HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վեր-վեր թռչելուց հետո անկումը կրկնակի ցավոտ է

Հայկական ֆուտբոլային ակումբներն ավարտեցին իրենց մրցելույթները եվրագավաթներում: Վերջինն ասպարեզից դուրս եկավ գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը»: Բայց Հայաստանը ներկայացրած թիմերին անդրադառնանք հերթով: Սկսենք Եվրոպայի լիգայում հանդես եկած ակումբներից:

Երեւանի «Փյունիկը», որը Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է ու 14 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում շեշտը դրել է երիտասարդների, ավելի ճիշտ՝ պատանիների վրա: Ակումբի կարգախոսն ազգային թիմի համար կադրեր պատրաստելն է: Հայտնի է, որ հավաքականի առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Էդգար Մանուչարյանը այս ակումբի սաներն են, բայց չմոռանանք, որ նրանք «Փյունիկում» խաղացել են վաղուց, իսկ նրանց սերնդին հաջորդածներից, մեր սուբյեկտիվ կարծիքով, կարելի է առանձնացնել միայն Վարազդատ Հարոյանին, առանց որի դժվար է պատկերացնել ազգային թիմի պաշտպանությունը: «Փյունիկի» այսօրվա կազմից երբեմն հավաքական են հրավիրվում պաշտպաններ Արթուր Քարտաշյանը, Արմեն Մանուչարյանն ու թիմի ավագ, հարձակվող Վարդան Պողոսյանը: Վերջիններս, սակայն, դեռ շատ հեռու են ազգային ընտրանու մակարդակից, ու դժվար է ասել՝ կհասնեն արդյոք այդ մակարդակին: Նույն Պողոսյանը հավաքականում հանդես գալիս երբեւէ աչքի չի ընկել որեւէ բանով: Այլ կերպ ասած՝ ներկա «Փյունիկը» շատ է տարբերվում նրանից, որում խաղացել են Հենոն, Գեւորգը, Էդգարը:

Եթե պատճառներից մեկն այդ ֆուտբոլիստների տաղանդն էր, Մխիթարյանի ու Ղազարյանի դեպքում՝ նաեւ աշխատասիրությունը, ապա երկրորդ ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն էր, որ նրանք պատանեկան ու երիտասարդ տարիքում խաղում էին ավագ ընկերների կողքին, որոնցից սովորելու բան ունեին հենց դաշտում, դրա սահմաններից դուրս ու, ընդհանրապես, կենցաղում: Այսօրվա «Փյունիկը» ինքն իր յուղի մեջ տապակվող ակումբ է՝ առանց լեգեոներների, սեփական կադրերով: Խոսենք փաստերով. 2010-ից հետո «Փյունիկի» 10-ամյա չեմպիոնական հեգեմոնիան ավարտվեց, դրանից հետո միայն 2014/15 մրցաշրջանում է ակումբը կարողացել չեմպիոն դառնալ, բայց շեշտենք, որ այդ ժամանակ թիմում խաղում էր լեգեոներ Սեսար Ռոմերոն, որն արդյունքում դարձավ մրցաշրջանի երկու լավագույն ռմբարկուներից մեկը 21 գոլով: Մինչ այդ վերջին անգամ «Փյունիկից» գլխավոր ռմբարկուի կոչումը կիսել էին Մարկոսն ու Գեւորգ Ղազարյանը (16-ական գոլ) 2010 թ.՝ չեմպիոնական տարում: Այսինքն՝ գոլահարներն արդյունք են ապահովել:   

Նկարում «Փյունիկի» հանդիպումներն են եվրագավթներում: 2010-ից հետո ակումբը միայն երկու անգամ է կարողացել մի փուլ անցնել, սակայն տեսեք, թե ինչ հաշիվներով է պարտություններ կրել՝ 0-4, 1-5, 1-4, 0-5, որոնք սովորական են դարձել «Փյունիկի» պարագայում: Հնարավոր չէ նաեւ մոռանալ գաճաճ Ջիբրալթարի «Եվրոպա» թիմից կրած ընդհանուր պարտությունն անցյալ տարի: Այս տարվա 1-4 եւ 0-5 հաշվով պարտությունները սպասված էին, քանի որ պատանեկան թիմի մրցակիցը՝ Սլովակիայի ամենատիտղոսակիր «Սլովան» ակումբը, ֆավորիտ էր թե թղթի վրա, թե դաշտում:

Այն բանից հետո, երբ «Փյունիկի» ղեկավար դարձավ Արթուր Սողոմոնյանը, իսկ գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանցը, ակումբի մարտավարությունը կարծես փոխվեց: Չնայած նշվել է, որ «Փյունիկը» շարունակելու է կադրեր մատակարարել հավաքականներին, խոսվել է նաեւ լեգեոներների ձեռքբերման մասին: Ըստ էության, նոր ղեկավարությունը հասկացել է, որ ակումբը դոփում է տեղում, եւ առանց «թարմ արյան» (լեգեոներների, որոնք շարժիչ ուժ կդառնան թիմի եւ օրինակ՝ պատանիների համար) փյունիկցիները շարունակելու են երիտասարդներին բնորոշ անկայուն ելույթները ներքին առաջնությունում, իսկ եվրագավաթներում խոշոր հաշիվներով անպատվաբեր պարտություններ են կրելու:

Հարկ է շեշտել, որ լեգեոներների խնդիրը Հայաստանի պարագայում բարդ է: Ցածրակարգ առաջնությունը, որտեղ այս պահին խաղում է ընդամենը 6 թիմ, առանձնապես չի գրավում արտասահմանցի խաղացողներին, երկրորդ՝ լավ լեգեոները թանկ արժե, ու հիմնականում միանձնյա տեր-հովանավորներ ունեցող հայկական ակումբները չեն կարող իրենց նման շքեղություն թույլ տալ: Մնում է գտնել ֆուտբոլիստների, որոնք ունեն մեծ պոտենցիալ, սակայն տվյալ պահին ինչ-ինչ պատճառներով ստվերում են, ու տեղափոխել Հայաստան: Մեր երկրում սելեկցիոն լավ աշխատանք է կարողանում կատարել Գյումրու «Շիրակը», որի աֆրիկացի խաղացողները (օրինակ՝ Յորո, Բեկո, Դեբլե, Դիարասուբա) մի քանի տարում Հայաստանում «բացվելուց» հետո տեղափոխվում են ավելի բարձրակարգ առաջնություններ: Այսինքն՝ Հայաստանը նրանց համար դառնում է ցատկահարթակ, իսկ նրանք կարողանում են որակ տալ իրենց ակումբի խաղին ու, ընդհանրապես, առաջնությանը: Ժամանակին լավ աշխատանք էր կատարում նաեւ «Արարատը», որը բացահայտեց Մարկոս Պիզելիին:

Վերը նշված ֆուտբոլիստների համեմատությամբ ավելի ցածրակարգ են, մասնավորապես, «Գանձասար-Կապանի» լեգեոներները: Կապանյան թիմը Մոնտենեգրոյի «Մլադոստի» հետ խաղերում հիմնական հույսը դրել էր հենց նրանց վրա (թե արտագնա, թե երեւանյան խաղում կապանցիների մեկնարկային կազմում 7 լեգեոներ կար), սակայն ընդհանուր պարտություն կրեց 0-4 հաշվով: Թե Պոդգորիցայում, թե Երեւանում մրցակիցը շատ ավելին կարող էր խփել, եթե իր թիմին շարունակաբար չփրկեր դարպասապահ Մելիքսեթյանը: Փոխարենը կապանցիների միակ գոլը, որն այդպես էլ չհաշվվեց, Սարգիս Շահինյանը խփեց: Գանձասարցիների լեգեոներների ՕԳԳ-ն բավականին ցածր է: Նույն երեւանյան խաղում Աշոտ Բարսեղյանի սաները, թվում էր, խաղային առավելություն ունեն, բայց ընդամենը 3 իրական պահ ստեղծեցին, իսկ հյուրերը հակագրոհների շնորհիվ նյութականացրին իրենց հնարավորությունները: Սա խոսում է մի բանի մասին՝ թիմերի մակարդակների տարբերության: Գուցե ոմանք հակադարձեն, որ կապանցիները նաեւ արտասահմանցի խաղացողների շնորհիվ են նվաճել երկրի փոխչեմպիոնի կոչումը, սակայն 6 թիմից բաղկացած ցածրակարգ մրցաշարում դժվար է իրական գնահատական տալ խաղացողին: Նրանց որակները իրապես երեւում են միջազգային խաղերում, որոնց ականատեսն էլ եղանք վերջերս:        

Հայաստանի ակումբները ծայրահեղ բեւեռներում են. եթե «Փյունիկն» ու «Բանանցը» շեշտը գերազանցապես դնում են սեփական պատանի ու երիտասարդ կադրերի վրա՝ ունենալով հեռակա ծրագրեր (չենք ասում, թե դրանք որքանով են իրականանում), ապա մյուսները («Ալաշկերտ», «Շիրակ», «Գանձասար-Կապան». շարունակ կազմ փոխող ու վայրիվերումների մեջ գտնվող «Արարատի» մասին չենք խոսում) նախընտրում են ավելի մեծ փորձ ունեցող, երբեմն նույնիսկ տարեց տեղացիների ու դրսից հրավիրվածների: Այսինքն՝ չկա մի կոլեկտիվ, որտեղ հավասարապես կան փորձառուներ ու երիտասարդներ, տեղացիներ ու լեգեոներներ:    

Գյումրու «Շիրակը» չնայած առաջին խաղում իր հարկի տակ վատ հանդիպում անցկացրեց ու պարտվեց 0-2, Նովա Գորիցայում մինչեւ հանդիպման վերջին րոպեները հաղթում էր 2-1 ու մեկ գնդակ էր պակասում սլովենական «Գորիցայի» արգելքը հաղթահարելու համար: Ավելացված ժամանակում տանտերերը հավասարեցրին հաշիվը՝ 2-2: Այդուհանդերձ, արտագնա խաղը վկայում է, որ «Շիրակը» մեր այն քիչ թիմերից է, որոնք մարզական բնավորություն ունեն, կարողանում են ատամ ցույց տալ, հեշտությամբ չեն հանձնվում: «Շիրակում» է խաղում նաեւ այս պահին Հայաստանում հանդես եկող ամենախոստումնալից պատանին՝ 18-ամյա Վահան Բիչախչյանը, որի համար շուտով, թերեւս, իրական որս կսկսեն արտասահմանյան հզոր ակումբները:

Եվրագավաթների վերջին 6 խաղարկություններում «Շիրակը» 4 անգամ հաղթահարել է առաջին փուլի արգելքն ու միայն 2014/15-ին է բացառապես պարտություններ կրել (տես նկարում): Չմոռանալով փորձառուների դերի ու կարեւության մասին՝ լավ կլիներ, որ գյումրեցիները նորից ուշադրություն դարձնեին սեփական երիտասարդ կադրերին:

Երկրի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում դժվարությամբ հաղթահարեց անդորրական «Սանտա Կոլոմայի» արգելքը: Որքան էլ չեմպիոնի ներկայացուցիչներն ասեն, որ մրցակիցը հակաֆուտբոլ էր խաղում, կազմակերպչական խոչընդոտներ ստեղծում կամ անցյալ տարվա համեմատ որակական աճ էր ապրել, պիտի խոստովանենք, որ եթե «Ալաշկերտը» մի քանի գլուխ գերազանցեր անդորրացիներին, ուրեմն ցանկացած դեպքում պետք է ջախջախեր մրցակցին՝ մարզական ու բարոյական առումով կոտրելով անդորրացիների ողնաշարը: Երեւանցիներն էլի ուժեղ էին գաճաճ պետության թիմից, ինչում ոչ ոք երեւի չէր էլ կասկածում, բայց եթե անդորրական ֆուտբոլն առաջ է գնացել մեկ տարում, ապա հայկականը շարունակում է նահանջը, այսինքն՝ տարբերությունը կրճատվել է: Ցավալի է, բայց մեր թիմերը մաքառելով են միավորներ ձեռք բերում, որոնք այնքան անհրաժեշտ են հայկական ակումբային ֆուտբոլի վարկանիշը գոնե եղածից էլ ավելի չգցելու համար: Միանգամայն կարելի է հասկանալ նրանց, ովքեր դժգոհ են մնացել «Ալաշկերտի» երեւանյան 1-0 հաշվով հաղթանակից ու արտագնա 1-1-ից: Պատճառը ոչ միայն «աղքատիկ» հաշիվներն են, այլեւ դժգույն խաղը: Երեւանցիներն այս անգամ չկարողացան, Աբրահամ Խաշմանյանի խոսքերով ասած, ճզմել մրցակցին, այնինչ վերջինիս հակաֆուտբոլի լավագույն պատասխանը հենց դա կլիներ:  

Մենք ծայրահեղությունների մեջ ընկնող ազգ ենք, առավել եւս, երբ խոսքը ֆուտբոլի մասին է: Անդորրացիների հետ դիմակայությունից հետո երեւի ամենաալարկոտները չէին քննադատում ալաշկերտցիներին, սակայն երբ Բորիսովում բելառուսական «ԲԱՏԷ»-ի հետ 1-1 գրանցվեց, շատ-շատերն այն պատմական արդյունք համարեցին՝ նկատի ունենալով, որ հայկական ֆուտբոլի համար առաջին անգամ երրորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն կա: Իրականում լավ, դրական արդյունքն այլ բան է, պատմական արդյունքը՝ այլ: Անկախ նրանից, թե ժամանակին ինչպիսի հաղթանակներ ու արդյունքներ է գրանցել «ԲԱՏԷ»-ն եվրոպական հսկաների դեմ խաղերում, մեր ակումբային ֆուտբոլի հանդեպ մի փոքր հարգանք ունենալով՝ պետք չէր արտագնա ոչ-ոքին պատմականների շարքը դասել. բելառուսները ոչ գրանդ ակումբ են, ոչ էլ եվրոպական մրցաշարի գործող չեմպիոններ: Ավելին՝ եթե խոսում ենք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններից, ապա լավագույն արդյունքը մինչ օրս գրանցել է «Շիրակը», որը 2013/14 մրցաշրջանում ՉԼ երկրորդ փուլում 1-1 խաղաց տանը, ապա 0-0 ավարտեց արտագնա հանդիպումը մեծ պատմություն ունեցող սերբական «Պարտիզանի» հետ ու միայն Գյումրիում ընդունած գոլի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից:

Ֆավորիտ համարվող բելառուսներն իրենց դաշտում իրականում լավ հանդես չեկան: Ճիշտ է՝ Բեգլարյանի դարպասի վրա 9 հարված կատարեցին, բայց դրանք հիմնականում թույլ էին ու անվտանգ: Միակ ռեալ հնարավորությունն էլ Ռիոսը գլխի հարվածով վերածեց գոլի: Փոխարենը «Ալաշկերտը», ոչ մի հարված դարպասին չկատարելով (միայն մեկ անգամ Արտակ Եդիգարյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին), հավասարեցրեց հաշիվը նույն Ռիոսի ինքնագոլի շնորհիվ: Բելառուս մեկնաբաններին հենց սա էր զարմացրել ու գուցեեւ զայրացրել: Բորիսովում երեւանցիները խորը պաշտպանության էին անցել ու միայն երկրորդ կեսում ակտիվություն դրսեւորեցին: Այդուհանդերձ, խոտանը բավականին շատ էր, թիմն առաջին հերթին գոլ չընդունելու մասին էր մտածում: Չնայած Խաշմանյանի սաները հասան ցանկալի արդյունքի, բայց նման խաղի կրկնության դեպքում ավելորդ էր մտածել հաջորդ փուլ անցնելու մասին: Փոխարենը հայ մասնագետների ու երկրպագուների մի ստվար զանգված արդեն խոսում էր ընդհանուր հաղթանակի մասին:

Երբ հունիսին Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում 5-0 հաշվով ջախջախեց Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմին, գրեցինք, որ դա առաջիկա պաշտոնական խաղում Մոնտենեգրոյին հաղթելու գրավական չէ: Երկրպագուներից մեկն էլ արձագանքեց, թե այս ինչ հիմարություններ եք գրում, նույն Մոնտենեգրոն չէ՞ր, որին մերոնք հաղթեցին Երեւանում: Հետաքրքիր կլիներ լսել այդ մարզասերի կարծիքը մերոնց դժգույն խաղից ու 1-4 հաշվով պարտությունից հետո:

Երբ հայկական որեւէ թիմ դրական արդյունք է գրանցում, յոթերորդ երկնքում ենք հայտնվում, իսկ երբ պարտվում է, ամեն մեկը ձեռքին մի քար է վերցնում (խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ): Պարզապես պետք է ավելի սթափ ու սառը դառել, ծայրահեղությունների գիրկը չընկնել ու երազանքներին տուրք չտալ: Որ «ԲԱՏԷ»-ն ուժեղ է «Ալաշկերտից» նաեւ այսօր, թիմն ապացուցեց Երեւանում: Բելառուսներն ունեն ավելի մեծ փորձ, խաղամակարդակով ավելի բարձր են: Ապացույցն է այն, որ պատասխան խաղում Խաշմանյանի սաները զգալի առավելություն ունեին, սակայն միայն մեկ անգամ կարողացան գրավել Շչերբիցկու դարպասը: Վերջինս ակնհայտորեն անվստահ էր հեռվից կատարած հարվածներին դիմակայելիս, սակայն ալաշկերտցիները չկարողացան օգտվել առիթից: Այնինչ հյուրերն ունեցան 3 պահ եւ 3 գոլ խփեցին: Եթե առաջին դրվագում Գորդեյչուկի հարվածը պարտավոր էին փակել կենտրոնական պաշտպանները, որոնք «ԲԱՏԷ»-ի հետ դիմակայություններում 3-ն էին, ապա երկրորդ գոլում մեղավոր էին թե նույն կենտրոնականները, թե նաեւ դարպասապահ Բեգլարյանը, որն ընդառաջ դուրս գալուց հետո էլ չկարողացավ փրկել թիմին: Դե իսկ Վոլոդկոյի երրորդ գոլն ուղղակի զավեշտի ժանրից էր. հեշտությամբ անցնելով պաշտպանությունը՝ խաղացողը նույնքան հեշտությամբ գնդակն անցկացրեց Բեգլարյանի դարպասը:

Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանն անհուսալի խաղացող է. նա գոլ է բաց թողնում գրեթե բոլոր վտանգավոր դրվագներում (խոսքը միջազգային հանդիպումների մասին է): Գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանը նույնպես 4 գոլ ընդունեց «Մլադոստից», բայց բազմիցս փրկեց թիմին հատկապես Պոդգորիցայում: Կաղում էր նաեւ Խաշմանյանի 5-հոգանոց պաշտպանությունը: «Ալաշկերտն» ունի ընդգծված 3 առաջատար՝ Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ուրոշ Նենադովիչ: Վերջինս երեկ տպավորեց իր կատարած աշխատանքով, վատ չխաղաց նաեւ ազգայինի անդամ Գագիկ Դաղբաշյանը: Այդուհանդերձ, զգացվեց, որ երբ թիմը գոլ խփելուց հետո ընդունեց երկուսը, ընկճվեց, ագրեսիվությունը պակասեց, հավատը մարեց:

Հոգեբանությունը հայկական ֆուտբոլի խրոնիկ հիվանդություններից մեկն է, որով տառապում են թե ակումբները, թե հավաքականները: Երեկվա խաղը պատասխան էր այն ամպագոռգոռ հայտարարություններին, թե «Ալաշկերտը» պատմություն է կերտում: Եթե թիմն իր մակարդակով այս պահին տարբերվում է հայկական թիմերից, դա դեռ քիչ բան է նշանակում: Ապագա ու տեւական հաջողությունների համար պետք է ունենալ սեփական մարզադպրոցում աճեցված կադրեր, որոնք պիտի թրծվեն ավագների կողքին, այնինչ ներկա պահին «Ալաշկերտում» հավաքված են հիմնականում տարեց խաղացողներ, որոնց «չուզողները» ծաղրանքով ծերակույտ են անվանում:

Եթե նախորդ՝ 2016/17 մրցաշրջանում մեր թիմերը 3 հաղթանակ տարան, 1 ոչ-ոքի խաղացին եւ 4 պարտություն կրեցին («Ալաշկերտն» ու «Շիրակը» հաղթահարեցին մեկական փուլ), ապա այս տարի (2017/18 մրցաշրջան) գրանցվեց 1 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 6 պարտություն (միայն չեմպիոնը կարողացավ մեկ փուլ անցնել): Նախորդ տարի հայկական ակումբները վաստակեցին 1,125 վարկանիշային միավոր, իսկ այս անգամ՝ 0,625:

Ամեն խաղի արդյունքը կարեւոր է այն պարզ պատճառով, որ դրանից վարկանիշային միավորներ են ստացվում (հաղթանակը՝ 2, ոչ-ոքին՝ 1): Իսկ երկրի ակումբային վարկանիշը կազմվում է վերջին 5 մրցաշրջանների գումարային արդյունքից, եւ հենց վարկանիշային դիրքով է որոշվում, թե երկիրը քանի թիմ է ներկայացնում եվրոպական մրցաշարերում, ու թե դրանք որ փուլից են սկսում մասնակցությունը:        

2017/18 մրցաշրջանը, որտեղ Հայաստանը 48-րդն էր, այլեւս ավարտված է հայկական թիմերի համար: Հաջորդ՝ 2018/19 մրցաշրջանի համար մեկնարկային են լինելու 2012/13-2016/17 թթ. արդյունքները, որոնցով Հայաստանը 45-րդ տեղում է: Քանի որ ՈւԵՖԱ-ն ունի 55 անդամ եւ վերջին 10 հորիզոնականների երկրների չեմպիոնները պայքարը սկսում են որակավորման առաջին փուլից, մյուս տարի մեր չեմպիոնը կխաղա երկրորդ փուլից (եթե առաջին փուլի մասնակիցների թիվը չշատացվի):

Իսկ արդեն 2019/20 մրցաշրջանի համար (տես նկարում) հաշվի կառնվի նաեւ այս տարվա 0,625 միավորը: Չնայած 2019/20-ի համար Հայաստանն այս պահին նույնպես 45-րդ տեղում է, չի բացառվում, որ մեր երկիրը նահանջի, քանի որ Մալթան, Լիտվան, Հյուսիսային Իռլանդիան ու Լյուքսեմբուրգը ներկա մրցաշրջանում դեռ պայքարը շարունակող մասնակիցներ ունեն ու վերջնարդյունքում կարող են շրջանցել մեզ:       

Ամփոփելով վերը շարադրվածը, ցավով պիտի ասենք, որ նախորդ տարվա համեմատ որեւէ դրական զարգացում չի եղել, իսկ զուտ արդյունքների առումով հետընթաց է գրանցվել:

Տես նաեւ՝ Մխիթարվենք Մխիթարյանով, կամ անդունդի երկու կողմերում

Առաջին լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter