HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գործով դատն առանց սկսվելու հետաձգվեց. դատարանին չհաջողվեց դադարեցնել աղմուկը

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՊՊԾ գունդը գրավելու գործով առաջին դատական նիստը, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանն, առանց նիստը բացելու, այն հետաձգեց մինչև հունիսի 21-ը:

Դատարանի դիմաց դեռևս նիստից ժամեր առաջ մի քանի շարքով արգելապատնեշներ էին դրվել, որոնց դիմաց մեծ թվով ոստիկաններ հսկողություն էին իրականացնում:

Դատարանի դիմաց հավաքված առանց այն  էլ հոծ բազմությանը շուտով միացան Ազատության հրապարակից երթով դեպի դատարան եկած քաղաքացիներ, որոնք «Սասնա ծռեր»-ի աջակիցներն էին:

Հավաքված քաղաքացիներին դատարանի դահլիճում տեղավորել չհաջողվեց. դրսում էին անգամ որոշ փաստաբաններ ու ամբաստանյալների հարազատներ: Դժգոհում էին թե՛ ներսում «խցկված» մարդիկ, թե՛ դրսում գտնվողները:

Դրսում մնացածների շարքում էր նաև ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի մայրն, ով Սյունիքի մարզից էր  եկել որդուն, ում տեսակցությունների վրա արգելանք է դրված,  գոնե այսօր տեսնելու, ինչը, փաստորեն, չհաջողվեց:

Շուտով դատական նիստերի դահլիճ  բերվեցին ամբաստանյալները: Դահլիճում հավաքված քաղաքացիները, անունները բացականչելով, դիմավորեցին «Սասնա ծռեր»-ին:

Երբ  ներս մտավ Պավլիկ Մանուկյանը, քաղաքացիները սկսեցին նաև ծափահարել: Մանուկյանը` ձեռքերը վեր բարձրացրած, հայրենասիրական երգ սկսեց երգել ու հավատացրեց, որ իրենց տրամադրությունը մարտական է: Քիչ անց դատարանի դահլիճ մտավ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, և Պավլիկ Մանուկյանը, ոտքի կանգնելով, համբուրեց նրա ձեռքը:

Քիչ անց  դատավոր Արտուշ Գաբրիելյանը դահլիճ եկավ,  ու մեղադրյալներից ոմանք հրաժարվեցին ոտքի կանգնել:

Գաբրիելյանը մի քանի անգամ հավաքվածներին հորդորեց լռել, որպեսզի հնարավոր լինի սկսել դատավարությունը: Մեղադրյալներից մեկը տեղից բղավեց, թե դատավորն իրավունք չունի ժողովրդին լռեցնելու:

Րոպեներ անց` Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մինչև հունիսի 21-ն ու հեռացավ նիստերի դահլիճից:

Նիստից հետո փաստաբան Ինեսսա Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ Էրեբունու դատարանի այն դահլիճում, որտեղ նիստն էր, անհնար է շարունակել դատական գործընթացը:

«Իշխանությունները պետք է հասկանան, որ այս դատական նիստը, որն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, պետք է տեղափոխել մեկ այլ՝ ավելի հարմարավետ դահլիճ և բոլորի համար հավասար պայմաններ ապահովել»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծիք հայտնեց,  որ իշխանություններին ի սկզբանե պարզ էր, որ այս դահլիճում նիստն անցկացնելու պարագայում նման իրավիճակ է առաջանալու, բայց, այդուհանդերձ, գնացին այդ քայլին:

Շուշանյանը նշեց որ թե՛  Էրեբունի դատարանում, թե՛ Երևանի այլ դատարաններում կան ավելի մեծ դահլիճներ, որտեղ կարելի էր անցկացնել նիստը, բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ նիստի հրապարակայնությունն ու այն անցկացնելու համար պատշաճ պայմաններ ստեղծելն իրենց՝ պաշտպանների պարտականությունը չէ, այլ պետության, ուստի իրենք շարունակելու են պատշաճ պայմանների ապահովում պահանջել:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter