HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դոն Պիպոյի» դեմ նախապատրաստվող սպանության գործով քննիչը հրաժարվում է նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը տրամադրելուց

Քրեական աշխարհում որպես «Դոն Պիպո» հայտնի Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության գործով քննիչը չի տրամադրում գործի վերաբերյալ այն նյութերի ցանկը, որոնք հրապարակման ենթակա չեն: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց մեղադրյալ Արտակ Զաքարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ գործով ԱԱԾ քննիչը  պաշտպաններին նախազգուշացրել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, որից հետո փաստաբան Հայկ Ալումյանը գրավոր դիմել է ԱԱԾ` պահանջելով գործով նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկը որպեսզի ինքը հնարավորություն ունենա գաղտնիք չհամարվող տեղեկությունները հրապարակել:

ԱԱԾ քննիչը, փաստորեն, ոչ միայն հրաժարվել է տրամադրել գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկն, այլ, Հայկ Ալումյանի խոսքով, չի ներկայացնում նաև այդ կապակցությամբ որևէ հիմնավորում:

Փաստաբանը նախաքննություն իրականացնող մարմնի նման գործելաոճը զավեշտ է որակում:

«Արտակ Զաքարյանի իրավունքները պաշտպանելու համար, օրենքով սահմանված կարգով, ինձ դիմել է նրա կինը. ես նրա հետ պայմանագիր ունեմ, որպեսզի իր ամուսնուն պաշտպանեմ: Հիմա, ենթադրենք, կինը հետաքրքրվի` իր ամուսնու կալանքի ժամկետը երկարարցրել են, թե՞ ոչ, ես պիտի ասեմ` դա քո գործը չէ, դա նախաքննական գաղտնիք է»,- մեզ հետ զրույցում ասաց Ալումյանը` նշելով, որ ինքը որպես փաստաբան պարտավոր է կալանավորված Զաքարյանի կնոջը պարբերաբար տեղեկացնել ամուսնու գործի մասին:

«Կամ ենթադրենք, տեսակցությունների վրա արգելք է դրված, ես միջնորդում եմ, որ թույլատրեն տեսակցությունը, քննիչը թույլատրում է, բայց ես չեմ կարող նրա կնոջն ասել, որ կարող է գնալ և տեսնել ամուսնուն քանի որ դա, փաստորեն, նախաքննական գաղտնիք է»,- մեկ այլ օրինակ բերեց Հայկ Ալումյանը:

Այս տրամաբանությամբ պետք է նախաքննական գաղտնիք լինի, օրինակ այն հանգամանքը, որ գործը ԱԱԾ վարույթում է, որ Հայկ Ալումյանը ներգրավվել է որպես  Արտակ Զաքարյանի պաշտպան և նմանատիպ այլ տեղեկություններ, որոնք ակնհայտորեն չեն կարող խոչընդոտել նախաքննական շահերի իրական պաշտպանության նպատակի իրականացմանն, իսկ նախաքննության տվյալների հրապարակման արգելքը ոչ թե ինքնանպատակ է, այլ հետապնդում է նախաքննական շահերի իրական պաշտպանության նպատակ:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից ձերբակալվել է 3 անձ, որոնք, ըստ ոստիկանության ունեցած օպերատիվ հետախուզական տեղեկությունների՝ նախապատրաստելիս են եղել սպանություն, և այդ նպատակով Էջմիածնում վարձել այն բնակարանը, որտեղից, ըստ ոստիկանության, իրենք հայտաբերվել են: Հետագայում պարզվեց, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վերաբերում է  Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանությանը:

Երեք անձինք, ովքեր այս գործով ձերբակալվեցին, Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանն ու Վազգեն Ղազախեցյանն են: Օրեր անց ձերբակալվեց նաև մեկ այլ անձ՝ Զոհրաբ Ղումայանն, ով գտնվում էր հետախուզման մեջ, և, ըստ գործի նյութերի, օժանդակել է հանցագործության նախապատրաստմանը:

Նշված 4 անձանց նկատմամբ այժմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործն ի սկզբանե քննվում էր Քննչական կոմիտեի վարույթում, սակայն շուտով տեղափոխվեց ԱԱԾ վարույթ:

Մինչ այդ մեղադրյալներից ոմանց պաշտպանները բարձրաձայնել էին այն մասին, որ իրենց պաշտպանյալները մինչև ձերբակալվելը երեք օր պահվել են անհայտ անձանց մոտ, որոնք իրենց ծեծի են ենթարկել, պնդել, թե իրենք սպանություն են նախապատրաստել, ապա մինչև ատամները զինված` իրենց բերել ու հանձնել ոստիկաններին: Այս հանգամանքը հակասում է ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությանը, համաձայն որի՝ մայիսի 24-ին ձերբակալված երեք անձինք հայտնաբերվել են Էջմիածնում գտնվող ինչ-որ բնակարանից: Հատկանշական է, որ մեղադրյալներից մեկի` մեզ հայտնի դարձած ցուցմունքի համաձայն` ոստիկանները որևէ քայլ չեն ձեռնարկել` պարզելու համար, թե մինչև ատամները զինված այդ անձինք որտեղից են իրենց բերում, ինչու են զինված և ինչ իրավունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter