HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մարզպետի եւ բողոքի ակցիայի մասնակիցների քննարկումն ավարտվել է խոստումների փնջով

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Մ4 միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների միջեւ հանդիպումը ավարտվել է նրանով, որ մարզպետը բարձրացրած խնդիրների մի մասով երաշխավորել է վերահսկել իրավիճակը։

Ինչպես «Հետք»-ին պատմեց բողոքի ակցիայի մասնակից Սեւադա Ղուկասյանը, մարզպետը խոստացել է, որ մայրուղու փոսալցման աշխատանքները երեք օրվա ընթացքում կավարտվեն։ Աբովյանը բնակիչներին հավաստիացրել է, որ հաջորդ տարի՝ 2018 թվականին, Դիլիջան քաղաքից մինչեւ հայ-վրացական սահման՝ Բագրատաշենի անցակետ, իրականացվելու է միջպետական մայրուղու հիմնանորոգում։

Վարորդները դժգոհել են իրականացվող փոսալցման աշխատանքների որակից, մարզպետին մեղադրելով իրավիճակը չվերահսկելու մեջ։ Հովիկ Աբովյանն արդարացել է, ասելով, որ վերահսկում է աշխատանքները։

Ինչ վերաբերում է քաղաքացիների երկրորդ պահանջին՝ փողոցային առեւտրի արգելքը հանել, մարզպետը պատասխանել է, որ դա իր իրավասության հարցը չէ, այլ՝ համայնքային իշխանությունների։ «Քաղաքապետի հետ բանակցեք»,-հորդորել է Հովիկ Աբովյանը։

Օգտվելով ստեղծված հնարավորությունից, բողոքի ակցիայի մասնակիցները բարձրացրել են նաեւ Իջեւանի շուկայի հատվածում երկու տարի առաջ տեղադրված արգելապատնեշները հանելու հարցը։ Դրանք այն ժամանակ տեղադրվել էին մարզպետի նախաձեռնությամբ, կանոնակարգելու համար երթեւեկությունը։

Իջեւանցիների մի մասին սա դուր չի գալիս, նրանք գտնում են, որ արգելապատնեշներն ավելի շատ խոչընդոտում են երթեւեկությանը։ Տավուշի մարզպետը հակադարձել է, ասելով, որ նախ՝ դրանց տեղադրման համար 26 միլիոն դրամ է ծախսվել, բացի դրանից՝ իրեն դրա համար մոտ 15 հազար իջեւանցի շնորհակալություն է հայտնել։ Քաղաքացիների որոշ պնդումներից ու հակափաստարկներից հետո Աբովյանը խոստացել է կառավարության առաջ բարձրացնել Իջեւանի շուկայի հատվածում էստակադայի կառուցման հարցը։

Ներկայումս միջպետական Մ4 ճանապարհը բաց է երթեւեկության համար։ Բողոքի ակցիայի մասնակիցները, Սեւադա Ղուկասյանի պնդմամբ, հետեւողական են լինելու մարզպետի խոստումների կատարման հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter