HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձը տուգանվեց

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը Երևանի Ավագանու ընտրությունների ժամանակ  խոչընդոտելու առթիվ քրեական գործը:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Հայկ Հունանյանն իրեն մեղավոր էր ճանաչել և արագացված դատաքննություն պահանջել:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանին միջնորդեց Հունանյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել և 6 ամիս ժամկետով ազատազրկումը, իսկ  տուժող կողմի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը նշեց, որ կարևոր է պատասխանատվության անխուսափելիությունը, ոչ թե պատժի խստությունը:

Ամբաստանյալ Հունանյանը նշեց, որ զղջում է կատարածի համար, որ այլևս նման արարք թույլ չի տա:

«Հայցում եմ բոլորի ներողամտությունը,  խնդրում եմ հնարավորինս մեղմ վերաբերվել»,- ասաց Հունանյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա մոտ տասը րոպե անց վերադառնալով հրապարակեց դատավճիռ՝ Հունանյանի նկատմամբ պատիժ սահմանելով տուգանք՝  նվազագույն աշխատավարձի յոթ հարյուրապատիկի չափով:

Քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է  Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Ըստ տուժող Խաչատրյանի ցուցմունքի՝ ինքն Ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, թիվ 64 դպրոցում, որտեղ գործել է  թիվ 10/29 ընտրատեղամասը, տեսանկարահանում իրականացնելիս է եղել, երբ Հայկ Հունանյանը մոտեցել ու, ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, պահանջել է դադարեցնել տեսանկարահանումը: Ապա, ըստ Խաչատրյանի, Հունանյանը փորձել է իր ձեռքից վերցնել հեռախոսը, որով ինքը տեսանկարահանում է իրականացնելիս եղել:

Նախաքննության ընթացքում Հունանյանը չի ընդունել մեղադրանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter