HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու վարչական վերահսկողության հանձնաժողովը չի արձանագրել Շենավանի ավագանու խախտումները

Գայանե Սարգսյան

Վերջին տարիներին Լոռու մարզի Շենավան համայնքում ավագանու անդամները մասնակցել են իրենց ու իրենց հարազատներին վերաբերող օրակարգային հարցերի քննարկմանը` կողմ քվեարկելով իրենց ֆինանսապես աջակցելու մասին հարցերին: Այս կերպ, ինչպես և Լոռու մարզի մի շարք համայնքներում, Շենավանում ավագանին խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետը, ըստ որի` «ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների ու մերձավոր բարեկամների՝ ծնող, քույր, եղբայր, երեխա շահերին»:

Մասնավորպես` 2016թ. մայիսի 10-ին ավագանու  թիվ 8 որոշմամբ 140.000 դրամի չափով սոցօգնություն է տրամադրվել համայնքի թվով 11 ընտանիքների: Ավագանու անդամ Գագիկ Մովսիսյանը կողմ է քվեարկել իրեն 20.000 դրամի չափով սոցիալական օգնություն հատկացնելու մասին հարցին:

Նույն որոշմամբ  ավագանին չի զլացել ու 10.000 դրամ էլ հատկացրել է նիստից բացակայող գործընկերոջը՝ Համլետ Վարազդատի Դունամալյանին:

Իրենք իրենց աջակցելու հարցում ակտիվ են եղել նաև համայնքի նախորդ գումարման ավագանու անդամները: 2015թ. դեկտեմբերի 17-ի թիվ 18 որոշմամբ ավագանու անդամ Իվան Դունամալյանը և Մարզպետունի Դունամալյանը կողմ են քվեարկել  իրենց 10.000-ական դրամի չափով սոցիալական օգնություն տրամադրելու մասին հարցին:

Քվեարկությանը չեն մասնակցել համայնքի ավագանու մյուս երեք անդամները, սակայն դա չի խանգարել, որ ներկա գործընկերները ֆինանսական օգնություն հատկացնեն նաև նրանցից երկուսին՝ Հրայր Միրզոյանին և Համլետ Դունամալյանի  կնոջը՝ Զինա Դունամալյանին:  

Այսինքն, ավագանու որոշմամբ սոցիալապես անապահով համարված ու ֆինանսական աջակցություն ստացած թվով 8 ընտանիքներից գոնե 4-ը ավագանու անդամներն են կամ նրանց ընտանիքի անդամները: 

2015թ. հուլիսի 28-ին էլ ֆինանսական օգնություն է ստացել ավագանու անդամ Հրայր Միրզոյանի որդին՝ Հովհաննես Միրզոյանը: Հայրն էլ իր ստորագրությամբ տվել է համաձայնությունը` որդուն 10.000 դրամի չափով աջակցելու:

Սրանք նախորդ գումարման ավագանու թույլ տված խախտումերից են: Վերջին՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում Շենավանում ձեւավորվել է ավագանու նոր կազմ, որում ներգրավվել են նախորդ գումարման ավագանու անդամներից էլ: Հին ու նոր ավագանու անդամներն էլ շարունակել են մինչ այդ ձևավորված ավանդույթը` շարունակելով համայնքի բյուջեի սուղ միջոցներից գումարներ հատկացնել իրենց ընտանքիներին:

Այսպես, 2016թ. նոյեմբերի 22-ի թիվ 25 որոշմամբ ավագանին ընդհանուր 100.000 դրամի չափով ֆինանսական օգնություն է հատկացրել 8 բնակչի: Բնաբնակ ավագանու անդամ Հրայր Միրզոյանն այս դեպքում էլ կողմ է քվեարկել իրեն 10.000 դրամի չափով աջակցելու հարցին:

2016թ. դեկտեմբերի 20-ի թիվ 27 որոշմամբ էլ ավագանու անդամները տարեվերջյան աջակցությամբ եզրափակել են տարին` իրենք իրենց հատկացնելով գումար համայնքի բյուջեից: Ավագանու անդամներ Պարույր Կարապետյանը, Ստյոպա Կարապետյանը համաձայնել են իրենց աջակցել 10.000-ական, համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայող Գեղեցիկ Աթիկյանի ամուսին Ռազմիկ Սարգսյանին՝ 15.000 դրամի չափով

Մեզ հետ զրույցի ժամանակ Շենավանի համայնքապետ Գարուշ Դունամալյանը չժխտեց, որ ավագանու անդամները որոշումներ են ընդունել ու կողմ քվեարկել իրենց ու համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների ընտանիքներին ֆինանսապես աջակցելու հարցին` դա պատճառաբանելով օրենքի չիմացությամբ:

2017թ. առաջին եռամսյակում Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը ստուգում է իրականացրել այս համայնքում ու ավագանու որոշումներում սոցօգնության հատկացումների գծով որևէ խախտում չի հայտնաբերել` ավագանու գործառույթներին վերաբերող հարցաշարում արձանագրելով, որ օրենքի այդ կետը ՊԱՀՊԱՆՎԱԾ Է:

Մայիսի 29-ին անցկացված Լոռու մարզխորհրրդի նիստի ընթացքում անդրադառնալով այս խախտումների վերաբերյալ «Հետքի» նյութերին` Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ,  վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ Ալիկ Սահակյանն ասել էր. «Այս հարցը վերջերս հաճախ է բարձրաձայնվում»: Ապա հավելել է. «Մասնագիտական ստուգում իրականացնող աշխատանքային խումբը ստուգման ընթացքում չի կարող բացահայտել` այդ օգնություն ստացողը որ Սարգսյանն է, բարեկա՞մ է, թե՝ չէ: Այսինքն՝ դա թողնում ենք համայնքի ղեկավարի խղճի վրա»: 

Ի դեպ, 2017թ. մայիսի 30-ին Շենավանի ավագանին հանձնաժողով կազմելու որոշում է կայացրել, որում ներգրավված անդամներն էլ այսուհետ կքննարկեն բնակիչներից ստացած սոցօգնության դիմումներն ու 7-օրյա ժամկետում համայնքապետին կներկայացնեն տվյալ բնակչին ֆինանսական աջակցության հատկացման անհրաժեշտության ու չափի մասին եզրակացությունը:

Հանձնաժողովում ընդգրկված են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Աբրահամյանը, համայնքային ծառայող Գեղեցիկ Աթիկյանը, վերջինիս ամուսին Ռազմիկ Սարգսյանը, ավագանու անդամներ Պարույր Կարապետյանը, Գագիկ Մովսիսյանը, Ստյոպա Կարապետյանը:

Այսինքն՝ մարդիկ, ովքեր մինչ այժմ բյուջեի միջոցները սոցօգնության անվան տակ բաժան-բաժան են արել իրար մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter