HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել

Այսօր, ժամը 15:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Ոստիկանները նրան ասել են, թե բերման են ենթարկում սառը զենք կրելու կասկածանքով: Այս մասին «Հետք»-ին ասաց Ոստիկանության Կենտրոնի բաժնում գտնվող Կիվիրյանը:

«Հյուսիսային պողոտայով քայլում էի, մոտեցան, պահանջեցին, որ թույլ տամ խուզարկել ինձ, պարզ է, որ հրաժարվեցի, և քիչ հետո ասացին, որ բերման են ենթարկում`սառը զենք կրելու կասկածանքով»,- ասաց Կիվիրյանը՝ պնդելով, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են եղել:

«Պատվերով են մոտեցել, պարզ է, որ գիտեին, թե ում են մոտենում»,- ասաց Կիվիրյանը:

Վերջինիս փաստաբաններ Արամազդ Կիվիրյանը, Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն այս պահին Ոստիկանության Կենտրոնի բաժնում են:

Մեզ հետ զրույցում Վարոսյանը հայտնեց, որ րոպեներ առաջ տեղի է ունեցել Կիվիրյանի անձնական խուզարկություն, և այս պահին կազմվում է արձանագրությունը։

«Բնականաբար որևէ սառը զենք կամ դրան նմանվող որևէ առարկա չի հայտնաբերվել։ Ակնհայտ էր նաև, որ նման կասկած ունենալու որևէ հիմք ոստիկանները չեն ունեցել։ Նման իրի բացակայությունն ակնհայտ էր նաև նախքան խուզարկությունը` Արգիշտի Կիվիրյանի հագուստն արտաքինից զննելիս։ Նման պայմաններում ակնհայտ է երկու բան. Արգիշտի Կիվիրյանը ազատությունից զրկվել է, քանի որ Արգիշտի Կիվիրյանն է, և երկրորդ` մեզանից յուրաքանչյուրն ազատ չէ մեր սեփական քաղաքում անգամ զբոսնել»,- ասաց Վարոսյանն ու նշեց, որ ոստիկանության գործողություններն օրենքով սահմանված կարգով պատրաստվում են բողոքարկել:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Կիվիրյանը բերման է ենթարկվել իրավախախտում կատարելու կասկածանքով, բայց թե ի՞նչ իրավախախտման մասին է խոսքը` հրաժարվեցին հստակեցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter