HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կուրսանտի սպանության և դրա նյութերով հարուցված քրեական գործերը հերթական անգամ հետաձգվել են

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտիուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի գործով դատական նիստը տեղի չունեցավ: Դատավոր Դավիթ Հարությունյանն այլ գործով խորհրդակցական սենյակում էր:

Զարմիկ Մարկոսյանը, հիշեցնենք, ռազմական ինստիտիուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանի հայր է:

2014-ի հունվարին տեղի ունեցած սպանությունից հետո գնդապետ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է, և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ որդու համար ինստիտուտում արտոնյալ պայմաններ ստեղծելու մեղադրանքով: Ըստ վկաների ցուցմունքների՝ Գնել Թևոսյանը հաճախակի է բացակայել ինստիտուտից, ինչպես նաև ունեցել է այլ արտոնություններ:

Մարկոսյանի գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել երկուսուկես ամիս առաջ. նշանակված մյուս նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել են:

Արդեն տևական ժամանակ է` տեղի չեն ունենում նաև սպանության գործով դատական նիստերը: Ըստ կողմերի միջև պայմանավորվածության`այս գործով նիստերը նշանակվում են յուրաքանչյուր երկուշաբթի օր, սակայն վերջին անգամ նիստ է եղել շուրջ 2 ամիս առաջ` մարտի 20-ին: Վերջին` մայիսի 15-ին նշանակված նիստը երեկ հետաձգվել է, քանի որ ռազմական ոստիկանությունը հայտնել էր, որ գործով վկա կուրսանտներին դատարան ներկայացնել չի կարող:

Հիշեցնենք՝ 2015-ի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում հայտնաբերվել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողից կախված վիճակում: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին:

Սպանության գործի նյութերի հիման վրա հարուցվել է մի քանի քրեական գործ ինչպես այլ կուրսանտների, այնպես էլ սպայական կազմի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter