HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե ոսկու հանքը խանգարելու է մեր մալինային, նշանակում է՝ ամեն ինչի կխանգարի». ուսումնասիրվելու են Շեկաղբյուրի ոսկու պաշարները

Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:  

«Միռամ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարություն է ներկայացել երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:

«Միռամ» ՍՊԸ-ն երկամսյա պատմություն ունի. գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33 %-ական տոկոս բաժնեմասերի տերերը վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանն է և ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գևորգյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը գտնվում է Լոռու մարզի կենտրոնական մասում՝ Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Հովնանաձորից՝ 2.9 կմ դեպի արևելք: Հանքերևակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները: Բացի այս երկու գյուղերից, մոտակա բնակավայրերն են նաև Հովնանաձոր, Յաղդան Կողես և Օձուն գուղերը: Լեռնագրական տեսակետից հանքերևակման տարածքը հարում է Ջավախքի լեռնաշղթային մինչև Դեբեդի կանիոնը 73 կմ երկարությամբ ձգվող Վիրահայոց լեռների հարավային լանջերին:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանի հիմնական ջրագրական միավորը Կաճաճկուտ գետն է՝ Դեբեդի ձախ վտակը:  

Բնապահպանության նախարարության ներկայացված նախագծի համաձայն՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանում բուսածածկը ներկայացված է 2 հիմնական տիպերով՝ լայնատերև անտառային բուսականություն՝ հաճարենու, կաղնու, բոխու մասնակցությամբ, ինչպես նաև տափաստանային հացազգային և տարախոտա-հացազգային բուսականություն՝ Festuca, Koeleria, Stipa տեսակների բույսերի մասնակցությամբ:

Երևակման շրջանի կենդանական աշխարհը հարուստ է տարբեր տեսակներով: Երկկենցաղներից հանդիպում է լեռնային գորտը, սողուններից՝ ժայռային մողեսը: Առավել տարածված թռչուններն են ալպիական ճայուկները և արտույտները, իսկ կրծողներից հանդիպում են սովորական և ձյան դաշտամուկը: Մորեխներից հայտնի է պսորոդոնտուսները, երկակնճիթներից՝ օտիորինոխուս սեռի տեսակները, Բիբերեշտեյնի կառաբուսը: Թիթեռներից բնորոշ են ապոլոնները, սատիրները, կապտաթիթեռները և սատուռնիան :

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան: Երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տարածքում ՀՀ Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրվել:

Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից որևէ ռիսկային և բացասական գործողություն ընկերությունը չի կանխատեսել: Իսկ բնապահպանական միջոցառումների համար նախատեսել է հատկացնել տարեկան 350 հազար դրամ:

Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կիրականացվեն վերգետնյա լեռնային փորվածքների, սյունակային խորքային հորատանցքերի, երկրաքիմիական աշխատանքների, երկրաբանահանութային երթուղիների միջոցով նմուշարկման զուգորդմամբ՝ նպատակ ունենալով տալ որակական ու քանակական գնահատական հայտնաբերված օգտակար հանածոյի պաշարների վերաբերյալ:

Հուլիսի 26-ին Լոռու մարզի Արդվիի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը:

Հիշեցնենք, որ Մղարթում 2005 թվականից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ՍՊԸ-ն արդեն իսկ շահագործում է ոսկու հանքավայրը: Իսկ հետախուզվող տարածքը հեռու է Մղարթի ոսկու հանքավայրից 2,5 կմ: Արդվի համայնքի ղեկավար Սամվել Կիրակոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ «Մուլտի գրուպ»-ը տարիներ առաջ իրենց համայնքում ուսումնասիրություններ իրականցրել է ոսկի գտնելու ակնկալիքով, սակայն հետո դադարեցրել է. ըստ ամենայնի՝ սպասելիքները չեն արդարացել: Գյուղապետը հիշում է, որ դրանից հետո ևս մեկ ընկերություն է հետաքրքրվել իրենց համայնքի վարչական տարածքում առկա ոսկու պարունակությամբ:

«Միռամ» ՍՊԸ-ի նախագծին գյուղացիները ծանոթ չեն, համայնքը դեռևս որևէ գրավոր համաձայնություն չի տվել: Սամվել Կիրակոսյանն ասում է՝ երբ նախագիծը ներկայացնեն, համապատասխան անձանց ու ավագանու հետ խորհրդակցելուց հետո համայնքն իր խոսքը կասի: Առայժմ ոչնչից տեղյակ չեն:

Գյուղապետը պատմեց, որ իրենց 240 բնակիչ ունեցող գյուղում կոոպերատիվ է ստեղծվել: Ազնվամորու աճեցման համար 6 հա տարածք է հատկացվել գյուղի 8 ընտանիքի: Ներդրումներ են նախատեսում իրականացնել և սկսել մշակումը: Գյուղապետի հաշվարկներով՝ այս կոոպերատիվի գործունեությունը հնարավորություն կտա սեզոնին 50-60 աշխատատեղ ապահովել՝ 3000-5000 դրամ օրավարձով: Ջերմոցներում կաշխատեն նաև ձմռանը:

«Եթե ոսկու հանքը խանգարելու է մեր մալինային, նշանակում է՝ ամեն ինչի կխանգարի,- ասում է գյուղապետը,- եթե մասնագետները կճշտեն, որ թունավոր արտանետումներ են ունենալու՝ ռադիոակտիվ և այլն, մենք կաշխատենք արգելել: Եթե բնակչությունը դեմ եղավ, ինձ թվում է՝ օրենքը թույլ կտա, որ դա (նկատի ունի՝ հանքավայրը-հեղ.) չլինի»: 

Մեկնաբանություններ (7)

Նելսոն
Իսկ օվ է ասել ,որ Շեկաղբյուրում ոսկու հանք կա ,այնտեղ ոսկու հանքաքարի արդյունաբերական կուտակում չկա
Marianna
Մենք արժանի ենք սրան․․․ ընտրությունների ժամանակ էդ նույն Վահրամ Բաղադասարյանի փողերը վերցնում ենք ու գնում իրենց ընտրում․․․ բա էդ փողերը հետ պետք ա բերի թե՝ չէ․․․
լոռեցի
5-ին: Բանը հենց էն ա որ Արդվեցիք իրան չեն ձենները տվել, Կարեն Կարապետյանին են ընտրել (Տաշիր): Վայ թե դրա հմար ա ինքն ուզում քանդած ըլի էդ գեղը
Արդվեցի
Այստեղ ներկայացվում է մոտավորապես, թե ինչ ապագա է սպասվում շրջակա գյուղերին ու բնակչությանը այդ հանքի գործարկման արդյունքում: http://hetq.am/arm/news/80636/ardvi-mxartosku-hanq-te-char-eraz.html
Գեւորգ
Որպիսզի հասկանանք որքան ծանր ու աններելի հետեւանքներ կունենա Շեկ աղբյուրի հանքաբացումը (աղքատիկ՝ ըստ նախնական գնահատումների) կխնդրեի բացել այս լուսանկարը (հղումը ներքեւում): Հեռվում երեւացող սարի գագաթն է լինելու հանքակենտրոնը եւ ամբողջ աղբն ու ապարները տեղումների հետ հոսելու են դեպի ստորոտի գյուղերը՝ Արդվի, Մղարթ, Կողես, Հովհանաձոր, Եղդան: Գյուղերը զրկվելու են արոտավայրերից, մարդ թե անասուն խմելու ջրից, որն արդեն իսկ սակավ է: Այս հազարամյա չքնաղ գյուղերը փաստորեն դատապարտվելու են վերացման: ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ԾԱԿԱՉՔ ԱԳԱՀՆԵՐ, ԴՈՒՔ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ!!! https://www.google.ae/search?q=ardvi&rlz=1C1AOHY_enAM708AM708&source=lnms&tbm=isch&sa=X&sqi=2&ved=0ahUKEwiV4MLAiYnVAhXmFJoKHQqYCSMQ_AUIBigB&biw=1422&bih=752#imgrc=AjIW_wqNPI4jzM:
Տաթևիկ
Ու հետաքրքիր է ում համար ու ինչ ենք պաշտպանում .... մեր սերունդների համար պոչամբարներ և լցակույտեր? սրա համար են մեր երեխաները արյուն թափում, պաշտպանենք այնքան որպեսի ոմանք հասցնեն քարուքանդ անել մեր երկիրը, մեր հարստությունը կիսաֆաբրիկատ դուրս հանեն, բնությունը փչացնեն.... ու մեր սերունդներին ժառանգենք............
Սուրեն
Հերթը հասավ նաև էտ չքնաղ անկյանը......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter