայացված միջնորդությունների գոնե վերնագրերը: Քննիչն իր անփութությամբ, ժամանակ չունենալու պատճառով առանց որևէ պատճառաբանության մերժել է»,-հավելեց պաշտպանը:

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 10-ին:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Կեցցե՜ք, հարգարժան Կարո Եղնուկյան: Ձեր հաղթանակը մոտ է: ✌

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter