HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Էդմոն Մարուքյան. «Որևէ մեկի մանդատն ավելի կարմիր չէ, քան մյուսներինը»

Ազգային ժողովում պատգամավորության 5 տարիների ընթացքում «ԵԼՔ» խմբակցության կողմից ԱԺ նախագահ առաջադրված Էդմոն Մարուքյանը նկատել է, թե ինչպես շատ հարցերում ԱԺ նախագահը տարբերություն է դրել իր կուսակցական պատգամավորների ու մյուսների միջև՝ նախապատվություն տալով ՀՀԿ-ական գործընկերներին ու այդպիսով անհավասար պայմաններ ստեղծելով նրանց համար:

Այսօր կայացած նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի ժամանակ Մարուքյանը խոստացավ, որ ԱԺ նախագահ դառնալու դեպքում ինքն այդպիսին չի լինի:

«Ես կլինեմ բոլոր պատգամավորների ԱԺ նախագահը...որևէ մեկի մանդատն ավելի կարմիր չէ, քան մյուսներինը»,- այսօր Ազգային ժողովում նախագահի թեկնածուի իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը:

«Նախորդ տարիներին մենք ունեցել ենք արտոնյալ կարգավիճակ ունեցող գերատեսչությունների ղեկավարներ, որոնք երբեք ԱԺ շենք չեն մտել»,- ասաց Մարուքյանն ու  խոստացավ, որ իր նախագահության ընթացքում չի լինի որևէ գերատեսչության  կամ  նախարարության ղեկավար, որը  չի բարեհաճի ներկա լինել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին, լսումներին ու քննարկումներին:

Մարուքյանը հայտնեց նաև, որ ԱԺ նախագահ լինելու դեպքում ինքն անհանդուրժողական է լինելու էթիկայի կանոնների խախտումների նկատմամբ և խոսեց ուրիշի փոխարեն քվեարկությունների հարցի մասին:

«Երբ մի պատգամավորի փոխարեն մեկ ուրիշն է քվեարկում, ստացվում է, որ զավթվում է այն իշխանությունը, որը տվյալ պատգամավորը ստացել է ժողովրդից»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Չեմ արդարացնելու, չեմ խրախուսելու որևէ պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտումը, բոլորը պետք է պատասխան տան իրենց արածի համար»,- ասաց ԱԺ նախագահի թեկնածուն:

Մարուքյանը նշեց, որ ԱԺ հինգերորդ գումարման նստաշրջանում ինքը  բազմաթիվ օրենքի նախագծեր է ներկայացրել, որոնք այդպես էլ չեն հասել ԱԺ դահլիճ ու չեն դարձել քննարկման առարկա: Ինքը խոստանում է. ընդդիմադիրների օրենսդրական նախաձեռնությունները չեն դրվի ԱԺ-ի «ամենահեռու դարակում»:

Մարուքյանի ելույթից հետո ԱԺ պատգամավորները նրան հարցեր ուղղեցին:

 Արտակ Զեյնալյանը Մարուքյանին ուղղեց նույն հարցերն, ինչ ԱԺ մյուս թեկնածու Արա Բաբլոյանին:

Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիրներ է տեսնում ԱԺ նախագահի թեկնածու Մարուքյանը մարդու իրավունքների ոլորոտում:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ  խնդիրների առկայությունը Հայաստանում առավել քան տեսանելի է ու կարծիք հայտնեց, որ չպետք է լինի մի հարց, որը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում չքննարկվի:

Զեյնալյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպիսի՞  լուծումներ է առաջարկում Մարուքյանը օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելու, Սահմանադրական դատարանի որոշումներն ի կատար ածելու վերաբերյալ:

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրական դատարանի որոշումներն ի կատար ածելու համար  խորհրդարանի նախագահը կարող է խորհրդակցական մարմին ստեղծել , որը մոնիտորինգի կենթարկի ՍԴ որոշումներն ու ԱԺ համապատասխան հանձնաժողովներում դրանց վերավերյալ քննարկումներ կլինեն:

Զեյնալյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպիսի գործնական քայլեր է պատրաստվում ձեռնարկել Մարուքյանը Հայաստանում քաղաքացիական համերաշխության ոլորտում՝ հաշվի առնելով քաղաքական մեծամասնություն ու փոքրամասնություն համատեքստը:

Մարուքյանը պատասխանեց, որ քաղաքական համերաշխություն կլինի այն դեպքում, երբ քաղաքական մեծամասնությունը չի կարծի, որ եթե իրենք շատ են, ուրեմն ճիշտ են:

«Մենք շատ ենք, բայց լսում ենք ձեր կարծիքը ոչ թե լսելու, այլ հաշվի առնելու համար»,- ահա քաղաքական համերաշխության հասնելու երաշխիքն՝ ըստ Էդմոն Մարուքյանի:

Անդրադառնալով  Մարուքյանի առաջ քաշած այն հարցին, թե ընդդիմադիրների օրենսդրական նախաձեռնությունները դրվում են  ԱԺ -ի ամենահեռավոր դարակում, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնք հերթի մեջ են և չեն քննարկվել:

«Ես խոստանում եմ ձեր խախտված իրավունքները նույնպես վեականգնել»,- ի պատասխան՝ ասաց Էդմոն Մարուքյանը:

Գագիկ Մելիքյանը նշեց նաև, որ Մարուքյանի ելույթը լսելիս տպավորություն է ստացել, թե նա ԱԺ նախագահին պատկերացնում է որպես հիմնարկի ղեկավար, բայց ԱԺ նախագահի իրավունքների մեջ չի մտնում կարգադրել պատգամավորներին:

«Ինչպե՞ս եք ազդելու մյուս պատգամավորների քվեարկության վրա, եթե դուք փոքրամասնություն եք»,- հարց ուղղեց Գագիկ Մելիքյանը:

 Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքը չի ասել, թե պետք է ազդի քվեարկության վրա: «Ես լավագույնս պատկերացնում եմ, թե իշխանական բուրգում ով է ԱԺ նախագահը»,-ասաց Մարուքյանը եւ վստահեցրեց, որ ԱԺ-ին երբեք որպես հիմնարկի չի վերաբերվել ու կոչ արեց քվեարկել իր օգտին: 

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ Էդմոն Մարուքյանը թեզ ուներ, որ խորհրդարանականները պետք է զենք կրեն, զինված լինեն:

 Մարուքյանը հիշեցրեց, որ երբեք չի ասել, որ պատգամավորները պետք է զենք ունենան հանձնաժողովներում քննարկումների ժամանակ, իրար հետ հաշիվ մաքրելու համար:

«Երբեմն ԱԺ հանձնաժողովներում, միջանցքներում կրքերն այնքան են բորբոքվում, որ որտե՞ղ է երաշխիքը, որ այդ ինքնապաշտանության միջոցը չի օգտագործվի»,- հարցրեց Խոսրով Հարությունյանը:

 Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ երաշխիքն այն է, որ ԱԺ-ի տարածք պատգամավորները զենքով չեն կարող մտնել:

ԱԺ պատգամավորները Մարուքյանի հետ հարուպատասխանից հետո  գնացին փակ քվերակության՝ ԱԺ նախագահ ընտրելու:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter