HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբանների միջադեպի գործով բոլոր 6 փաստաբանները մեղադրյալ են. կողմերից մեկը տեսանյութ է հրապարակել

Փաստաբանների միջև ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպի գործով բոլոր 6 փաստաբանները մեղադրյալի կարգավիճակ ունեն: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Միջադեպի գործով փաստաբան Տիգրան Աթանեսյանը նոր է որպես մեղադրյալ ներգրավվել, իսկ մյուս 5 անձինք՝ փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Արսեն Հարությունյանը, Գևորգ Մկրտչյանը և Արմեն Սողոմոնյանն՝ ավելի վաղ:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին փաստաբաններ Արմեն Սողոմոնյանի ու Տիգրան Աթանեսյանի և Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի ու Գևորգ Մկրտչյանի միջև Տիգրան Աթանեսյանի գրասենյակում միջադեպ է տեղի ունեցել: Դեպքի առթիվ երկու կողմերն էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:

Մասնավորապես՝ ըստ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի հաղորդման ՝ իրենք Աթանեսյանի գրասենյակում Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի ու Գևորգ Մկրտչյանի կողմից հարձակման են ենթարկվել: Մյուս կողմն էլ պնդում է, թե իրենք են հարձակման ենթարկվել, և որ իրենք գնացել էին Աթանեսյանի գրասենյակ վերջինիս կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառման վերաբերյալ պարզաբանում ստանալու:

Երկու հաղորդումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք այժմ միացվել են մեկ վարույթում:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը, Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը լրագրողներին ներկայացրին տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանն ու Սիմոն Բաբայանը մուտք գործում, ապա դուրս գալիս Տիգրան Աթանեսյանի գրասենյակից:


Տեսանյութում երևում է, թե ինչպես է փաստաբան Արսեն Հարությունյանը նախապես գալիս Աթանեսյանի գրասենյակի տարածք, ինչ-որ բան նայում, ապա աստիճաններով իջնում, նորից բարձրանում, հետո դարձյալ իջնում ու գնում: Քիչ անց Հարությունյանը երեք այլ փաստաբանների՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Գևորգ Մկրտչյանի հետ վերադառնում է, ու չորսով մտնում են Աթանեսյանի գրասենյակ:

Ըստ տեսանյութի՝ 1 րոպե 52 վայրկյան անց գրասենյակ մուտք գործած 4 անձինք հանգիստ դուրս են գալիս ու հեռանում:
«Այս տեսանյութով ամբողջությամբ հերքվում են հարձակվողների ցուցմունքները, իսկ ինձ և Արմեն Սողոմոնյանին առաջադրված մեղադրանքը դառնում է ակնհայտ ապօրինություն»,- լրագրողներին ասաց Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ գործով ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սիմոն Բաբայանը դեմքի շրջանում ստացել է սալջարդ:
Այս առնչությամբ Աթանեսյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ, իրենց կողմից ներկայացված տեսանյութում Բաբայանի դեմքի վրա որևէ վնասվածք չի երևում:
Բաբայանի դեմքին տեսանելի վնասվածք չի եղել նաև դեպքի հաջորդ օրը, երբ վերջինս Փաստաբանների պալատում լրագրողների հետ հանդիպում է ունեցել: Այդ ժամանակ Սիմոն Բաբայանն ասել է, որ իր վնասվածքն անտեսանելի վայրում է:
Արմեն Սողոմոնյանն էլ նշեց, թե տեսանյութում երևում է, որ Աթանեսյանի գրասենյակից դուրս գալիս Սիմոն Բաբայանն ակնոցով է եղել:

«Ակնոցը հանել ենք, վնասել ենք, հետո դրե՞լ նորից աչքերին»,- հարցնում է Արմեն Սողոմոնյանը:
Խոսելով քրեական գործի մասին՝ Տիգրան Աթանեսյանը համոզմունք հայտնեց, որ իր, ինչպես նաև Արմեն Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով:
«Բայց եթե անգամ գործը գնա դատարան, պետք է լինի արդարացման դատավճիռ իմ և Արմենի նկատմամբ»,- ասաց Աթանեսյանը:
Նշենք, որ փաստաբանների մասնակցությամբ այս գործը մասնավոր մեղադրանքի գործ է, այսինքն՝ եթե կողմերը բողոք չունենան, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Աթանեսյանը, նշեց, թե որ դեպքում ինքը կհաշտվի:
«Ես կարող եմ հաշտվել իմ գրասենյակ եկած չորս փաստաբանների հետ, հրաժարվել բողոքից, եթե նրանք ներողություն խնդրեն, խոստովանեն, որ այս ամենը կազմակերպել է Արա Զոհրաբյանը, և բոլորով հրաժարական տան: Իմ պայմանը սա է: Հակառակ պարագայում՝ ես գնալու եմ մինչև վերջ: Ես թքած ունեմ նման արդարադատության վրա, ես մինչև վերջ գնալու եմ, թեև գիտակցում եմ, որ կարող եմ անգամ արտոնագրից զրկվել կամ դատապարտվել, բայց դա ինձ չի վախեցնում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Երվանդ Վարոսյանն էլ վստահեցրեց, որ անգամ եթե այս գործը հասնի դատարան, ապա դա չի քննվի որպես ծեծի գործ:
«Սա լինելու է գործ 2013 թվականից մինչև օրս Փաստաբանների պալատում տեղի ունեցածի մասին»,- վստահեցրեց Երվանդ Վարոսյանը:

Այսօր հրապարակված տեսանյութի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն վերցնել նաև փաստաբաններ Սիմոն Բաբայանից և Արսեն Հարությունյանից:

Մասնավորապես՝ Արսեն Հարությունյանից հարցրինք, թե ինչո՞ւ էր մինչև Աթանեսյանի գրասենյակ մյուս փաստաբանների հետ միասին մուտք գործելը եկել, ինչ էր ուսումնասիրում, ինչու էր երկմտում՝ վերադառնալ, թե աստիճաններով ինջնել ու հեռանալ, սակայն Հարությունյանն ասաց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ դեպքի առթիվ քննություն է իրականացվում, ինքը չի ցանկանում խոսել:
Սիմոն Բաբայանն առաջարկեց մեր հարցերին պատասխանել գրավոր: Հարցին՝ արդյոք իրենք վնասվածքները ստացել են Տիգրան Աթանեսյանի գրասենյակում, թե՞ մեկ այլ վայրում, Սիմոն Բաբայանը պատասխանել է, որ ինքը, Արսեն Հարությունյանը և Վրեժ Խաչիկյանը վնասվածքները ստացել են Տիգրան Աթանեսյանի գրասենյակում: Ինչ վերաբերում է ցուցադրված տեսանյութին, ապա Բաբայանի խոսքով՝ դրա որակն այնպիսին չէր, որից հստակ երևար վնասվածքների առկայությունը:
«Բացի այդ, վնասվածքների հետևանքները ի հայտ են գալիս որոշակի ժամանակ հետո և չէին կարող մեկ րոպեի ընթացքում դրանք արտահայտիչ լինել: Ընդ որում, կային վնասվածքներ, որոնք կարող էին բացահայտվել միայն բժշկական հետազոտության արդյունքում, օրինակ՝ Արսեն Հարությունյանի ծնոտի կոտրվածքը: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ չեն հրապարակել տեսանյութի մյուս հատվածը, մեր գնալուց հետո: Արդյոք այդ հատվածում երևում են նաև Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի վնասվածքները»,- գրավոր պատասխանում հայտնում է Սիմոն Բաբայանը:

Վերջինս ընդգծում է, որ միջադեպի պատճառը Տիգրան Աթանեսյանի կողմից կատարած հայհոյախառն գրառումներն էին:
«Ես գնացել եմ նրա գրասենյակ՝ միայն պարզելու և գրառումները նրա կողմից ջնջելու նպատակով: Դա էր պատճառը, որ օպտիկական ակնոցներով եմ մտել նրա սենյակ: Եթե այլ նպատակ ունենայի, հաստատ ակնոցներս կհանեի»,- գրել է Սիմոն Բաբայանը:
Նշենք, որ Աթանեսյանն իր կողմից արված գրառման առնչությամբ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իր գրառումն ուղղված չի եղել Սիմոն Բաբայանին, այլ այն անձին, ով նրա փոխարեն գրառումներ է կատարում:

«Ես համոզված եմ, որ այս էջից Սիմոն Բաբայանը չի օգտվում, այլ հասկանալի է, թե ով, և այդ էջում իմ հասցեին վիրավորական արտահայտություններ են եղել: Իմ խոսքն ուղղված է եղել այն ֆեյքին, ով ինձ է վիրավորում, և եթե Սիմոն Բաբայանն ընդունում է, որ ինձ վիրավորել է, ուրեմն լավ եմ արել, բան էլ՝ քիչ եմ գրել, բայց ինքը չի եղել. եթե ինքը գրած լիներ, ապա կհասկանար՝ ինչ է եղել, ինչ է կատարվում »,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter