HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կուրսանտի սպանության գործով առանցքային վկան մեկնել է արտագնա աշխատանքի

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առանցքային վկա Սամվել Սերոբյանը 2017-ի փետրվարին զորացրվել, ապա մեկնել է արտագնա աշխատանքի:  Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս բովանդակությամբ գրություններ է ստացել Սերոբյանից ու վերջինիս հորից:

Սամվել Սերոբյանը սպանված Հայկազ Բարսեղյանի սենյակում էր քնում: Նախաքննության ընթացքում գործով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ է տվել:

Այս դատավարության ընթացքում մեկ անգամ, երբ Սերոբյանը դեռևս ծառայության մեջ էր գտնվում, և նրան դատարան ներկայացնելու պատասխանատվությունը զորամասի հրամանատարության վրա էր դրված, վկան ներկայացել էր դատարան, սակայն  ցուցմունք չէր տվել. վերջինս իրեն վատ էր զգացել, հայտնել էր, որ ի վիճակի չէ հարցերին պատասխանել, որից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց:

Այսօրվա դատական  նիստին դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ մայիսի 6-ին  Սերոբյանի կողմից ստացված գրությամբ, որում վկան հայտնում է իր արտագնա աշխատանքի մեկնելու մասին, Սերոբյանը խնդրել է նաև հիմք ընդունել իր՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Մայիսի 12-ին դատարանը մեկ այլ գրություն էլ ստացել է Սերոբյանի հորից՝ Հարություն Սերոբյանից: Վերջինս հայտնել է, որ որդին,  իրենց սոցիալական վիճակով պայմանավորված,  մեկնել է արտագնա աշխատանքի, և իրենք  դատարանից ուղարկված գրությունները ստանում են, բայց հնարավոր չէ, որ Սամվել Սերոբյանը ներկայանա դատարան:

Գործով մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանը, ինչպես նաև դատավարության մյուս կողմերն առաջարկեցին, որպեսզի դատարանն իր իրավասության շրջանակներում ճշտի` արդյոք Սերոբյանն իսկապես լքել է Հայաստանի սահմանները, որից  հետո միայն անդրադառնալ նրա հարցաքննությանը:

«Հետք»-ի հետ զրույցում ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը կարծիք հայտնեց,  որ եթե որևէ կերպ չապահովվի Սերոբյանի`դատարանում ցուցմունք տալը, ապա դա կարող է բացասական հետևանքներ ունենալ գործի համար:

Ըստ Նադիրյանի`Սամվել Սերոբյանն այս գործով առանցքային այն վկաներից է, ով նախաքննության ընթացքում բազմաթիվ հակասություններով ցուցմունքներ  է տվել, ու իրենք`ամբաստանյալների պաշտպանները, բազմաթիվ  հարցեր ունեն նրան տալու:

«Ես  պատահականություն չեմ համարում հանգամանքը, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ` իր հարցաքննության ընթացքում, Սերոբյանը, այսպես ասած, վատացավ,  հետագայում այդպես էլ չներկայացվեց դատարան, ապա զորացրվեց, ու հիմա էլ, փաստորեն, դիմում ենք ստանում, որ նա մեկնել է կամ ցանկանում է մեկնել Հայաստանից»,- ասաց Նադիրյանն ու վստահեցրեց, որ իրենք`ամբաստանյալների պաշտպանները, օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու են, որպեսզի ապահովվի Սամվել Սերոբյանի ներկայությունը դատարանում:

Նադիրյանը հիշեցրեց, որ վկան, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության,  իրավունք չունի բնակության վայրը փոխելու, ու նշեց, որ եթե հաստատվի, որ Սերոբյանը լքել է Հայաստանն ապա, ստացվում է, որ նա խախտել է կարգը:

Նադիրյանի խոսքով՝ օրենքը այլ երկրում գտնվող անձին  դատարան կանչելու հնարավորություն տալիս է, սակայն դա կախված է նաև այն հանգամանքից, թե որ երկրում է գտնվում տվյալ անձը, արդյոք այդ երկրի հետ Հայաստանը  իրավական փոխօգնության պայմանագիր ունի, թե՝ ոչ:

Նշենք, որ վկայի ներկայությունը դատարանում որևէ կերպ ապահովելու անհնարինության դեպքում հրապարակվում են նրա`նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ Սամվել Սերոբյանն այս գործով առանցքային վկա է, ով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ է տվել, և  պաշտպանական կողմը, փաստորեն, միայն նրա նախաքննական ցուցմունքները հրապարակվելու դեպքում,  կզրկվի նրան առերես հարցեր տալու իրավունքից, հետագայում կարող է հարց բարձրացվել վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ևս շահագրգռված է, որպեսզի դատարանում ապահովվի Սամվել Սերոբյանի ներկայությունը:

Այսօր դատարան չէին ներկայացվել նաև գործով  մյուս վկա ու տուժող զինծառայողները:

Նրանցից չորսի վերաբերյալ դատարանը համապատասխան գրություն է ստացել, որով հրամանատարությունը հայտնել է, որ զինվորները զորավարժությունների են մասնակցում, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 18-ը:

Այսօրվա դատական նիստը դարձյալ հետաձգվեց: Դատարանը քայլեր կձեռնարկի հաջորդ դատական նիստին հնարավոր վկաների ներկայությունը դատարանում ապահովելու ուղղությամբ:

 Հիշեցնենք՝ 2015-ի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում հայտնաբերվել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողից կախված: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter