HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կուրսանտի գործով ամբաստանյալը հրաժարվում է իր պաշտպաններից

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստ, սակայն ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանն, ում գործը քննվում է սպանության գործի հետ, հայտնեց, որ հրաժարվում է իր պաշտպան Ինգա Ավագյանից: Ամբաստանյալը չպատճառաբանեց իր նման որոշումը: Հայտնեց միայն, որ խնդիրը ֆինանսական չէ, փաստաբանի հետ չպարզաբանված հարցեր կան:

Ինգա Ավագյանն այսօր  դատարան չէր եկել, և երբ դատարանի  աշխատակազմը կապ էր հաստատել նրա հետ, հայտնել էր, թե չի ներկայացել, քանի որ Սաֆարյանը հրաժարվել է իր ծառայությունից:

Ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ ամբաստանյալն  իր պաշտպանից կարող է միայն նրա ներկայությամբ հրաժարվել: Ուստի, դատավոր Դավիթ Հարությունյանը՝ հետաձգեց նիստը` հաջորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանների ներկայությունն ապահովելու համար:

Որպես Վարազդատ Սաֆարյանի պաշտպան` գործում ներգրաված են եղել նաև փաստաբաններ Հովհաննես Սարգսյանն ու Ազատ Շահբազյանը: Դատարանը, սակայն, 2017թ.-ի մարտի 20-ին որոշում էր կայացրել, որ ամբաստանյալի շահերը պետք է  ներկայացնի բացառապես Ինգա Ավագյանը. մյուս պաշտպանները մինչև դատարանի որոշումը դատարան գրեթե չէին ներկայանում:

Սաֆարյանը հայտարարեց, որ Սարգսյանի ծառայությունից նույնպես հրաժարվում է, և ցանկանում է, որ դատարանում իր շահերը ներկայացնի միայն Շահբազյանը:

Նա նախաքննության ընթացքում է պաշտպանել Սաֆարյանին, իսկ վերջին անգամ դատարան է ներկայացել 2016-ի հոկտեմբեր ամսին: Դատարանն ընդմիջում հայտարարեց և կապ հաստատեց Շահբազյանի հետ: Փաստաբանը հայտնեց, որ այսօր, այլ ծանրաբեռնվածության պատճառով, դատարան ներկայանալ չի կարող և խոստացավ գալ հաջորդ նիստին, որը նշանակվեց հուլիսի 17-ին:

Դատարանը նշեց նաև, որ երկու պաշտպանները՝ Հովհաննես Սարգսյանն ու Ինգա Ավագյանը, դատական նիստին չներկայանալով, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորել՝ հավելելով, որ նրանց վարքագծին կանդրադառնա հաջորդ նիստին:

Վարազդատ Սաֆարյանը ոչ թե Բարսեղյանի սպանության, այլ դրա նյութերի հիման վրա հարուցված մեկ այլ գործով է անցնում, պարզապես այդ գործը քննվում է սպանության գործի հետ:

Սաֆարյանը մեղադրվում է սպանության գործով ամբաստանյալներ Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ կուրսանտ Տիգրան Մանասերյանին ծեծի ենթարկելու մեջ: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Սաֆարյանը ծեծի է ենթարկել նաև կուրսանտ Արտուշ Սիմոնյանին:

Ինչ վերաբերում է բուն սպանության գործին, ապա այդ գործով անցնում են 4 կուրսանտներ՝ ինստիտուտի պետի սպառազինությունների գծով նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը, կուրսանտներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter