
«Կայարանցի Թևոսիկի» եղբոր ու Մովսես Ներսիսյանի սպանության գործով ամբաստանյալը լրացուցիչ կհարցաքննվի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործի քննությունը:
Հիշեցնենք, որ այս գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը գնացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, սակայն նախորդ դատական նիստին Բեկթաշյանը հայտարարեց դատաքննությունը վերսկսելու մասին:
Այսօր տեղի ունեցած դատական նիստին դատավորը նշեց, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն իր վերջին խոսքում այնպիսի հանգամանքների մասին է խոսել, որոնք մինչ այդ դատարանին հայտնի չեն եղել, ուստի դատարանը անհրաժեշտ է համարում լրացուցիչ հարցաքննել Իսրայել Սարգսյանին:
Բացի այդ, դատարանը անհրաժեշտ է համարել նաև լսել գործով եզրակացություններ տված փորձագետների, որոնք այսօր դատարան էին ներկայացել:
Փորձագետներից մեկը՝ Վաչե Մնոյանը, եզրակացություն է տվել այս գործով կարևոր նշանակություն ունեցող ձայնագրության վերաբերյալ: Խոսքը, հիշեցնենք, այն ձայնագրության մասին է, որում լսվում է, թե ինչպես է Իսրայել Սարգսյանն այս գործով կալանավորված, ապա ազատ արձակված Տիգրան Ասատրյանին պատմում, որ ինքը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունն, ապա ինքը սպանել Մովսեսին: Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը պնդում է, թե ինքը Տիգրան Ասատրյանին նման բան է ասել, քանի որ վերջինիս կասկածել է Արթուր Սաֆարյանի սպանության մեջ ու ցանկացել է հասկանալ նրա արձագանքը: Բացի այդ, Սարգսյանը պնդում է, որ ձայնագրությունը մոնտաժված է, և եթե այն ամբողջական լիներ, ապա պարզ կլիներ, որ ինքը որևէ կապ չունի Արթուր Սաֆարյանի սպանության հետ:
Փորձագետ Մնոյանն այսօր դատարանում հաստատեց, որ եզրակացությունն ընդհատումներով է, սակայն, ըստ նրա՝ հնարավոր չէ պարզել, թե դա ինչի հետևանք է, արդյոք ձայնագրությունն օրիգինալ է, թե՞ ոչ:
Դատավոր Բեկթաշյանը հարց ուղղեց, թե արդյոք ձայնագրության մեջ առկա ընդհատումներով հատվածները կարո՞ղ են տարբեր օրերի արված լինել, մեղադրող կողմն էլ հետաքրքրվեց, թե արդյոք դրանք նույն վայրում են արված, և փորձագետն, ի պատասխան նշեց, որ 18 րոպե տևած ձայնագրության ընթացքում զրուցակիցները միևնույն հեռավորության վրա են, նույնն է նաև ձայնագրության ակուստիկ միջավայրը:
Իսրայել Սարգսյանն էլ հակադարձեց, թե ձայնագրությունը տարբեր ժամանակներում, բայց միևնույն վայրում` Տիգրան Ասատրյանի տան սպորտային սենյակում է արված, որտեղ ոչ միայն դատարանին հայտնի, այլ մի շարք ուրիշ խոսակցություններ ևս լինում էին:
Փորձագետ Գևորգյանին էլ Մովսես Ներսիսյանի դիակը չհայտնաբերելու վերաբերյալ հարցեր ուղղվեցին: Ըստ Գևորգյանի` փորձաքննություն իրականացնելիս իրենք ելակետային տվյալներ չեն ստացվել կոյուղաջրի բաղադրության և դիակի գտնվելու կոնկրետ տեղի մասին, հետևաբար իրենք չէին կարող պարզել, թե ջրային ի՞նչ միջավայրի հետ գործ ունեն, դիակը քայքայվե՞լ է, թե՞ ոչ, կմախքային ոսկորները ու՞ր են հասել և այլն: Փորձագետի խոսքով՝ եթե դիակը կա` պետք է կմախքային ոսկորները պահպանվեն:
«Էդ ոսկորը խի՞ դատախազը չի գտնում որ»,-տեղից արձագանքեց ամբաստանյալը:
«Դատախա՞զը պիտի գտնի»,- պատասխանեց դատավոր Բեկթաշյանը:
Դատարանն անցավ ամբաստանյալի լրացուցիչ հարցաքննությանը, սակայն Իսրայել Սարգսյանն ասաց, որ իր համար ճակատագրական հարց է, և ինքը տվյալ պահին պատրաստ չի լրացուցիչ հարցաքննության` միևնույն ժամանակ ընդգծելով, որ ինքը կպատասխանի դատարանի ցանկացած հարցի, միայն ժամանակ է ցանկանում:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 10 –ին:
Մեկնաբանել