HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 տարեկան երեխան կբնակվի մոր հետ, իսկ հայրն ալիմենտ կվճարի. Վերաքննիչը բեկանեց և փոփոխեց Արայիկ Մելքումյանի վճիռը

Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակեց 3 տարեկան երեխայի բնակության վայրը վիճարկելու շուրջ որոշումը, որով բավարարեց Անահիտ Սարգսյանի հայցապահանջը՝ երեխայի բնակության վայրը սահմանելով մոր բնակության վայրով:

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Մկրտչյանի և մասնակցությամբ դատավորներ Կարինե Հակոբյանի և Նարինե Բարսեղյանի, բավարարել է Անահիտ Սարգսյանի բողոքը, մերժել է երեխայի հոր՝ Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի հակընդդեմ հայցը, միաժամանակ բեկանել և փոփոխել է նույն գործով Արայիկ Մելքումյանի կայացրած վճիռը:

Հիշեցնենք՝ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ նույն գործով և նույն հարցի շուրջ երկու տարբեր վճիռներ էին կայացրել՝ 3 տարեկան երեխայի մոր՝ Անահիտ Սարգսյանի և հոր՝ իրանահայ Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի հետ բնակվելու վերաբերյալ: 2015 թվականի հոկտեմբերին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը բավարարել էր Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցը և երեխայի խնամքը հանձնել նրան՝ բնակության վայրը սահմանելով ըստ մոր բնակության վայրի՝ նշելով նաև, որ այդ հանգամանքը չի զրկում հորն իր կողմից ծնողական իրավունքների իրականացման հնարավորություններից: 

Սուքոյանի վճիռը երկու վերադաս ատյաններում բողոքարկվելուց հետո օրինական ուժի մեջ էր մտել, իսկ Արայիկ Մելքումյանը վեց անգամ գործի քննությունը վերսկսելուց հետո` այս տարվա մարտի 2-ին, այս գործի նույն դրվագով ևս մեկ այլ բովանդակությամբ վճիռ էր կայացրել: Դատավոր Մելքումյանը լուծել էր Անահիտ Սարգսյանի և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ամուսնությունը: Փոխարենը երեխայի բնակության վայրը, ըստ հոր հակընդդեմ հայցի պահանջի, սահմանել էր` ըստ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրի:

Այս հանգամանքն էլ առիթ էր դարձել, որպեսզի Անահիտ Սարգսյանը բողոքարկեր Արայիկ Մելքումյանի վճիռը վերադաս ատյանում: 

Եվ այսպես, Վերաքննիչ դատարանը որոշել է նաև որպես անչափահաս երեխայի՝ Արեգ Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի ապրուստի միջոց, բռնագանձել ալիմենտ՝ յուրաքանչյուր ամիս հոր վաստակի մեկ քառորդ չափով, ընդ որում՝ դատարան դիմելու օրվանից՝ 2015թ. ապրիլից մինչև երեխայի չափահաս դառնալը կամ ալիմենտային պարտավորությունների դադարման համար օրենքով սահմանված այլ դեպքերում (Ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածով նախատեսված դեպքերը):  

Դատարանը պարտավորեցրել է նաև Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիից բռնագանձել Անահիտ Սարգսյանի փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 600 հազար դրամի չափով, ինչպես նաև այլ դատական ծախսերը՝ պետական տուրք և այլն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter