HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Պարոն Շիրխանյան, կանգնեք»,- դատավորը՝ սայլակով դատարան բերված Վահան Շիրխանյանին

«Զինված խմբի» գործով դատական նիստերը վերսկսվել են: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով այսօր նշանակված նիստին առաջին անգամ «ներկայացվել էր» ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Վերջինս անվասայլակով դատարան բերվեց, և հենց սայլակի վրա նստած էլ պիտի մասնակցեր դատական նիստին, որը, սակայն, հետաձգվեց՝ պաշտպաններից ոմանց և ամբաստանյալ Նելլի Մինասյանի բացակայության պատճառով:

Երբ դատավորը ներս մտավ, ամբաստանյալ Շիրխանյանը ոտքի չկանգնեց: «Պարո՛ն Շիրխանյան, կանգնե՛ք», - դիմելով Շիրխանյանին՝ ասաց դատավոր Արմեն Բեկթաշյանը: Պաշտպաններից մեկն արձագանքեց, թե Շիրխանյանն ի վիճակի չէ:

«Ո՞վ ասաց, որ ի վիճակի չէ. դուք փորձագե՞տ եք, բժի՞շկ եք»,- հակադարձեց Բեկթաշյանն, ով արդեն ստացել էր Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ նշանակված համալիր փորձաքննության պատասխանները, համաձայն որոնց՝ Շիրխանյանն ի վիճակի է ներկա գտնվելու դատական նիստերին:

Բեկթաշյանը Շիրխանյանի պահվածքը դիտարկեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: 

Այսօր դատարան չներկայացած 4 պաշտպաններից միայն Արմինե Ֆանյանն էր գրությամբ հայտնել չներակայանալու պատճառի մասին: Բեկթաշյանը, արձագանքելով պաշտպանների բացակայության հանգամանքին, հիշեցրեց, որ այս գործով դատական նիստերը նախնական պայմանավորվածության համաձայն՝ պիտի տեղի ունենան յուրաքանչյուր ուրբաթ օր:

«Այն ժամանակ, երբ ձգձգվում էին նիստերը, ասում էինք` դատավորն է մեղավոր, իսկ հիմա պաշտպանները չեն ներկայանում, դարձյալ դատավո՞րն է մեղավոր»,- ասաց Բեկթաշյանն, ինչին արձագանքելով` Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, թե այո, այն ժամանակ դատավորն է մեղավոր եղել:

«Տեսեք, այսօր սայլակի հարցը լուծվեց, և իմ պաշտպանյալը ներկայացավ դատարան. ընդամենը մի սայլակ հայթայթելու անհնարինության պատճառով այս դատական նիստը 6 ամիս ձգձգվել է», - ասաց Ալումյանը: Բեկթաշյանը, հակադարձելով, պահանջեց այն իրավական նորմը, որին հղում կատարելով՝ ինքը պիտի Շիրխանյանին դատարան ներկայացնելու իրավասություն ունեցող պետական մարմնին ցուցում տար, թե ինչպես կատարի իր գործառույթն, ապա հետաձգեց դատական նիստը:

Դրա ավարտից հետո Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատավորի պահվածքին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը դատավորի պահվածքը գնահատում է որպես անհարգալից վերաբերմունք արդարադատության նկատմամբ:

«Մնում է, որ Շիրխանյանը ներողություն խնդրի, որ ինքը հիվանդ է»,- ասաց Ալումյանն ու նկատեց, որ չնայած փորձագետները եզրակացրել են, որ իր պաշտպանյալը ի վիճակի է ներկայանալ դատական նիստերին, բայց նրանք չեն նշել, որ վերջինս ի վիճակի է ինքնուրույն տեղաշարժվել, հակառակ դեպքում Շիրխանյանը սայլակով չէր բերվի դատարան:

Նշենք, որ թեև Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունն արդեն առկա է` այն այսօր դատարանում չի ընթերցվել՝ հաշվի առնելով, որ դատավարության որոշ մասնակիցներ բացակա էին, և նիստը ենթակա էր հետաձգման:

Մեկնաբանություններ (3)

Լուսիկ
Անօգնական, տարեց մարդու նկատմամբ, ով զբաղեցրել է պետական բարզր պաշտոն, առնչվող պետական գաղտնիքների հետ, նման նսեմացնող վերաբերմո՞ւնք... Դատավոր է, թե՞ դահիճ:
Mamyan A.
Այ, թե ինչու չենք վերադարնում ՛ապահով՛ Հայաստան:
Հասմիկ Ա. Ա.
Իսկ դատավորն իրավունք ունի՞ ծաղրելու հաշմանդամ մարդուն: Էլ չեմ ասում բարոյական կողմի մասին: Դատը չսկսված բացահայտ երևում է դատավորի ատելությունն ու կողմնապահությունը: Ի՞նչ իմաստ ունի նման դատավորի դատավարությունը: Լավ է' մահապատիժ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter