HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երկու սպանություն, բայց մեկ մարմին. դատախազը 25 տարվա ազատազրկում է պահանջում

Քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատախազը 25 տարվա ազատազրկում է պահանջում ամբաստանյալի համար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատախազ Հայկ Հակոբյանը երեք ժամ շարունակ ընթերցեց այս գործով մեղադրական ճառը՝ ապացուցված համարելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, այսինքն՝ Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են  Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար: Մովսես Ներսիսյանի դին առ այսօր չի հայտնաբերվել, և  նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:

Ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են, և Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել է «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը գնացել է Հայաստանից:

Նշենք, որ դիտահորը, որտեղից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանին, գտնվում է Սարգսյանին պատկանող հողատարածքի մոտ: Այստեղ տևական ժամանակ ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարվել՝ Ներսիսյանի դիակը հայտնաբերելու ուղղությամբ:

Չարենցավան քաղաքից մինչև Աերացիա հասնող կոյուղաջուրը Աերացիայում մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Աերացիայում նույնպես Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել.

Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն  դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:

Դատախազ Հակոբյանն իր ճառում նշեց, որ հնարավոր է` Մովսես Ներսիսյանի դին քայքայվել է  և այդպիսով հասել Արաքս:

Նշենք, որ Իսրայել Սարգսյանը պնդում է, թե Մովսեսին չի սպանել, որ նա գնացել է Հայաստանից: Դատախազն այսօր ճառում նշեց, որ Մովսես Ներսիսյանը որևէ անցակետով չի անցել Հայաստանի սահմանը. ինչպես նաև չկան բավարար տեղեկություններ` նրան ողջ համարելու համար:

Ինչպես հայտնի է, այս քրեական գործում առկա է մի ձայնագրություն, որում Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանին պատմում է, թե ինչպես է Մովսեսին պատվիրել Սաֆարյանի սպանությունը, ապա սպանել նաև Մովսեսին:

Սարգսյանը պնդում է, թե ինքը Արթուր Սաֆարյանի սպանության մեջ կասկածել է Տիգրանին ու դիտմամբ է նրան այդպիսի հանգամանքներ հայտնել՝ հասկանալու համար, թե դրանց ինչպես կարձագանքի: Այդ ձայնագրության որոշ հատվածներ մոնտաժված են, և Իսրայել Սարգսյանը պնդում է, թե այն ամբողջական տեսքով հետազոտելու դեպքում պարզ կլիներ իրականությունը, այլ ոչ թե այդ ձայնագրության պատճառով իրեն քրեական պատասխանատվության կենթարկեին: Բացի այդ, պաշտպանական կողմը պնդում է, որ այդ ձայնագրությունը նախաքննական մարմնին է ներկայացրել Տիգրան Ասատրյանը, այն ապօրինի է արված և չի կարող կցվել գործին:

Դատախազ Հայկ Հակոբյանն անդրադարձավ այս հանգամանքին ու նշեց, թե ձայնագրությունը ոչ թե Տիգրան Ասատրյանն է տրամադրել, այլ այն հայտնաբերվել է Տիգրան Ասատրյանի բնակարանի խուզարկությամբ, հետևաբար անօրինական չէ: Ինչ վերաբերում է ձայնագրության մոնտաժված լինելու հանգամանքին, ապա դատախազը, հղում կատարելով Ասատրյանի ցուցմունքին, նշեց, թե դրանից մոնտաժվել են գործի հետ կապ չունեցող, անձնական խոսակցություններ պարունակող հատվածներ:

Այսօր այս գործի քննության ընթացում առաջին անգամ մեղադրողի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության որոշակի շարժառիթի մասին խոսվեց: Հայկ Հակոբյանը թեև չօգտագործեց «շարժառիթ» տերմինը, բայց մեղադրական ճառն ընթերցելիս նշեց, թե Իսրայել Սարգսյանը արարքը կատարել է Թևոս Սաֆարյանի դիրքը շրջապատում թուլացնելու նպատակով:

Դատախազը ամբաստանյալի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չնշեց, այդպիսիք չկան, Սարգսյանին մեղսագրվող սպանություններից յուրաքանչյուրի համար պահանջեց 17 տարվա, իսկ ապօրինի զենք կրելու համար` 2 տարվա ազատազրկում, առաջարկեց նրա նկատմամբ պատիժների համակցության արդյունքում վերջնական պատիժ նշանակել 25 տարի ժամկետով ազատազրկումը:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը, որպեսզի Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը նախապատրաստվի պաշտպանական ճառին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter