HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման գործին ներկա քաղաքացիներն ու լրագրողները ոչ թե լսում, այլ տեսնում են նիստը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով արտագնա նիստը մեկ ժամով ընդմիջվեց: Պատճառը դատավարության մասնակից փաստաբանների մեծամասնության՝ դահլիճ չներկայանալն էր:

Վերջիններս դատարանի շենքի դիմաց էին. դատական նիստից առաջ կարգադրիչները զննում էին փաստաբաններին, ապա, «կասկածելի» իր հայտնաբերելու դեպքում, նրանցից պահանջում բացել պայուսակները` պարզելու համար, թե ինչ իր է ներսում:

Փաստաբաններն էլ հրաժարվում էին բացել պայուսակը՝ պնդելով, որ այդ երևույթը ոչ թե արտաքին զննություն, այլ խուզարկություն է, ուստի դատական կարգադրիչները թույլ չէին տալիս նրանց մուտք գործել նիստերի դահլիճ:

Արդյունքում նիստի մեկնարկին դահլիճում միայն երկու փաստաբան կար. Արա Ղարագյոզյանն ու Արմինե Ֆանյանը: Նրանցից Ֆանյանի մոտ «կասկածելի» իր չէր հայտնաբերվել, իսկ Արա Ղարագյոզյանը շուտ էր եկել դատարան, և կարգադրիչները դահլիճ մուտք գործելիս նրա համար խոչընդոտներ չէին ստեղծել: Թե ինչ միջոցով է դատավոր Արտուշ Գաբրիելյանն այժմ պատրաստվում ապահովել փաստաբանների ներկայությունը դատական նիստին, առայժմ պարզ չէ.  դատարանի դիմաց հավաքված փաստաբանները վստահեցնում են, որ չեն պատրաստվում թույլ տալ խուզարկել իրենց:

Նշենք, որ այս գործով դատական նիստից երկու օր առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ մեկ դահլիճը, որտեղ նշանակվել են դատական նիստերը, ապակեպատվել է: Հրապարակային նիստից որևէ բառ լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների և այլ քաղաքացիների համար: Րոպեներ տևած դատական նիստի ընթացքում քաղաքացիները մի քանի անգամ պահանջեցին ապահովել դատավարության հրապարակայնությունը, ապա, որպես բողոքի տարբերակ, սկսեցին վանկարկել «Սասնա ծռեր», իսկ դատարանում անցկացված նիստի մանրամասները լրագրողներին պատմեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը:

Նշենք նաև, որ այս նիստից դեռևս երկու օր առաջ դահլիճի հրապարակայնությունն ապահովելու նպատակով դրանում առկա տեխնիկան փորձարկվել է, և որևէ խոչընդոտ չի առաջացել ` կապված հրապարակայանության հետ: Այսինքն՝ ըստ էության կարելի է արձանագրել, որ դատական դեպարտամենտը առնվազն փորձել է ապահովել նիստի հրապարակայնությունը, բայց փաստ է, որ չի ստացվել:

Նշենք, որ դատարանի դիմաց կանգնած են նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թույլ չեն տվել մուտք գործել նիստերի դահլիճ` այնտեղ տեղ չլինելու պատճառով:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter