
Կարկուտից տուժածները Մրգաստանում ճանապարհ են փակել
Նարեկ Ալեքսանյան
Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչներն այսօր ճանապարհ էին փակել՝ ի նշան բողոքի: Երեկ 12 րոպե տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Մրգաստանի և Էջմիածնի հարակից մի քանի գյուղերի տնտեսություններին: Գյուղացիները փաստի առաջ են կանգնել, քանի որ, դեռ անցած տարվա կարկուտի հետևանքները չմարսած, կրկին հայտնվել են նույն իրավիճակում, երբ վերցրած բազմաթիվ վարկերին ավելանալու են նորերը: Կարկուտը ոչնչացրել է սոխի, լոբու, ցորենի, բադրիջանի, կարտոֆիլի արտերը, տուժել են նաև պտղատու այգիները՝ կեռասի, ծիրանի, խնձորի:
Առավոտյան մարզպետն այցելել էր գյուղ, սակայն գյուղացիներն այդ այցից գոհ չէին, քանզի բավարար պատասխաններ չեն ստացել, իրենց խոսքերով՝ մարզպետը եկավ, ցավակցեց, գնաց:
Եթե հարցն այսպես մնա, և պետությունը քայլեր չձեռնարկի կարկուտի վնասը փոխհատուցելու համար, ինչպես անցած տարի չձեռնարկեց, գյուղացիները պատրաստվում են վաղը առավոտից ավելի երկար ժամանակով փակել ճանապարհը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքները, Շահումյանի թռչնաֆաբրիկան, որոնք երեկ կարկտահարվել են, ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, չեն վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:
Մեկնաբանել