HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շնորհիվ «Կանաչ էներգիա» ծրագրի վերաբացվեց Հայկավանի մանկապարտեզը

Շիրակի մարզի Հայկավան համայնքում հունիսի 1-ը կրկնակի տոն էր ոչ միայն երեխաների, այլեւ համայնքի բնակիչների համար: Հայկավանցիների մեծ մասը գերադասել էր փոքրիկներին Գյումրիում կազմակերպված միջոցառումներին մասնակից դարձնելու փոխարեն` մնալ գյուղում եւ մասնակցել մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայկավանի 25-ամյա ղեկավար Սամվել Մխոյանի փոխանցմամբ, 1988-89թթ-ին շահագործման հանձնված շենքում մանկապարտեզը գործել է մինչեւ 1999թ-ը: Նախատեսված է եղել 100 երեխայի համար, գործել է չորս խմբով: Հետագայում, ֆինանսավորման բացակայության պատճառով, դադարեցրել է գործունեությունը: Տարիներ անց, դատարկ մնացած շենքը վերագործարկելուց առաջ հիմնանորոգելու եւ կահավորելու խնդիր է դրվել:

Սամվել Մխոյանը

«Վերանորոգվել է մարզպետ Լիդա Նանյանի ղեկավարման տարիներին՝ մաս-մաս, հրատապ ծրագրի շրջանակներում, սակայն դրանից հետո էլ չի գործել գույքի բացակայության պատճառով: Հիմնադրամների, այլ բարեգործների միջոցով հնարավոր եղավ որոշակի գույք ապահովել անցած տարի աշնանը, բայց քանի որ ջեռուցման խնդիր կար՝ չնայած ներքին ցանցի առկայությանը, բնականաբար ձմռանն էլ ոչինչ չնախաձեռնեցինք, սպասեցինք մինչեւ օրերը տաքանան»,-բացատրում է Սամվել Մխոյանը:

Հայկավանի բյուջեն 33 մլն դրամ է, որից սեփական եկամուտները 10 մլն, 23 մլն դրամն էլ պետության կողմից հատկացվող աջակցությունն է: Սամվել Մխոյանն ասում է, որ մանկապարտեզի բնականոն գործունեությունն ապահովելու համար առաջիկա վեց ամսվա համար որոշում են կայացրել բյուջեից հատկացնել 6,5 մլն դրամ: Նշում է, որ մեծ աջակցություն էր մանկապարտեզի վերաբացման հետ կապված «Բիոսոֆիա» հկ-ի աջակցությամբ արեւային ջրատաքացուցիչի տեղադրումը: «Էներգետիկ ծախսի առումով մենք ինչ-որ տեղ շահեցինք, որ ջրատաքացուցիչը դրվեց: Հիմա տաք ջրի համար էլեկտրաէներգիա չենք ծախսելու, բայց, դրա փոխարեն, սոցիալապես անապահով 4 կամ 5 երեխայի վարձն ենք զեղչելու»,-նկատում է համայնքապետը:

Մանկապարտեզի վերաբացմանը ներկա «Բիոսոֆիա» հկ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ Հայկավանի համայնքապետը դիմել էր փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում գյուղում որեւէ ծրագիր իրականացնելու համար: Իրենք պատրաստակամություն են հայտնել համագործակցության, սակայն որոշակի պայմաններ են առաջադրել:

Գեւորգ Պետրոսյանը

«Կանաչ էներգիան հանուն կանաչ սոցիալ-տնտեսական առաջընթացի» ծրագրի շրջանակներում 15 փոքր դրամաշնորհ է ֆինանսավորվել, մեկն էլ Հայկավանի մանկապարտեզում արեւային ջրատաքացուցիչ տեղադրելու ծրագիրն է եղել: Իհարկե նախապայման էինք դրել, որ գյուղապետն անպայման գործարկի մանկապարտեզը, որովհետեւ երբ մեզ դիմեցին՝ մանկապարտեզը չէր գործում: Մյուս պայմանն էլ էն էր, որ գումարների տնտեսման հաշվին սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ ազատվեն վարձավճարից, որ երեխաները հնարավորություն ունենան մանկապարտեզ հաճախելու»,-պարզաբանում է «Բիոսոֆիա» հկ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը:

Հովհաննես Պետրոսյանը

Մանկապարտեզի վերաբացումից երեխաների չափ կամ գուցե առավել, ուրախացել էր հայկավանցի 87-ամյա Հովհաննես Պետրոսյանը: Գյուղում նրան բոլորը կոչում են՝ քեռի Սաքո: Հարգարժան այս ծերունին, 1992թ-ից որպես պահակ է աշխատել մանկապարտեզում, եւ գործունեությունը շարունակել անգամ հաստատության փակվելուց հետո: Գյուղում ասում են` նրա շնորհիվ է, որ շենքը չի թալանվել ու պահպանվել է այսքան տարի: «Ըբը չե՞մ ուրխցել, աղջիկ ջան, շատ եմ ուրխըցել,-ժպիտով հայտարարում է քեռի Սաքոն,-ըսուրից էլ լավ բա՞ն: Թե չէ ինչ էր էն վախտը, գեղի կնկտիք չիդեին հորթի ետեվից վազեին, թե էրեխեքի»:

1300 բնակիչ ունեցող գյուղում մանկապարտեզի բացակայությունը բնակիչների կարծիքով երկրորդ մեծ բացն էր կապույտ վառելիքից հետո (Հայկավանը չգազիֆիկացված համայնքների թվում է): «Ալվան ծաղիկ» կոչվող մանկապարտեզում գործելու է երկու խումբ, որտեղ հաճախելու է 40 երեխա: Մանկապարտեզի տնօրեն Նաիրա Միքայելյանն ափսոսում է, որ գյուղի գազիֆիկացման անկատար ծրագրի պատճառով իրենք ստիպված են լինելու նոյեմբերից արձակուրդ տալ երեխաներին մինչեւ գարուն:

Նաիրա Միքայելյանը

«Էս պահին ամենաուրախացնողն էն է, որ շուրջօրյա տաք ջուր ունենք շենքի երկու հարկերում էլ՝ շնորհիվ «Կանաչ էներգիա» ծրագրի, նաեւ զեղչերի պահն է շատ կարեւոր: Մեր մոտ վարձը 5000 դրամ է որոշված, բայց կան ընտանիքներ, որ չեն կարողանալու տալ, մի քանիսի համար զեղչ կլինի, ասում է Նաիրա Միքայելյանը,- ներկայում որոշակի պրոբլեմներ կան առաջին հարկի հետ՝ կոսմետիկ նորոգումներ պետք է արվեն, կարծում եմ համայնքապետարանն այդ հարցում էլ կօգնի»:

Հայկավանի մանկապարտեզի շենքը բավական մեծ է եւ ֆունկցիոնալ առումով հնարավոր է ծառայեցնել նաեւ կրթական այլ նպատակների: Համայնքապետը մտադիր է շենքի չօգտագործվող հատվածի մի մասում արվեստի դպրոց բացել, մյուս հատվածում էլ՝ մարզաառողջարարական կենտրոն` գյուղի երեխաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter