
«Սասնա ծռերի» անդամներն արգելում են փաստաբաններին առանց իրենց դատին մասնակցել
Ամալյա Մարգարյան
«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նախապատրաստական նիստերը չեն ավարտվում: Տասժամյա սանկցիայի ներքո գտնվող ամբաստանյալներին դահլիճ են բարձրացնում ինքնությունը ճշտելու կամ փաստաբաններ ներգրավելու հարցը կարգավորելու համար:
Այսօրվա նիստի ընթացքում փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Լիպարիտ Սիմոնյանը հրաժարվեցին առանց իրենց պաշտպանյալների նիստերին ներկա գտնվելուց : «Թորոս Թորոսյանը նշել է, որ եթե ես մասնակցեմ նիստերին առանց իր ներկայության, ինքը կհրաժարվի իմ ծառայությունից: Ես չեմ կարող հանդիսանալ պաշտպան, եթե նա չի ցանկանում, և անիմաստ եմ համարում իմ ներկայությունը նիստերի դահլիճում»,-հայտարարեց Լիպարիտ Սիմոնյանը:
Հարություն Բաղդասարյանը նույնպես հրապարակեց իր պաշտպանյալ Արամ Մանուկյանի հայտարարությունը, ըստ որի` կհրաժարվի փաստաբանի ծառայությունից, եթե առանց իր ներկայության պաշտպանը շարունակի մասնակցել դատավարական գործողություններին:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդեց, որ պաշտպանյալների տված հանձնարարություններն անօրինական բնույթ են կրում: Միջնորդեց հարցը կարգավորելու համար դատարանի դահլիճ բարձրացնել ամբաստանյալներին:
Փաստաբանների և դատախազի կարծիքները լսելուց հետո դատավորը միջնորդեց Գևորկ Իրիցյանին, Հովհաննես Հարությունյանին, Արամ Մանուկյանին, Թորոս Թորոսյանին, Արթուր Մելքոնյանին, Արթուր Սողոմոնյանին ուղեկցել դահլիճ: Ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց պաշտպաններին թույլ չեն տալիս առանց իրենց ներկայության մասնակցել դատավարությանը:
«Առանց իմ ներկայության իմ պաշտպանությունը ոչ մեկը չի կարող իրականացնել: Մինչև այն ժամանակ, երբ ես կգամ դատարան, այդ ժամանակ Ինեսսա Պետրոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը կարող են ներկա լինել»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
Դատարանը զգուշացրեց, որ եթե պաշտպանները ներկա չգտնվեն նիստերին, ապա հանրային պաշտպաններ կհրավիրվեն, որին ի պատասխան` Անուշ Մխիթարյանը ասաց. «Հանրային պաշտպանները, ստացվում է, որ պիտի որոշումները ստացած` դռան հետևում կանգնեն, եթե այլ պաշտպան չգա, մենք ապահովենք: Հանրային պաշտպանի մասնակցության որևէ հիմք չկա: Այս մարդիկ պաշտպաններ ունեն»:
Ամբաստանյալների՝ դատարանի դահլիճից հեռացնելուց հետո փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Հարություն Բաղդասարյանը, Լիպարիտ Սիմոնյանը լքեցին նիստերի դահլիճը:
Այսօրվա նիստին Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ոստիկանների կողմից իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն է կիրառվել, սակայն դատարանը, դիմելով փաստաբանին, ասաց, որ իր աչքի առաջ ոչ մի բան չի կատարվել, ապա նշեց, որ եթե խնդիր կա, դիմեն փորձաքննություն անցկացնելու համար:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցադրելու պատճառով փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալով` հրապարակեց փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Հայարփի Սարգսյանի նկատմամբ սանկցիայի որոշում՝ դիմել Փաստաբանների պալատ` նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Այսօրվա նիստին դատարանի դահլիճ չէին եկել «Սասնա ծռերի» հարազատներն ու աջակիցները: Նրանք իրենց աջակցությունն էին ցուցաբերում դատարանի շենքից դուրս՝ ակցիայի ձևով:
Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 31-ին:
Մեկնաբանել