
Մարզպետը մի մուշտի է տվել. քրեական գործը կարճվեց
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ 2011թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Ս. Խաչատրյանի եւ Ս. Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ 2011թ. նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս. Համբարձումյանին: Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել եւ կցվել է քրեական գործին:
Ս. Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Ս. Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Ս. Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:
Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2011 թ.դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Օրենքով սահմանված կարգով՝ կողմերը որոշման մասին տեղյակ են պահվել՝ միաժամանակ պարզաբանելով որոշումը բողոքարկելու իրավական հիմքերը:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել