HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտահանողները ահազանգում են՝ «Սպայկան» Կրասնոդարի շուկայում «փակել է» ծիրանի վաճառքը

Երեկ կառավարությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով համայնքային սեփականություն հանդիսացող, Նորագավիթ թաղամասին հարող տարածքում գտնվող` 163 հա մակերեսով, 2.2 միլիարդ դրամ արժողությամբ հողամասերը նվիրաբերեց «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին։

Մասնավորապես, ինչպես նշվում է որոշման նախագծում՝ «Սպայկա»-ն նախատեսում է Նորագավիթ թաղամասի ՋԷԿ-ին կից տարածքում կառուցել 50 հա կիսափակ ջերմատնային տնտեսություն և տարեկան 1000 տ արտադրողականությամբ բորբոսով պանրի գործարան, որն իր ենթակառուցվածքներով կզբաղեցնի մոտ 76.4 հա տարածք

Քաղաքապետարանը այս նվիրաբերումը ձևակերպել էր որպես՝ «պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն»։

Նվիրաբերումից մեկ օր անցավ Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական արտադրանք արտահանողները բաձրաձայնեցին՝ իրենց արդեն երեք օր է արգելում են ծիրան վաճառել Կրասնոդարի «Ռոզա վետռով» մեծածախ շուկայում։

«Հետք»-ի հետ զրույցում արտահանող անհատ ձեռներեցը (նա չցանկացավ հրապարակել անուն-ազգանունը՝ հետագա խնդիրներից խուսաբելու համար)  նշեց, որ այս ամիսներին, երբ իրենց արտահանման հիմնական արտադրանքը ծիրանն է, չեն կարող իրացնել, քանի որ «Ռոզա վետռով» շուկայում այն չեն գնում։ Արտահանողներին պարզաբանել են՝ մեկ ամսվա կտրվածքով համաձայնություն ունեն «Սպայկա» ընկերության հետ, որով միայն իրենցից են գնելու հայկական արտադրության ծիրան։

Ձեռներեցի խոսքով՝ ծիրանը արտահանելու սա ամենալավ սեզոնն է։ Ասում է՝ ճիշտ է այլ շուկաներում միգուցե վերավաճառողները մեծածախ կարգով կգնեն, սակայն իրենց առավել ձեռնտու է Կրասնոդարի շուկան, քանի որ այն ավելի մոտ է Հայաստանին և կարողանում են մեկ օրում տեղ հասցնել ծիրանը՝ չփչացնելով։

«Ես այս պահին այստեղ եմ, բայց շատ-շատ մեքենաներ գնացել ու հետ են դարձել, քանի որ չեն թողել ներս մտնեն։ Հիմա չգիտեմ՝ ո՜չ էն ա գնանք, ո՜չ էն ա չգնանք։ Սենց երկու քարի արանքում ենք։ Ես էլ գյուղացուց պետք է առնեմ, տանեմ, բայց հիմա չեմ կողմնորոշվում՝ ուր պետք ա տանեմ»,-ասաց արտահանողը, ով արդեն մի քանի տարի է արտահանված ապրանքը նույն շուկայում է իրացնում։

Նրա փոխանցմամբ՝ վարորդներին ու արտահանողներին զգուշացրել են՝ գյուղատնտեսական այլ արտադրանք կարող եք բերել շուկա և իրացնել, սակայն ծիրանի գնման համար արդեն իսկ համաձայնություն ձեռք են բերել։

Զրուցակիցը սա ռիսկային է համարում նաև գյուղացիների համար։ Ասում է՝ այս դեպքում ընկերությունը ինչ գնով ցանկանա, գյուղացիներից կարող է ձեռք բերել ծիրան, քանի որ արդեն փոքր և միջին արտահանողները, իրացման շուկա չունենալու պատճառով, ծիրան ձեռք չեն բերի։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, թեև ընկերության 51 %-ի բաժնետերը Դավիթ Ղազարյանն է, իսկ  49 %-ինը՝ «Ուոլլետեքս էքսպրես էլ փի» ընկերություն, սակայն տարիներ շարունակ շրջանառվող լուրերի համաձայն՝ դրա ոչ ուղղակի սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսան է՝Վատիկանում Հայաստանի  արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը այս մասին ևս բարձրաձայնել է իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում։ Ավագանու անդամը  այսպիսի գրառում  է կատարել. «Վերջին օրերին էդ ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել» է Կրասնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ շուկան մնացած բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտաահնողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու: Վարորդներին տեղում հայտնել են, որ «Սպայկան» մեծ գումար է վճարել տնօրինությանը նման մենաշնորհ ստանալու համար»։

Ի դեպ, ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը այցելել էր նաև «Սպայկա» ընկերության Երևանում գտնվող գլխամաս, եղել ընկերության հյութերի ու պահածոների արտադրության գործարանում։

 

Մեկնաբանություններ (1)

Անուշ Խաչատրյան
Չեմ հասկանում՝ ապրանքը տեղ հասցնելուց առաջ մեր գործարարները պայմանագիր չեն կնքու՞մ: Եթե կնքել են, թող դատի տան ՝ բոլոր վնասներով հանդերձ: Թող խմբակային հայց ներկայացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter