HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեղադրողները 5 ժամ հրապարակեցին «զինված խմբի» գործով անձանց մեղադրական եզրակացություններն ու ավարտին չհասցրին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրող կողմը շարունակեց «Նորքի զինված խմբի» գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունների հրապարակումը:

Մի քանի ժամ տևած դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազները գրեթե նույնությամբ վերընթերցեցին նույն տեքսը՝ փոխելով միայն ամբաստանյալների անունները:

Մեղադրական եզրակացությունների հրապարակումը սկսվել էր դեռևս նախորդ դատական նիստին՝ հուլիսի 21-ին, և ընթերցվել էին միայն մի քանի ամբաստանյալի վերաբերյալ եզրակացություններ:

Ըստ մեղադրանքի`Իսպանիայում մշտապես բնակվող Արթուր Վարդանյանն ու Գյումրիում գործող «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Անտոն Դիկրան Թոթոնջյանը, ովքեր միմյանց հետ սկայպի միջոցով կապ են հաստատել Քեսաբում տիրող լարված իրավիճակի օրերին, Հայաստանում միմյանց հանդիպելով՝ զրույցների ժամանակ  եկել են այն եզրահանգման, որ Հայաստանում ստեղված սոցիալ-տնտեսական իրավիճակի, Արցախի հարցում զիջումների ելքն իշխանափոխությունն է, այսինքն՝ իշխանության զավթումը բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի ներքո:

Արթուր Վարդանյանը, ունենալով ռազմական հմտություններ, ըստ մեղադրանքի` ստանձնել է ստեղծել հանցավոր համագործակցություն, իսկ ֆինանսավորումն իր վրա է վերցրել Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

Ապա սկսվել է Հայաստանի քաղաքացիներին խմբի մեջ ներգրավելու և´ զենք, պայթուցիկ նյութեր և´ այլ անհրաժեշտ ռազմամթերք ձեռք բերելու գործընթացը: Այս նպատակով Վարդանյանը Թոթոնջյանից պարբերաբար, ընդհանուր առմամբ` շուրջ 60 հազ. ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Ըստ մեղադրանքի՝ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ներգրավվել է այս խմբում ու պարտավորություն ստանձնել հնարավոր գործողությունների դեպքում ապահովել բանակի աջակցությունը կամ առնվազն չեզոքությունը` հաշվի առնելով իր մտերիմ հարաբերությունները պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Իշխանության զավթման համար բավարար համախոհներ հավաքագրելով՝ Արթուր Վարդանյանը, ըստ մեղադրանքի, նախատեսել է հարձակումներ գործել պետական շենքերի վրա՝ գործով ամբաստանյալներին ներգրավելով այդ նպատակով ստեղծված տարբեր խմբերում:

Քննարկվել է նաև ՀՀ նախագահի օդանավը խոցելու հնարավորությունը:

Վերը նշված հանգամանքները գրեթե նույնությամբ շարադրելով՝ այսօր մեղադրող դատախազներն ընթերցեցին ամբաստանյալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները՝ յուրաքանչյուրի դեպքում հարկ համարելով նույնությամբ կրկնել նաև մյուս ամբաստանյալների գործողությունները:

Դատարանում արդեն լրացել էր պարբերաբար փոքր ընդմիջումներով անցկացված դատական նիստի 5-րդ ժամը: Մեղադրող կողմը «կրկնում էր» 14-րդ ամբաստանյալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, և դահլիճում ներկաներից ոմանք բացահայտ քմծիծաղով էին հետևում ընթերցվող մեղադրանքին:

Պաշտպաններից մեկը միջնորդեց այսօր ավարտել նիստը, քանի որ ինքը մեկ այլ դատական նիստ ունի: Դատավորը հետաձգեց նիստը: Այս գործով անցնող մյուս վեց ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունների հրապարակումը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter