HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կարապետ Գուլոյանի` դպրոցներին ուղղված հրահանգը քննում են դատախազությունը եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը

«Կարապետ Գուլոյանի ընտրած կազմակերպությունը յուրացնում է ուսուցիչների սոցփաթեթի գումարները» հունիսի 5-ի մեր հրապարակման առիթով ստացել ենք Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի պատասխանը: Մարզպետը ներկայացրել է «մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում, սոցիալական փաթեթների շրջանակներում աշխատակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով պայմանագրեր կնքած կազմակերպությունների եւ գործակալությունների անվանացանկը»՝ 23 կազմակերպություն, այդ թվում նաեւ մեր հրապարակման մեջ նշված «Տուրիզմ» ՍՊԸ եւ «Տ·Մ·Կենտր»-ՍՊԸ-ն:

Դրանով ցանկացել են ցույց տալ, որ ուսուցիչներն ազատ են եղել տուրօպերատորների ընտրության հարցում եւ միայն մարզպետարանի մատնանշած կազմակերպությունից չէ, որ օգտվել են:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական էր ուղարկել· «Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի շրջանակներում համագործակցել բացառապես «Տուրիզմ» ՍՊԸ, «Տ·Մ·Կենտր», «Գոհար 87» ՍՊԸ կազմակերպությունների հետ: Գործակալները կլինեն դպրոցներում: Հրազդանի թիվ 2,8,9,11,12 հիմնական դպրոցները համագործակցեն «Արմա Տուր» ՍՊԸ-ի հետ»:

Հոդվածում ներկայացրել էինք «Տ·Մ·Կենտր» ՍՊԸ-ի գործունեությունը, որը որպես տուրօպերատոր գրանցված է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում եւ մասնակցում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելուն: 2016 թ·-ից սկսած, երբ ընկերության դեմ դատական հայցեր են ներկայացվել, «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ն 27.02.2017 թ.-ին, ռեգիստրով անվանափոխվել է «Տուրիզմ» ՍՊԸ-ի եւ շարունակում է մասնակցել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելուն` դարձյալ հանդես գալով «Աիլինդա տուր»  անվանումով:

«Այս տեղեկությունն ուղարկվել է նաեւ Կոտայքի դատախազություն՝ համաձայն իրենց պահանջի»,- ասվում է մարզպետի գրության մեջ:

Գիտեինք, որ դատախազությունը նյութեր է նախապատրաստում հրապարակման հիման վրա, որի հետ կապված Կոտայքի մարզի դպրոցներից պահանջել են ներկայացնել, թե դպրոցներում սոցփաթեթի պայմանագրերը որ ընկերությունների հետ են կնքել եւ որտեղ են մեկնել հանգստի: Մարզպետը թվարկել է տուրօպերատորների անվանումները, սակայն չի նշել, թե թվարկված կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ քանի պայմանագիր է կնքվել եւ նրանցից քանիսին է հաջողվել հանգստի մեկնել: Օրինակ, եթե մի դպրոցից 15 հոգին սոցփաթեթի հանգստի բաղադրիչով պայմանագիրը կնքել է «Տուրիզմ» ՍՊԸ-ի հետ (նախկինում «Տ·Մ·Կենտր»), իսկ 1-ը` այլ կազմակերպության, դա նշանակում է, որ նրանք ազա՞տ են եղել ընտրության հարցում:

Պրն Գուլոյանն իր պատասխանում չի անդրադարձել ամենակարեւոր հարցին, թե ինչու պետք է մարզպետարանը մարզի դպրոցների աշխատակիցներին հրահանգեր «բացառապես» պայմանագրեր կնքել իրենց մատնանշած կազմակերպությունների հետ: Այդ հարցի պատասխանը փնտրում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: ««Կարապետ Գուլոյանի ընտրած կազմակերպությունը յուրացնում է ուսուցիչների սոցփաթեթի գումարները» վերտառությամբ հրապարակման առնչությամբ սույն թվականի հուլիսի 1-ի Ձեր հարցմանը, լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունից ելնելով, պատասխան կտրվի մինչեւ սույն թվականի հուլիսի 30-ը՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետին համապատասխան»,- «Հետք» թերթի գլխավոր խմբագրին տեղեկացնում է հանձնաժողովը:

«Տեղեկացնենք նաեւ, որ մինչ օրս Կոտայքի մարզպետարան սոցիալական փաթեթների շրջանակներում աշխատակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով բողոք-դիմումներ չեն եղել»,- հայտնում է մարզպետը գրությամբ:

Ո՞ւմ ներկայացնեն բողոք-դիմումները, պրն Գուլոյանի՞ն, որը երկրորդ տարին է, ինչ հրահանգում է բացառապես իր մատնանշած կազմակերպության հետ պայմանագրեր կնքել: Ուսուցիչները լավ գիտեն, որ բողոքելու դեպքում կզրկվեն աշխատանքից, որքան էլ ընդվզեն, այնուամենայնիվ, համակերպվում են ատկատ տալու մտքի հետ, ենթարկվում են վասալությունում գործող կանոններին: Եթե կարողանային բողոքել` մի տարի խաբվելուց հետո, երկրորդ տարին կրկին պայմանագիր չէին կնքի նույն կազմակերպության հետ:

Ընդ որում, խոսքը միայն պետական բյուջեից սոցիալական փաթեթին հատկացված գումարի մասին չէ, ուսուցիչներից շատերը նաեւ իրենց աշխատավարձից են գումար  ավելացրել, որպեսզի մի քանի օր ավել հանգստանալու հնարավորություն ունենան: Սակայն, պայմանագիրը կնքելուց հետո «Տ·Մ·Կենտր» կամ «Տուրիզմ» վերանվանված ընկերությունն անհասանելի է դառնում նրանց:

Այնուամենայնիվ, բողոքողներ կան. դրանք հյուրանոցները, հանգստյան տներն ու  առողջարաններն են, որոնք «Տ·Մ·Կենտր» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրերի համաձայն` ծառայություն են մատուցել նրանց տված ուղեգրերով ներկայացած հյուրերին, սակայն հիշյալ ընկերությունն այդպես էլ գումարները չի փոխանցել: Մեր ունեցած տվյալներով, 2016 թ.-ից սկսած «Տ·Մ·Կենտր» ՍՊԸ-ի դեմ 12 հայցադիմում է ներկայացվել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ընկերություններից երկուսի մասին նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ՝ «Արարատ մոր եւ մանկան առողջարան» ՓԲԸ  եւ «Փարադայս հոթել» ՍՊԸԱվելացնենք եւս 10 անուն` «Վանաձոր Ասար առողջարան» ՍՊԸ, «Աղվերան ինք», «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ, «Լալա Խառատյան» ԱՁ «Հաղարծին» ռեստորան հյուրանոցային համալիր, «Արզնի Առողջարան» ՍՊԸ, «Հոթել Ալվա» ՍՊԸ, «ՍԵՆ-ԹԱԳՈՒՀԻ» ՍՊԸ, «Գլաձոր համալիր» ՍՊԸ, «Ծաղկահովիտ» ՍՊԸ, Կլարա Սնխչյան Ա/Ձ (Սեւան):

Նրանք բողոքում են, որովհետեւ պետական աշխատողներ չեն, ինչպես ուսուցիչներն էին նշում մեզ հետ զրույցի ժամանակ` «վերադասը» նրանց չի հրահանգել պայմանագիր կնքել բացառապես «Տ·Մ·Կենտր» ՍՊԸ-ի հետ: Դրանք մասնավոր ընկերություններ են, որոնց գործունեությանը նյութական վնաս է պատճառել հիշյալ ընկերությունը եւ դատական կարգով պահանջում են հատուցել վնասը:

Հայցերից մի քանիսով արդեն վճիռներ են կայացվել եւ բոլոր վճիռներում նշվում է, որ պատասխանող ընկերությունը չի ներկայացել դատական նիստին: «Դատարանը գործը քննել է պատասխանող «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ ներկայացուցչի բացակայությամբ՝ վերջինիս ներկայությունը դատական նիստին ապահովելու բոլոր հնարավոր դատավարական միջոցները ձեռնարկելուց հետո»,- նշված է Ա/Ձ Կլարա Սնխչյանն ընդդեմ «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին կայացված վճռում: Հիշյալ ա/ձ-ն դատարանին է ներկայացրել թվով 17 պայմանագիր, որոնք կնքվել են՝ սկսած 09.07.2016 թ.-ից մինչեւ 30.08.2016 թ.-ը, որովհետեւ ուսուցիչներն, ընդունված ակտերի համաձայն միայն իրենց արձակուրդի շրջանում հանգստի մեկնելու իրավունք ունեն:

Դատարանը 29.06.2017 թ.-ին կայացրած վճռով բավարարել է նրանց պահանջը: «Պատասխանող «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Ա/Ձ Կլարա Սնխչյանի բռնագանձել 1.843.600 դրամ գումարը, նախապես վճարված 36.880 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարը, 1.843.600 ՀՀ դրամ գումարին 30.08.2016 թ.-ից սկսած մինչեւ պարտավորությունների կատարումը հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, փաստաբանի վարձատրության դատական ծախսը՝ 50.000 դրամ: Պատասխանողից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել` վճռի եզրափակիչ մասի 1.3. կետերով հաշվարկվող գումարների 2%-ի չափով գումարներ վճռի կայացման օրվա դրությամբ` առ 29.06.2017թ., այնուհետեւ սկսած 30.06.2017թ. վճռի կայացման եւ կատարման ժամանակահատվածի համար»,- վճռել է դատարանը։

Դատարան դիմած այս մասնավոր ընկերությունների ներկայացրած ուղեգրերի ուսումնասիրությունն անգամ բազմաթիվ հարցերի կպատասխանի:

Հուսով ենք, որ դատախազությունը չի բավարարվի մարզպետի ներկայացրած անվանացանկով եւ քննությամբ կպարզի, թե՛ մարզպետարան-«Տ·Մ·Կենտր» ՍՊԸ-ի կապն ու շահագրգռությունը, թե՛ մարզի յուրաքանչյուր դպրոցից քանի ուսուցիչ է պայմանագիր կնքել հիշյալ ընկերության հետ եւ վերջինս նրանցից քանիսի նկատմամբ է կատարել պայմանագրային պարտավորությունները, չկատարելու դեպքում ինչու չի վերադարձրել գումարները կամ որքանն է վերադարձրել, առձեռն են վերադարձրել, թե բանկային փոխանցումով, հանգստացողներից քանիսի՞ գումարն այդպես էլ չեն փոխանցել հանգստյան տներին, որքա՞ն է կազմում պետական բյուջեից սոցփաթեթի հանգստի բաղադրիչի անվան տակ կազմակերպության յուրացումների չափը եւ այլն:

Այս հարցադրումները միայն «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ին չեն վերաբերում: Օրեր առաջ ներկայացրել էինք եւս մեկին՝ «Մուշ-Է» ուսանողական տուրիստական ցանց» ՍՊԸ-ին, որը նույնպես մասնակցել է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելուն: Դատելով այս կազմակերպության նույնաբնույթ գործելաոճից եւ նրա դեմ ներկայացված մեծ թվով դատական հայցերի քանակից, կարող ենք ասել, որ նշված տուրօպերատորների նպատակը առնվազն սոցփաթեթով ծառայություններ մատուցելը չի եղել:

Մեկնաբանություններ (1)

ՌՈՒԶԱՆՆԱ
ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, ինձ թվում է, հավանաբար մարզպետը համագործակցել է նշված սուբյեկտների հետ հետապնդելով ուղղակի շահ, իսկ էթիկայի հանձնաժողովը ԵԹԵ ՑԱՆԿԱՆԱ կարող է շատ հեշտ պարզել իրեն հուզող հարցերի պատասխանները․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter