HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ստարտափ. աշխարհի ամենահզոր դրամապանակը՝ Volterman-ը

Մանե Գևորգյան

Ազատ Թովմասյանը, մի քանի անգամ դրամապանակը կորցնելուց հետո, սկսել է մտածել, որ պետք է այն հեշտ գտնելու մեխանիզմ մշակել։ Նման մեխանիզմ ունենալու անհրաժեշտությունը հասել է գագաթնակետին, երբ տան փոքրիկը դրամապանակը դրել է գազօջախի հետևում, իսկ տան անդամները, այն կորած համարելով, վերականգնել են բոլոր փաստաթղթերը, ժամանակ կորցրել, իսկ հետո պատահաբար գտել այն։ Եվ ստեղծվել է աշխարհի ամենահզոր դրամապանակ Volterman-ը՝ իր հինգ գերհնարավորություններով: Այն ունի հեշտ գտնվելու մեխանիզմ, հեռախոսի մարտկոցի լիցքավորման համակարգ, GPS, ներկառուցված տեսախցիկ` գողացողի դեմքը նկարելու ու տիրոջն ուղարկելու համար, և, վերջապես, WIFI ունենալու հնարավորություն։

Volterman-ը ունի «Bluetooth alarm», այսինքն՝ եթե հեռախոսդ ու դրամապանակդ իրարից հեռանում են, ապա ազդանշան ես ստանում։ Նույնիսկ եթե անջատված է հեռախոսիդ ձայնը, այս գործառույթի ժամանակ այն միանում է և տեղեկացնում, որ դրամապանակդ քեզ մոտ չէ։ Հնարավոր է նաև հակառակը՝ մոռանում ես հեռախոսդ, իսկ դրամապանակդ շտապում է տեղեկացնել դրա բացակայության մասին։

Դե, եթե ստեղծել նոր դրամապանակ, ապա հնարավորինս շատ գործառույթներով։ Պարզվում է, որ երբ հեռախոսի մարտկոցը նստում է, մարդկանց տրամադրությունը կտրուկ վատանում է, սկսվում է տագնապ՝ հասանելիության հնարավոր բացակայության վախից։ Ահա հենց այստեղ էլ օգնության է հասնում Volterman-ը՝ իր գերհնարավորություններով։ Դրամապանակն ունի «power bank», որը թույլ է տալիս ցանկացած ժամանակ լիցքավորել հեռախոսի մարտկոցն ու միշտ լինել հասանելի: 

Volterman-ը միջազգային շուկա դուրս բերելու համար Ազատին անհրաժեշտ էին մարդիկ, որոնք այդ ոլորտում մեծ փորձառություն ունեն, ինչի համար էլ դիմում է GlobalAM ՀԿ-ին։ Վերջինիս նախագահ Գևորգ Պողոսյանը, նկատելով դրամապանակի հեռանկարն ու Ազատի՝ այն կատարելագործելու ոգևորվածությունը, որոշում է գտնել համապատասխան մասնագետներ ու լավագույն կազմակերպություններ։

«Երբ Ազատը մեզ դիմեց, համոզված էինք, որ դրամապանակի հաջողությունն սպասվածից ավելի մեծ է լինելու։ Գաղափարը լավն էր, ու մենք  սկսեցինք մտածել՝ ինչպես կարող ենք լուծել անվան, դիզայնի, կորպորատիվ ոճի խնդիրը, ինչպես պետք է այն դուրս գա շուկա, այն ներակայացնելու ձևը։ Ուսումնասիրեցինք խելացի դրամապանակների (smart volet) շուկան, դրանց արդեն իսկ ունեցած ֆունկցիաներն ու որոշեցինք հավելումներ անել, այն՝ արդեն եղածներից տարբերակելու և ամենախելացին դարձնելու համար։ Որոշեցինք, որ բացի built-in power bank-ից ու distance alarm system-ից՝ այն պետք է ունենա նաև global GPS tracker, որը ոչ թե պարզապես կտեղեկացնի, որ դրամապանակը հեռացել է քեզանից, այլև ինչ-որ տեղ մոռանալու դեպքում քարտեզի վրա ցույց կտա դրա տեղն անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում կլինի։ Սա արդեն մի ֆունկցիա է, որը ոչ մի դրամապանակ չունի։ Հաջորդն ավելացրինք global WiFi hotspot հնարավորությունը։ Հատկապես ճանապարհորդելիս շատերն են ինտերնետի խնդիր ունենում, որովհետև ռոումինգի դեպքում այն շատ թանկ է, իսկ WiFi-ի խնդիր շատ տեղերում կա։ Իսկ հիմա բավարար է ունենալ այս դրամապանակն ու ինտերնետի հնարավոր խնդիրն ամեն տեղ լուծված է»,- պատմում է Գևորգ Պողոսյանը։

Վերջին՝ հինգերորդ ֆունկցիան ամենազվարճալին է, և այն փորձարկելու համար նույնիսկ մի պահ ուզում ես միտումնավոր կորցնել դրամապանակդ ու անցնել այդ փորձության միջով։ Մի քիչ անհավանական է թվում, բայց դրամապանակի մեջ կա միկրո տեսախցիկ։ Երբ դրամապանակդ թողնում ես ինչ-որ տեղ, միանում է «lost mode»-ը, և տեսախցիկն ակտիվանում է։ Դրանից հետո, երբ որևէ մեկը բացում է դրամապանակը, տեսախցիկը նկարում է նրան և նկարն ուղարկում հեռախոսիդ։ Եթե մոռացել ես նաև հեռախոսդ, նկարը կարող ես տեսնել volterman.com-ում: Մի քիչ տարօրինակ կհնչի, բայց սովորական կդառնա. «Վա՜յ, տեսե՛ք դրամապանակս գտնողի կամ գողանալ փորձողի լուսանկարը» արտահայտությունը։

Այս բոլոր ֆունկցիաներին ծանոթանալուց հետո մի՛ շտապեք պատկերացել հաստ ու տարբեր սարքավորումներով հարուստ դրամապանակ, որի մեջ չեն տեղավորվում անգամ մանրադրամները։ Քանի որ դեռ նման դրամապանակ չկա աշխարհում, որ ունենա այս հինգ ֆունկցիան, հիմնադիրները շատ են կարևորել նաև դրա հարմարավետությունը. արդյունքում ստացել են բարակ, շատ հարմար ու ընդգծված ճաշակով դրամապանակ։

Գևորգը ներկայացնում է. «Այն արդեն ամբողջական պատրաստի վիճակում է։ Դիզայնն արված է Հայաստանում՝ աշխատել ենք Backbone branding-ի հետ ու ստացել այն, ինչ, իրոք, ուզում էինք։ Շատերը չեն գիտակցում դիզայնի կարևորությունն ու դրա պատճառով ձախողում են։ Չիպի դիզայնը նույնպես արվում է Հայաստանում, իսկ արտադրությունը` Չինաստանում։ Դրամապանակը կաշվե է, ու նախնական համագործակցում ենք հայկական Safian ընկերության հետ, որը շատ որակով է աշխատում։ Եթե գնային համաձայնության գանք, ապա տեխնիկան Չինաստանից կներմուծենք Հայաստան ու կաշվե դրամապանակներն այստեղ կկարենք»։

Դրամապանակի անվան ընտրությունը տևել է ավելի քան երկու ամիս։ Volterman-ը հեշտությամբ համալրել է «Spiderman», «Batman», «Superman» հերոսների շարքն ու դարձել որոշակի գերհնարավորություններով դրամապանակ։ Volterman-ի հիմքում վոլտ չափման միավորն է, քանի որ դրամապանակի մեջ հոսանք կա։

Հաշվի առնելով, որ արտադրանքի հիմնական շուկան ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան են՝ պոտենցիալ գնորդների 60-70%-ը ամերիկացիներ են, իսկ նրանց մոտ եվրոպական, հատկապես գերմանական արտադրանքներին նորաձևության  և նոր տեխնոլոգիաների տեսանկյունից շատ լավ են վերաբերում, այն դարձրել են Volterman. անվանում, որը գերմանական հնչողությամբ ազգանուն է հիշեցնում։ Volterman-ի հիմքում հետևյալ գաղափարն է՝ «Confidence to Continue» (Շարունակելու վստահություն): Այսինքն՝ եթե ունես այս դրամապանակն, ապա կարող ես վստահ լինել, որ ոչինչ կիսատ չի մնա ՝ չի վերջանա հեռախոսիդ մարտկոցը, ինտերնետ կապը չի անջատվի, իսկ կարևոր փաստաթղթերը չեն կորչի։

Նախնական ներդրումներից բացի՝ Volterman-ը վերջերս նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 9 հաղթողներից մեկը դարձավ և ստացավ 50 000 եվրո։ Պատրաստ է արդեն Volterman-ի կայքը, շուտով պատրաստ կլինի նաև Volterman-ի crowdfunding (դրամահավաք) հոլովակը։

«Crowdfunding արշավով զբաղվում է Նարեկ Վարդանյանը, որն աշխարհի թոփ տասնհինգ քրաուդֆանդերներից մեկն է։ Շուտով հոլովակը կլինի դրամահավաքի համար նախատեսված օնլայն հարթակներից մեկում. ենթադրենք տասը հազար մարդ կգնի, դրանից ստացված գումարը կներդնենք արտադրության մեջ ու, հույս ունենք, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն այն կառաքենք աշխարհով մեկ։ Դրանից հետո մանրածախ շուկա կմտնենք՝ կապ պահելով խոշոր ցանցերի հետ, իսկ հաջորդ տարի կանցնենք մյուս ապրանքների ստեղծմանը՝ կանանց համար դրամապանակ, ուսապարկ, ճամպրուկ և այլն։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում շատերը դրամապանակի փոխարեն արդեն քարտապանակ են օգտագործում, քրաուդֆանդինգի  ժամանակ երեք արտադրանք կներկայացնենք՝ դրամապանակ, քարտապանակ և ճամփորդական դրամապանակ, որը կարող են օգտագործել կանայք, և որի ավելի մեծ չափերի շնորհիվ հնարավոր կլինի հեռախոսի մարտկոցները մի քանի անգամ լիցքավորել»,-ասում է Գևորգը։

Նրա խոսքերով՝ Volterman-ի օրինակով ցույց են տալիս՝ ինչքան կարևոր է GlobalAM-ի հիմնական նպատակը՝ օգնել հայկական ստարտափներին դուրս գալ միջազգային շուկա, որպեսզի դրսից փողերը Հայաստան գան ոչ թե որպես աշխատավարձ, առավել ևս ներդրում, որը, հետագայում ավելի մեծ գումար դառանալով, հետ է վերադառնալու, այլ որպես մեր ստեղծած արտադրանքի կամ ծառայության դիմաց վճարած գումար, որը կայուն է, ավելի մեծ շահույթ է ենթադրում, ինչն էլ մեծ ազդեցություն ունի տնտեսության զարգացման վրա։

«Volterman-ի հաջողությունը շատ ոգևորիչ է լինելու։ Չնայած ստարտափ համայնքում հիմա հստակ ակտիվություն է նկատվում, բայց նման օրինակների շնորհիվ սեփական արտադրանք ստեղծելն ու քրաուդֆանդինգի միջոցով միջազգային շուկա դուրս գալը ավելի իրական կդառնա։ Volterman-ի մեջ ամեն մարդ իրեն տեսնում է՝ կաշի արտադրողը, նորաձևության դիզայները, ինժեները, ծրագրավորողը։ Ցանկացած մարդ, անկախ իր ոլորտից, հասկանում է, որ սրա նման պրոդուկտ ինքն էլ կարող է անել, հասնել միջազգային շուկա, գումար ստանալ։ Տեսնում է, որ նման բան անողն իր կողքին ապրող մարդիկ են, իր ընկերներն են, հասկանում է, որ ինքն էլ ունի առաջ գնալու բոլոր հնարավորություններն ու չի հրաժարվում իր մտքերից՝ մտածելով, որ ամեն ինչ կստացվի։ Արդեն հստակ հասկանում է ՝ ում դիմի, ինչ անի ու ոնց իրականացնի իր գաղափարը»,- ասում է Գևորգը։

Լուսանկարները՝ Volterman-ի

Մեկնաբանություններ (6)

Մագդա
Բարև Ձեզ։ Ինչպես կարող ենք գնել?
Էդգար Մնացականյան
Բարև ձեզ։ Որտեղից կարող ենք ձեռք բերել։ Շնորհակալություն։
Վալյա
Բռավո,,ես ուզում եմ...Իսկ արժեքը???
Hovik
Հետաքրքիր է ինչերեն է smart volet-ը, անգլերեն ճիշտ ձևը smart wallet-ն է: Հետաքրքիր է նաև, թե ինչ որ մեկը ուսումնասիրել է smart wallet-ների շուկան, ինչքա՞ն է շուկայի մեծությունը, ինչքա՞ն է աճի տեմպը, ինքա՞ն է միջին գինը, ո՞վքեր են հիմնական խաղացողները: Հաջողություն:
Իսկ եթե ջուրն ընկնի? Ինչ անել էդ դեպքում?
Իսկ եթե ջուրն ընկնի? Ինչ անել էդ դեպքում?
Վլադիմիր Կոստանյան
Լրիվ վստահում եմ: Հաջողություն Ձեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter