HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման գործով փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել նիստերի դահլիճ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր սկսվեց նույն «սցենարով», ինչ նախորդները:

Այսօր դատական կարգադրիչները դարձյալ պաշտպաններին թույլ չէին տվել մուտք գործել նիստերի դահլիճ՝ նրանց պայուսակում առկա անհայտ իրերի պատճառով:

Պաշտպանների պայուսակները զննելիս սարքը, որի միջոցով դատարան մուտք գործող անձինք զննության են ենթարկվում, ազդանշան է արձակել, և կարգադրիչները պահանջել են պայուսակից հանել արգելած իրերը: Պաշտպաններն էլ պահանջել են ներկայացնել արգելված իրերի ցանկը: Այդպիսի ցանկ գոյություն չունի, իսկ սարքերը, որոնց միջոցով դատարան մուտք գործող անձինք զննության են ենթարկվում, ազդանշան են արձակում անգամ պայուսակում մաստակի, դեղահաբի թիթեղի առկայության դեպքում:

Նույն խնդրի շուրջ կարգադրիչների և պաշտպանների միջև վիճաբանությունն այսօր դարձյալ ապարդյուն է անցել, և, ինչպես նախորդ նիստերին, իրենց պաշտպանյալների շահերը ներկայացնելու համար դատարան եկած պաշտպանները հայտնվել են ոչ թե դահլիճում, այլ դատարանի դիմաց:

Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի վերաբերյալ կարգադրիչներն արձանագրություն էին կազմել, և վերջիններս դրանց վերաբերյալ ներկայացրել էին իրենց առարկությունները: Մուշեղ Շուշանյանը ներկայացրել էր խնդիրը, Արա Զաքարյանը դատարանից պահանջել էր իրեն գրավոր կերպով ուղարկել արգելված այն իրերի ցանկը, որոնք չի կարելի դատարան բերել: Արայիկ Պապիկյանն էլ դատարանից խնդրել էր պահանջել, որպեսզի քրեական գործ հարուցվի այն անձանց նկատմամբ, ովքեր խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն կարծում է, որ ինքն այս հարցում իրավասություն չունի: Արդյունքում դատարանի դիմաց գտնվող փաստաբանների նկատմամբ դատական նիստին չներկայանալու համար սանկցիաներ են կիրառվում, իսկ դատական նիստերն արդեն շուրջ մեկուկես ամիս է՝ հետաձգվում են:

Այսօր, երբ հերթական անգամ Գաբրիելյանը հայտարարեց, որ ինքը չէ հարցը լուծողը, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հակադարձեց. «Դուք չեք լուծողը, բայց դուք դատական սանկցիա՞ եք կիրառում»:

«Ձեզ ինչո՞ւ չեն խոչընդոտել, որ ներս մտնեք. ամբստանյալները ի՞նչ մեղավոր են. ամեն դատական նիստին պաշտպաները չեն ներկայանում, գնում ենք խորհրդակցական, սանկցիա կիրառում, տղաներին իջեցնում ներքև: Հետո նորից»,- սրտնեղեց Գաբրիելյանը, և ներսում գտնվող պաշտպանները, ոչ առաջին անգամ, դատավորին հայտնեցին, որ պաշտպաններից ոմանց նկատմամբ կարգադրիչները տարբերակված մոտեցում են ցուցաբերում:

Դատավորը, այնուամենայնիվ, մեկ ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter