HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

2017-ի մարտահրավերը ֆեյք նորություններն են

Այսօր մեկնարկեց «Թվապատում 2017» երկօրյա մեդիա կոնֆերանսը, որի առանցքային թեման մեդիա մենեջմենթն է: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով Գերմանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից ժամանած` ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրին թվային միջավայրում մեդիայի գոյատևման, զարգացման և հաջողության միջազգային փորձը։

Կոնֆերանսի առաջին օրը աչքի ընկավ թեմաների բազմազանությամբ: Բլից քննարկմամբ սկսված առաջին պատումը վերնագրված էր «Մեդիան փոթորկվող ժամանակներում» եւ նվիրված էր մեդիայի ֆինանսավորման հին եւ նոր մոդելներին, լրագրողի դերի եւ գործառույթների փոփոխմանը նոր միջավայրում, սոցիալական հարթակների ազդեցությանը մեդիաբովանդակության եւ լրագրողական աշխատանքի վրա:

Ապա, «Զարգացման հեռանկարներ» խորագրի ներքո զեկույցներ ներկայացվեցին նոր մեդիայի զարգացման միտումների, վտանգների եւ հեռանկարների մասին, ինչպես նաեւ «բացահայտվեց» աշխարհի ամենա-ամենա խմբագիրը:

«Հետք»-ը բանախոսների եւ քննարկման մասնակիցների ելույթներից առանձնացրել է առավել հետաքրքիր մտքերը եւ ներկայացնում է ընթերցողի ուշադրությանը: 

«Օլիգարխները բոլոր երկրներում գնում են մամուլը, եւ դա տարօրինակ չէ, չէ որ առաջին թերթերը հիմնադրել են հարուստները»:

«Մեր մասին տվյալները նոր թվային արժույթն է, եթե դու անվճար օգտվում ես gmail-ից, թվային հետք ես թողնում, եւ քո թվային տվյալը վաճառվում է գովազդատուին: Դա արվել է նաեւ միջնադարում, պարզապես դա պետք է անեն թափանցիկ ձեւով եւ լսարանին ասեն այդ մասին»:

«Ֆինանսական որ մոդելը կհաղթի ապագայում` բաժանորդագրությունը, թե գովազդը: Երկուսն էլ կօգտագործվեն, բայց եւ կստեղծվեն նոր բիզնես մոդելներ: Առայժմ ԱՄՆ-ում չկա որեւէ թերթ, որն առցանց բաժանորդագրությունից ավելի մեծ գումար ստանա, քան տպագիր տարբերակից: Առցանց բաժանորդագրությունը դեռեւս չի ծածկում տեխնոլոգիաների համար արվող ծախսերը: Պետք է գտնել երրորդ մոդելը»:

«Այսօր լրագրողները պետք է զբաղվեն ինքնակրթությամբ, գաղափար ունենան մենեջմենթից, մարքեթինգից, հատկապես փոքր խմբագրություններում լրագրողները պետք է իմանան` ինչպես են գոյանում իրենց խմբագրության միջոցները, ինչպես ֆինանսներ հայթայթել իրենց նախագծերի համար: Խմբագրություններում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած պատը մարքեթինգի եւ լրագրողների բաժնի միջեւ քանդվում է»:

«Սոցիալական հարթակները մեծապես ազդում են լուսաբանման վրա, եթե ձեր խմբագրությունը որոշում է զարգացնել ձեր լրատվամիջոցը այդ հարթակների հաշվին, ապա պետք է բովանդակությունը մոնետիզացնի` հաշվի առնելով այդ հարթակի պահանջները»:

«Հիմա ավելի շատ գումար եւ ռեսուրսներ են ծախսվում նույն բովանդակությունը տարբեր հարթակների հարմարեցնելու համար, քան բուն այդ բովանդակության ստեղծման վրա: Դա շեղում է խմբագրությանը իր հիմնական աշխատանքից»:

Նատալյա Լոսևա, Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի դասախոս, «Նոր մեդիա. միտումներ, վտանգներ, հնարավորություններ»

Միտում 1. «Մոբայլը` առաջին տեղում: Գլոբալ սպառման մեջ մոբայլը հաղթել է»:

Միտում 2. «Նորությունների տարածումը բովանդակությունից կարեւոր է: Կարողանալ բովանդակություն ստեղծել` քիչ է»:

Միտում 3. «Լրագրողի դերը փոխվում է: Նա անձամբ պատասխանատու է ինֆորմացիայի տարածման համար»:

Միտում 4. «Պայքար ներգրավվածության համար»:

Միտում 5. «Լսարանը գտնվում է ինֆորմացիայի հզոր հոսքերի ներքո եւ ֆիլտրերի կարիք ունի` որն է արժանահավատ, եւ ինչ է այդ ինֆորմացիան նշանակում իր համար»:

2017-ի մարտահրավերը ֆեյք կամ կեղծ նորություններն են, որոնք ծագեցին 2016-ի աշնանը` ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ` Թրամփի թիմի նախաձեռնությամբ:

Լուծումը ԶԼՄ-ների համագործակցությունն է լրատվությունը ճշտելու նպատակով:

Գժեգոժ Պիխոտա, ԱՄՆ-ի Հարվարդի բիզնես դպրոցի գիտաշխատող, նախկինում` լեհական ամենահայտնի «Գազետա Վիբորչա» թերթի գլխավոր խմբագիր

«Ամենահզոր խմբագիրը Մարկ Ցուկերբերգն է, որովհետեւ Ֆեյսբուքը աշխարհի ամենամեծ լսարանն ունի` մոտ 2 մլրդ մարդ: Ֆեյսբուքին են պատկանում լսարանի մեծությամբ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնող Messenger-ը` մոտ 1,2 մլրդ, WatsApp-ը` դարձյալ 1,2 մլրդ եւ 7-րդ տեղում գտնվող Instagram-ը` 700 մլն:

«Թեեւ Ցուկերբերգը հրաժարվում է Ֆեյսբուքը մեդիա անվանելուց` ասելով, թե «Մենք մեդիա ընկերություն չենք, այլ տեխնոլոգիական ընկերություն, որը ստեղծում է գործիքներ, ոչ թե բովանդակություն», սակայն մարդիկ վստահում են Ֆեյսբուքին իբրեւ մեդիում»:

«Ֆեյսբուքը պատասխանատու է ֆեյք նորությունները պոպուլյար դարձնելու համար: Այն տվյալներ է հավաքում ձեր մասին, ձեր գործողություններից 90 տոկոս ճշգրտությամբ կռահում, թե ինչպիսին եք դուք եւ ըստ այդմ պատմություններ կամ վճարովի բովանդակություն առաջարկում»:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի բնակչության 62 տոկոսը չգիտի, որ Ֆեյսբուքում ալգորիթմ կա, նրանց թվում է, թե այնտեղ իրենք տեսնում են բոլոր նորությունները: 49 տոկոսը չգիտի, թե որ մեդիա բրենդի լուրն է կարդացել, ասում է` ֆեյսբուքից եմ իմացել»:

«Ֆեյսբուքի ալգորիթմի ստեղծման պրոցեսը պետք է թափանցիկ լինի: Ֆեյսբուքում առաջարկվող հոգեբանական թեստերը թույլ են տալիս բացահայտել ձեզ եւ դա օգտագործել գովազդային եւ քաղաքական նպատակներով: Թրամփը 100 մլն դոլար ծախսեց ամերիկյան լսարանն ուսումնասիրելու համար, որպեսզի սեւամորթները մնան տանը, չգնան քվեարկելու եւ սպիտակամորթները քվեարկեն իր օգտին: Մեր մասին տվյալներով արդեն ընտրություններ են կեղծվում»:

«Ես հավատում եմ, որ Ցուկերբերգը չի ցանկանում կայսրություն ունենալ եւ նման ազդեցություն, բայց դա տեղի է ունեցել, եւ մենք պետք է պահանջենք որոշումների կայացման թափանցիկություն: Ֆեյսբուքի նման խոշոր ընկերությունները դանդաղորեն, բայց ընդունում են այս պահանջը, սակայն նրանք հարուստ են եւ պետք է արագ արձագանքեն բացասական երեւույթներին: Այս ամենի մասին պետք է խոսել թերթերի առաջին էջերին, որովհետեւ մարդիկ չգիտեն պրոբլեմի ծավալի մասին»:

«Ֆեյսբուքը մի գործիք է, որը բազմաթիվ կիրառություններ ունի, ինչպես դանակը, որով կարելի է թե հաց կտրել, թե մարդ սպանել: Խոշոր ընկերությունների սեփականատերերը այնքան էլ կույր չեն, նրանք ընտրություն են կատարում ալգորիթմներ գրելիս: Ուստի, այս բանավեճը կարելի է օգտագործել Ֆեյսբուքը բարելավելու համար»:

Սա արդեն չորրորդ «Թվապատում»-ն էր: Անցալ տարի տեղի ունեցած «Թվապատում. հետաքննության» մասին կարող եք կարդալ այս հղումով: Իսկ վաղը «Թվապատում 2017»-ի շրջանակում կներկայացվի հայկական փորձը: Բանախոսները հայկական նախագծերի (ampop.am, aniarc.am, daphne.am, TheArmenians.am) օրինակով կպատմեն, թե ինչպես կարելի է նոր ասելիքը հասցնել հին լսարանին, ինչպես փոթորկվող ժամանակներում մնալ մեդիայի ղեկին, ինչպես դիմակայել մրցակցությանն ու նոր հարթակներին աշխարհում:

Տեքստը` Լիանա Սայադյանի

Լուսանկարները` Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter