
ՍԱՊԾ-ն կասեցրել է իրանական խուրմաների վաճառքը և շուկայից հետ կանչել
Վերջերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել իրանական «ՍԱԼԵՀ» խուրմաների մասին, որոնք իրացման ցանցում հայտնվել էին՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի մի շարք կետերի կոպիտ խախտումով:
Դրանից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից մեզ հայտնեցին, որ «Հետք»-ի նշված հրապարակման հիման վրա դիտարկում են սկսել իրանական խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում։
Իրականացված պետական վերահսկողության ընթացքում «հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման և պիտանելիության ժամկետները, նշված են եղել ոչ հավաստի տեղեկություններ: Միաժամանակ, ընկերության պահեստում խախտվել են ապրանքատեսակի պահման պայմանները»։
Այդ պատճառով ՍԱՊԾ-ն անմիջապես կասեցրել է 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը՝ մինչև դրանց արտադրության, ժամկետների մասին հիմնավորումներ ստանալն ու օրենքով սահմանված կարգով մակնշելը, իսկ ընկերության ղեկավարին հանձնարարվել է շուկայից հետ կանչել թերի մակնշմամբ ապրանքների ողջ խմբաքանակը և կասեցնել դրանց վաճառքը։
Թեև մեր ուսումնասիրության ժամանակ մենք ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար անհրաժեշտ EAC նշան իրանական խուրմաների վրա չէինք հայտնաբերել, սակայն ՍԱՊԾ-ից հայտնում է, որ տեսուչները պարզել են, որ կազմակերպությունն ունի EAC համապատասխանության հայտարարագիր և անցել է համապատասխանության գնահատում։
Մեկնաբանել