
Հյուրանոցներն ու հանգստյան տները հայտնվել են սոցիալական փաթեթի ծուղակում
««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ն Կառավարության տրամադրած սոցիալական փաթեթի շրջանակում էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությունն սկսել է 2013 թ·-ից: «Մուշ-Է» ՍՊԸ-ի եւ նախարարության միջեւ 02.05.2013 թ·-ին կնքվել է պայմանագիր, համաձայն որի` լիցենզավորված զբոսաշրջային օպերատորը պարտավորվել է մատուցել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն: Հիշեցնենք, որ այս փաթեթից օգտվում են պետական հիմնարկների աշխատողները` զբոսաշրջային օպերատորների միջնորդությամբ: Պայմանագրերի համաձայն` հանգստի մեկնողների սոցվճարներից զբոսաշրջային օպերատոր «Մուշ-Է» ՍՊԸ-ի միջնորդավճարի միջինացված չափը կազմել է 10%։
2013 թ.-ից սկսած ընկերությունը թվով 62 հյուրանոցների եւ հանգստյան տների հետ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության պայմանագիր է կնքել, սակայն ինչպես պարզվել է հետագայում, նրանց մատուցած ծառայությունների դիմաց վճարումը կամ՝ մասնակի է կատարել, կամ` չի կատարել:
«ՄՈՒՇ-Է» տուրիստական ցանց ՍՊԸ-ի նկատմամբ դատական գործընթացներն սկսվել են 2015 թ.-ից: Datalex.am կայքում ծանոթացել ենք 12 ընկերությունների հայցադիմումներին, որոնց ներկայացրած գումարային պահանջները հիմնավորված են պայմանագրով ստանձնած երկկողմ պարտավորություններով եւ մատուցված ծառայությունների դիմաց դուրս գրված հաշիվ ապրանքագրերով: Դատարանները բավարարել են բոլոր հայցապահանջները եւ բավարարված գումարի չափով արգելանք են դրել ընկերության գույքի վրա:
Հետագայում պարզվել է, որ 2015 թ.-ի օգոսոտոսի 5-ին ընկերությունում բաժնետիրոջ փոփոխություն է տեղի ունեցել: «Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց ՍՊԸ-ն, որը 2007 թ.-ին հիմնադրել է Կոտայքի մարզի Նոր գյուղի բնակիչ Էմին Մուրադյանը, վաճառել է Քիշմիշ Տաշչյանին (ընկերության 100% բաժնեմասի կանոնադրական կապիտալը կազմում է 50 000 դրամ): Նոր բաժնետերը` Քիշմիշ Տաշչյանը հայտնել է, որ տեղյակ չի եղել սոցիալական փաթեթի շրջանակում մի շարք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ ընկերության ունեցած ֆինանսական պարտավորությունների մասին:
Վերահսկիչ պալատը 2016 թ.-ին ստուգում է իրականացրել ««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ում, որի ժամանակ տեղեկացրել են, որ ընկերությունը մարել է մի շարք հյուրանոցային տնտեսությունների պարտքեր, սակայն բավարար միջոցներ չի ունեցել մարելու ընկերության ողջ պարտքը: Համաձայն ընկերության նոր սեփականատիրոջ գրության` թվով 62 հյուրանոցներին եւ հանգստյան տներին նրանց մատուցած հյուրանոցային ծառայությունների դիմաց ընկերության պարտքը կազմում է 34 մլն 851.4 հազար դրամ: Վերջիններիս հայցի բավարարման նպատակով ընկերության պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրվել»,- հայտնել է նա:
Ընկերության ներկայացուցիչը 11.05.2016 թ.-ին գրությամբ դիմել է Վերահսկիչ պալատին՝ խնդրելով կասեցնել կատարվող ստուգումը, քանի որ Ընկերությունը ձեռք բերելուց հետո նոր սեփականատերը սահմանված կարգով նախկին սեփականատիրոջ հետ հանձնման-ընդունման աշխատանքներ չեն կազմակերպվել, որի արդյունքում ընկերության գործունեության հետ կապված մինչեւ 2015թ. օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածին վերաբերող փաստաթղթերը նոր սեփականատիրոջը չեն հանձնվել: Ընկերության նախկին հաշվապահից ստացված բանավոր տեղեկությունների համաձայն` ընկերությունում նախկինում տեղի ունեցած ստուգումների շրջանակներում, իրավապահ մարմինների կողմից առգրավվել են որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ ընկերության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային տեղեկություններ պարունակող համակարգիչ:
«Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց ՍՊԸ-ի ունեցած պարտքերն` ըստ մեր ուսումնասիրած 12 դատական գործերի:
ընկերության անվանումը |
գումարի չափը /դրամ/ |
փաստաբանական վճար |
պետական տուրք |
«Դիլիջան Առողջարան» |
3 685 040 |
|
73 700 |
«Արզնի Ռեզորթ» ՍՊԸ |
964.000 |
|
|
«Կեչառիս Հոթել» ՍՊԸ |
951,400 |
|
19 030 |
«Հոթել Ալվա» ՍՊԸ |
775.000 |
|
15 500 |
«Դրիմ Ռեսթ»ՍՊԸ |
2,432,620 |
100 000 |
48 652.40 |
«Մակտուբ» ՍՊԸ |
481 525 |
|
9700 |
«Ծաղկահովիտ» ՍՊ Ը |
608.598 |
|
12 180 |
«Արարատ» մոր եւ մանկան առողջարան ՓԲԸ |
1.410.588 |
75 000 |
26 188 |
«ՅՈԻՊԻՏԵՐ ՀՈԹԵԼ» ՍՊԸ |
307712 |
80 000 |
6160 |
«Գուանկո» ՍՊԸ |
295.500 |
|
5 910 |
«Հոթել Աղվերան» ՓԲԸ |
1.901.710 |
50 000 |
38 034 |
Թամարա Աստվածատրյան ա/ձ |
504.000 |
70 000 |
10 800 |
Ընդամենը |
14 317 693 |
375 000 |
238 966 |
Նշված`14 մլն 931 659 դրամից բացի, բոլոր դատական գործերով հայցվորների պահանջի հիման վրա դատարանները կիրառել են նաեւ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասը. «Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ։ Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրր ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների»։
Վճարվելիք տոկոսներից հաշվեգրվող տոկոսների գումարի 2%-ը նույնպես պետք է բռնագանձվի որպես պետական տուրքի գումար:
Դատական նիստերից ոչ մեկին ընկերության ներկայացուցիչը չի մասնակցել, բոլոր գործերում նշվում է, որ դատարանը պատշաճ ծանուցումն ապահովել է, սակայն պատասխանողը ո'չ գրավոր առարկություն է ներկայացրել, ո'չ հակընդդեմ հայցապահանջ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ի («Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց) հայցադիմումը քննող դատավորի ծանուցմանը ՍՊԸ-ի հաշվառման վայրից` Կոտայքի մարզի Նոր Գյուղի համայնքապետարանից հայտնել են, որ ծանուցումը չի հանձնվել «ՄՈՒՇ-Է» տուրիստական ցանց ՍՊԸ-ին, քանի որ ընկերության տնօրենը գտնվում է հանրապետությունից դուրս»:
««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ի նոր սեփականատեր Ք. Տաշչյանը 2016 թ. հունվարին դատական հայց է ներկայացրել ընկերության նախկին տնօրեն Էմին Մուրադյանի դեմ՝ պահանջելով նրանից վերադարձնել ընկերությունից յուրացրած գումարները եւ պատասխանատվություն կրել ընկերության կողմից նախկինում չկատարած ֆինանսական պարտավորություների համար, ինչպես նաեւ սոցիալական փաթեթի շրջանակում ծառայություն չմատուցած մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ:
Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ ««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Էմին Մուրադյանը 2014 թ.-ի հուլիսի 19-ին ընկերության` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գտնվող բանկային հաշվից կանխիկացրել է 1 000 000 դրամ, որը սակայն հետագայում ընկերություն չի վերադարձրել, եւ գումարն անհիմն պահել է իր մոտ:
Դրա հետ մեկտեղ Էմին Մուրադյանի քույրը` Իվետտա Մուրադյանը, գործելով ընկերության անունից, նախկին տնօրեն Էմին Մուրադյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, ընկերության` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գտնվող բանկային հաշվից 19.04.2014 թ. ապրիլի 19-ին կանխիկ ստացել է 500 000 դրամ, որը սակայն լիազորողին չի հանձնել, գումարն ապօրինի պահելով իր մոտ:
Սա միակ դեպքն է, երբ իր դեմ ներկայացված դատական հայցին պատասխանողն արձագանքել է: Էմին Մուրադյանի եւ նրա քրոջ` Իվետտա Մուրադյանի անունից առարկություններ են ներկայացվել հայցը քննող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Դատարանը մերժել է ««Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջից 1 մլն 500 000 դրամ բռնագաձելու հայցապահանջը:
Զբոսաշրջային ընկերությունը ներկայումս սնանկացման գործընթացում է, ինչը նշանակում է, որ պարտատերերը դատարանի վճիռներով բավարարված գումարներն անգամ ստանալու ակնկալիք չեն կարող ունենալ:
Մեկնաբանել