
«Սասնա ծռերի» փաստաբանների նկատմամբ սանկցիաները շարունակվում են
Ամալյա Մարգարյան
«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալներից 15-ի նկատմամբ սանկցիա կիրառեց և 10 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Դատավորը որոշեց փաստաբաններ Նինա Կարապետյանցի, Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի նկատմամբ նույնպես սանկցիա կիրառել` կարգապահական վարույթ սահմանելու համար դիմել փաստաբանների պալատ: Փաստաբանները հրաժարվել էին ներկայանալ նիստին, քանի որ չէին ցանկացել կարգադրիչների մոտ բացել պայուսակները` նշելով, որ կարգադրիչի գործողություններն անօրինական են, և իրենց նկատմամբ կատարվում է խուզարկություն:
Նիստի ընթացքում փաստաբանները հանդես եկան հայտարարություններով: Դատավորը փաստաբաններին ասում էր, որ նիստը ձգձգվում է, քանի որ ամբաստանյալները չգիտեն` ինչպես կարգուկանոն պահպանեն դատարանում, իսկ փաստաբանները չեն ներկայանում նիստերին: Փաստաբան Երվանդ Վարոսյանը, դիմելով դատավորին, ասաց. «Այսօրվա նիստը ո՞վ տապալեց: Ինեսսա Պետրոսյանն անգամ համաձայնվեց, որ ամբաստանյալների պաշտպաններից ովքեր ներկա են, նրանց ներգրավման փուլն անցնենք, առաջ գնանք: Ամեն ինչ կարգին ընթանում էր, մինչև դուք որոշեցիք ուղղակի գնալ` լավ իմանալով հետևանքը: Հիմա գնալու եք` սանկցիայի մասին որոշում կայացնելու: Ստացվում է, որ մե՞նք ենք նիստը տապալում»:
Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ կարծես թե դատավորն այդպես վարվելու «հրաման է ստացել». «Ասացիք տոթ է դահլիճում, ընդմիջում հայտարարեցիք, հետո դուրս եկաք, որից հետո սանկցիա հայտարարեցիք»: Շարունակելով խոսքը` Ինեսսա Պետրոսյանն ավելացրեց. «Մանվել Աթոյանը և Արամ Հակոբյանը ասացին, որ ոտքի հետ խնդիրներ ունեն, չեն էլ կարողանում կանգնել, քիչ առաջ դուք թույլ տվեցիք, որ չկանգնի Արամ Հակոբյանը, հիմա բոլորի ներկայությամբ սանկցիա եք կիրառու՞մ» :
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ այդ պահին է միայն Արամ Հակոբյանին թույլ տվել ոտքի չկանգնել:
Փաստաբանները նշեցին նաև, որ իրենց նկատմամբ կա խտրական վերաբերմունք:
«Նինա Կարապետյանցի զննությունը անցել է նորմալ, հետո արգելել են, խտրական վերաբերմունք է եղել: Ինչպե՞ս եք շարունակելու դատական նիստը, եթե խախտվել է ամբաստանյալների և նրանց պաշտպանների իրավունքը»,- նշեց փաստաբան Գրիշա Բալասանյանը:
«Տպավորությունը հետևյալն է, որ որոշվել է առանց պաշտպանության կողմի դատական նիստ անել, չգիտեմ` ով` Դու՞ք, որոշո՞ղը: Առաջին քայլը խուզարկությունն էր` շատ լավ իմանալով, որ պահանջը ներկայացնելուց հետո փաստաբանը չի բացելու պայուսակը և խուզարկության չի ենթարկվելու: Այսօր Դուք ճիշտ որոշում կայացրիք` ամբաստանյալներին բերելով դահլիճ: Նիստը ընթանում էր, բայց նորից հեռացրիք` իմանալով, որ մենք էլ ենք գնալու: Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի նիստը տեղի չունենա»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը:
Դատավորը նշեց, որ մի քանի անգամ բացատրվել է, թե որն է խուզարկությունը, որը զննությունը:
Ընթերցվեցին փաստաբաններ Մուշեց Շուշանյանի, Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի վերաբերյալ արձանագրությունները:
Փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո փաստաբան Գրիշա Բալասանյանը միջնորդությամբ հանդես եկավ` բարձրաձայնելով ջրերի շշերը նիստերի դահլիճ բերելու, ինչպես նաև ընդմիջումների տևողությունը հստակեցնելու հարցերի մասին:
Դատավորն առաջարկեց` եթե փաստաբանները ջուր խմելու կարիք ունենան, դիմեն դատարանին և թույլտվություն ստանան, այլապես նիստերի դահլիճը կդառնա «ընդմիջման վայր` բուֆետ», որին ի պատասխան` փաստաբանն ասաց. «Դպրոցում չենք, որ ձեռք բարձրացնենք ու թույլտվություն խնդրենք»:
Դատարանը որոշում կայացրեց նաև Թորոս Թորոսյանի պաշտպանությունն իրականացնելու համար դիմել հանրային պաշտպանի գրասենյակ:
Այս գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 27-ին:
Մեկնաբանել