HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական դատարանի նախադեպը իմ գործի մասին է

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս անգամ հոդված-նամակս ուղղում եմ նաև Վճռաբեկ դատարանի դատավորներին և գլխավոր դատախազին: Նրանց խնդրում եմ նայել «Մահապատժի դատավճիռ`մեկ ցուցմունքով» տեսաֆիլմը, որտեղ փաստ-ապացույցներով ներկայացված է ինձ մահվան դատապարտելու ողջ խայտառակությունը`անօրինություններն ու կեղծիքները:

Շնորհակալությունս եմ հայտնում Հելսինկյան կոմիտեին`ամփոփ, համակարգված փաստեր ներկայացնելու համար:

Սեպտեմբերին բանտ են այցելելու Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսները, որպեսզի հանձնեմ վերջին`5-րդ կուրսի քննությունները:

Պարապում եմ, մասնագիտական գրքերս հետս տանում եմ անգամ զբոսախուց ու դատարան գնալիս: Հերթական անգամ դատարանի ներքևի հարկում նստած՝ կարդում էի Սլավոնական համալսարանի գրադարանից ինձ ուղարկած «Քրեական դատավարության պարզեցման հիմնախնդիրները» ձեռնարկը, որը հեղինակել են մի խումբ իրավական գիտությունների թեկնածու գործող դատախազներ, Վերաքննիչ դատարանի նախագահի խորհրդականը և այլոք: Իսկ գիտական խմբագիրն է իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյան: Նա Աղվան Հովսեփյանի տեղակալն է: Այս ձեռնարկի գրախոսն է եղել իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանը:

Հիմա ասեմ, թե ինչու այսքան մանրամասն թվարկեցի գիտնականների անունները: Թե՛ գլխավոր դատախազությունը (Աղվան Հոսեփյանը անձամբ, նաև ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը), թե՛ բոլոր երեք դատական ատյաններում (բոլոր այն դատավորները, ովքեր քննել են մի գործի վերաբերյալ նոր երևան եկած հանգամանքներով բողոքներս) շատ լավ գիտեն` իմ մահապատժի դատավճռի հիմքում դրված է գործով մյուս մեղադրյալ, այսինքն`գործի նման ելքով շահագրգիռ Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված, իրարամերժ ցուցմունքներից վերջինը: Այս հանգամանքը հրաշալի ընդգծված է նաև տեսաֆիլմում:

Հիմա մեջբերեմ համալսարանից ինձ ուղարկված նշված գիտագործնական ձեռնարկից շատ կարևոր մի հատված (էջ 188-189). «Հանցակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով ամբաստանյալների ինքնախոստովանական ցուցմունքները մյուս ամբաստանյալի մասով որպես մեղադրական ապացույց օգտագործելու հարցը քննարկելիս նախ պետք է հիմք ընդունել Եվրոպական դատարանի կողմից մշակված հետևյալ սկզբունքը: Վ. Ռոմանովն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ գործով (2008թ. հունիսի 24) Եվրոպական դատարանը որոշման 102-րդ կետում նշել է, որ այլ մեղադրյալների ցուցմունքների գնահատումը պահանջում է առավել ուշադիր մոտեցում, քանի որ ցուցմունք տվող հանցակիցների կարգավիճակը տարբերվում է վկաների կարգավիճակից: Նրանք չեն զգուշացվում ճիշտ ցուցմունքներ տալու պարտականության մասին, այսինքն նրանց ցուցմունքների արժանահավատությունը որևէ կերպ երաշխավորված չէ, ուստի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երեշխիքների պահպանման տեսանկյունից հանցակիցների ինքնախոստովանական ցուցմունքները կարող են օգտագործվել միայն մեղքն ընդունող մեղադրյալի դատապարտման համար, և այն ինքնին չի կարող համարվել մեղքը հերքող մեղադրյալի մեղավորության մասին վկայող ապացույց»:

Ստացվում է, որ գիտնական դատախազներն ու դատավորները գրքերում շատ լավ`գրագետ ներկայացնում են օրենքների և Եվրապական դատարանի նախադեպային որոշումների պահանջները, սակայն իրական կյանքում`գործնականորեն չեն կիրառում, կամ, ինչպես իմ պարագայում, ճիշտ հակառակն են անում:

Ո՞րն է մահապատժից հարժարման զուտ իրավական հիմնավորումը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ թե՛ պատմության ընթացքում, թե՛ ներկայումս, նույնիսկ ամենազարգացած դատաիրավական համակարգ ունեցող երկրներում անհնար է զերծ մնալ դատական սխալներից: Դատավորները մարդիկ են և, հետևաբար, անսխալական չեն, հանցանք կատարելու մեջ կասկածվող մարդու մեղքն էլ ապացուցելու գործիքները նույնպես, մեղմ ասած, շատ հեռու են կատարյալ լինելուց:

Մինչ օրս քրեական դատավարության օրենսգրքերում հանդիպում ենք «Դատավորը դատական ակտ կայացնելիս, բացի ապացույցներից, ղեկավարվում է նաև ներքին համոզմամբ» արտահայտությանը: Այսինքն`ինչ ապացույցներ էլ հավաքված լինեն, գրեթե միշտ էլ կասկած է մնում`արդյոք մեղավորին ենք պատժում, իսկ ներքին համոզմունքը, ինչպես վկայում է պատմությունն ու փորձը, բավական հաճախ խաբում է դատավորներին, էլ չասած` կանխակալ մոտեցումը կամ պատվերով դատավճիռ կայացնելը:

Երբ քաղաքակիրթ աշխարհում գիտության և տեխնիկայի զարգացմանը համընթաց կատարելագործվում էր նաև դատաիրավական համակարգը,անկախ Հայաստանում դատարանները շարունակում էին առաջնորդվել Խորհրդային միության 1961թ-ից ժառանգություն ստացած Քրեական և Քրական դատավարության օրենսգրքերով: Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում քրեական գործերով իրեղեն ապացույցները պահպանվում են, և երբ ստեղծվեց ԴՆԹ փորձաքննության մեթոդը`տասնյակ տարիների վաղեմության գործեր վերանայվեցին, արդյունքում`բազմաթիվ արդարացման դատավճիռներ եղան: Հայաստանում մինչ օրս շարունակում են դատավճիռը կայացնելուց հետո`օրենքի ուժով վերացնել իրեղեն ապացույցները` շատ դեպքերում փակելով երբևէ իրական հանցագործների բացահայտման ամենագործուն հնարավորության ճանապահը:

Մինչ օրս Հայաստանում չի վերանայվել թեկուզ մեկ մահապատժի դատավճիռ: Այս քրեական գործերով չկա ոչ մի արդարացման դատավճիռ, կամ գոնե պատժաչափի վերանայում:

Իշխանությունները վերջիվերջո պետք է գիտակցեն, որ անցյալից ժառանգություն ստացած սխալներն ընդունելը և ուղղելը միայն կբարձրացնի վստահությունը դատական համակարգի հանդեպ: Իրականում ժողովրդավար պետություն ունենալու ճանապարհը նախ և առաջ ամուր, իրապես անկախ ու արդար դատական համակարգի ձևավորումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter