HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ադրբեջանական սահմանին ոսկի կորոնեն. թիրախում Սիսկատար-Արտավան հանքային դաշտն է

«Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ն նախատեսում է Սիսիանի հանքային շրջանի Սիսկատար-Արտավան հանքային դաշտում կատարել ոսկի-բազմամետաղային հանքայնացման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:

Սիսկատար-Արտավանի հանքային դաշտը լեռնագրորեն տեղակայված է Զանգեզուրի լեռնաշղթայի Սիսկատար լեռան լանջերին և հարակից տարածքում:  Գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հատման կետում՝ հայ-ադրբեջանական Նախիջևանի սահմանի մոտ:

Նախագծի համաձայն՝ հորատման և նմուշարկման աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի պարզեն հանքայնացման բնույթը խորքերում: 20 հորատանցք է նախատեսվում հորատել:

Ուսումնասիրվելու է ավելի քան 6000 հա տարածք, որից շուրջ 4000 հա-ն պատկանում է Զառիթափ համայնքին, իսկ 2100 հա-ն՝ Շաղատ համայնքին:

Զառիթափը խոշորացված համայնք է, որի կազմում միավորվել են Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքները:

Շաղատ համայնքի տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվելու են արբանյակային կապի միջոցով` միայն երկրաֆիզիկական հեռահար կոսմիկական զոնդավորման մեթոդով, առանց մուտք գործելու ուսումնասիրվող տարածք` ֆիքսելով ստացված անոմալիաների կոորդինատները:

Շրջանի հիմնական գետային զարկերակը Որոտանն է և Արփան, որոնց հոսքերի մի մասը գտնվում են ներկայացվող տարածքի սահմաններում: Ուսումնասիրվելիք տարածքում են գտնվում նաև Արտավան, Սարավան և Գյաբուռ գետերի մի քանի փոքրիկ վտակներ, Ալտգյոլ փոքրիկ լճակը և երկու աղբյուրներ:

Նախատեսվող մակերեսային փորվածքները և հորատանցքերը կտեղադրվեն աղբյուրներից և լճակից առնվազն 500մ հեռավորության վրա՝ պահպանելով պահանջվող բնապահպանական նորմերը: Հորոտանցքերը նախատեսվում է հորատել ռելիեֆի բարձրադիր մասերում: Տարածքում ստորերկրյա ջրերի ավազաններ փաստված չեն և տվյալ հորատանցքերը որևէ կերպ չեն կարող ազդել ջրերի որակական ցուցանիշների վրա:

Ուսումնասիրության համար նախատեսվող տարածքում ընդգրկված հողատարածքները օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքներ: Հետախուզական փորվածքներով ընդգրկվող տարածքները գրեթե բուսազուրկ են, ինչը պայմանավորված է ընդերքում առկա հանքանյութերում ծծմբի պարունակության և 17 ապարի խիստ քվարտացման հետ, ինչի պատճառով այդ մակերեսներում բուսականություն չի աճում:

Այս տարվա հունվարին Զառիթափի ավագանին թույլ է տվել ընկերությանը Սիսկատար -Արտավան հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել:

Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունը հայ-ադրբեջանական անմիջական սահմանակից տարածքն է ուզում ուսումնասիրել, որը համայնքը որևէ նպատակով չի օգտագործում: «Եթե հանքը շահագործվի, աշխատատեղեր կբացվեն, ժողովուրդը կաշխատի, սահմանն էլ ավելի ամուր կլինի: Ես որպես համայնքի ղեկավար մենակ պիտի ուրախանամ, որ նման բաներ են լինում, ներդրողները գալիս են մեր սահմանի բերանը, կապ չունի՝ երբ, մեր սահմանի 3-4 կմ հատվածում մեր զինվորը խաղաղ կկանգնի»,- ասում է գյուղապետը:

Թե ովքեր են լինելու ներդրողները և որ երկրներից, համայնքապետը տեղյակ չէր: Միայն ասաց, որ իրենց դիմողները տեղացիներ են:

«Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ն հին ընկերություն է: Գործում է արդեն 18 տարի: Բաժենտերերը Համլետ Ռևազյանն ու Խաչատուր Գաբրիելի Մաթևոսյանն են: Համլետ Ռևազյանը նաև ընկերության տնօրենն է:

Հուլիսի 26-ին Վայոց ձորի մարզի Զառիթափի, ինչպես նաև նույն օրը Սյունիքի մարզի Շաղատի համայնքապետարաններում տեղի կունենան «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Սա երկրորդ քննարկումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter