HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բասենում մեկնարկել է բնապահպանական շղթան փակող ծրագիրը. արևային ջրատաքացուցչին և պելետին «միանում է» բիոգազը

«Հեծանիվ չենք հայտնագործել, պարզապես բիոգազի ծրագրի ներդրմամբ փակում ենք բնապահպանական շղթան, որ Բասենում սկիզբ է առել արևային էներգիայի օգտագործմամբ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ»,-ասում է Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը:

«Կանաչ գյուղ» տիտղոսին արժանացած այս համայնքում 2013 թ.-ից զբաղվում են վերականգնվող էներգիայի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Որպես փորձարարական «կենտրոն» ընտրվել է Բասենի մանկապարտեզը, որտեղ երկու խմբով հաճախում է 60 երեխա:

Արևային եւ օդային առաջին ջրատաքացուցիչները, մրգերի եւ բույսերի համար նախատեսված չորանոցը տեղադրվել են մանկապարտեզին պատկանող տարածքում: Նույն տեղում ջերմոցի կառուցումը մանկապարտեզի սաներին էկոլոգիապես մաքուր բանջարեղենով և կանաչեղենով ապահովելու առաջնահերթությունը ուներ: Երբ փորձարկում էին պելետի (կենսաբանական թափոններից ստացված վառելահատիկ) ծրագիրը, «Բասենի զարգացման հիմնադրամի» առաջ խնդիր էր դրվել արտերկրից առաջին վառարանը ձեռք բերել դարձյալ մանկապարտեզի համար: Այս բոլոր ծրագրերը Բասենում իրականացվել է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության, «Հիլսֆերկ Ավստրիա Ինթերնեշնլը»-ի, ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի աջակցությամբ

Հերթական ծրագրի՝ բիոգազի ստացման համար նախատեսված տարածքը կրկին «պատկանում է» փոքրիկներին, և ստացվող գազն էլ ծառայելու է մանկապարտեզի կարիքների համար: Կենսագազի ստացման աշխատանքների կազմակերպման համար Բասեն համայնքին տրամադրվել է 3300 եվրո, ևս 1000 եվրոյի չափով ներդրում ապահովել է համայնքը: Աշխատանքները սկսվել էին դեռևս անցած տարվա աշնանը, սակայն ցրտերն ընկնելուն պես փորձարարական աշխատանքներ իրականացնելը դարձել էր անհնար:


Համլետ Պետրոսյան

«Քանի որ գոմաղբի հիմքի վրա է աշխատում, անհրաժեշտ էր տաք միջավայր, սպասեցինք մինչև օրերը տաքանան, որովհետև մինչև շինարարական աշխատանքներն ավարտեցինք՝ ցրտերն ընկան, իսկ սառած գոմաղբից անհնար է գազ ստանալ,- զրուցակիցս ծիծաղում է՝ բացատրելով, որ բնական պայմաններում պիտի թթվեցման պրոցես ընթանա,- բացի դրանից, սարքավորումների պակաս ունեինք, ու էս պահին էլ ավտոմատացման համակարգը դեռ տեղադրված չէ: Մեկ շաբաթից կամբողջացնենք ու լիարժեք կսկսի գործել»:

Բասենի մանկապարտեզի տարածքը վերածվել է կախարդական մի վայրի, որտեղ իրականացված ծրագրերը տարածվում են նաև բնակիչների շրջանում: Համլետ Պետրոսյանն ասում է, որ մարդկանց նոր բան մատուցելու լավագույն ձևը հաջողված օրինակն է:

Բասենի 460 ընտանիքից 80-ն արդեն կիրառում է արևային ջրատաքացուցիչները: Հարևան համայնքներից Հովիտում՝ 15 և Կառնուտում՝ 12 ջրատաքացուցիչ է տեղադրվել բասենցիների օրինակով: Մանկապարտեզի ջերմոցի օրինակից ոգևորված Բասենում ևս երկու ջերմոց է կառուցվել 460մ2 և 240 մ2  տարածքի վրա: Այլընտրանքային վառելիքի՝ պելետի կիրառության առաջին իսկ փորձերից հետո հայտնվեցին ընտանիքներ, որոնք որոշեցին անձամբ փորձարկել այդ փոքրիկ հատիկների արդյունավետությունն ու ձմռանը տաքանալ բիովառելիքով՝ մի կողմ դնելով ավանդական փայտն ու աթարը:

«Չգազիֆիկացված Բասենի համար վերականգնվող էներգիայի բոլոր աղբյուրներն էլ կարելի է ասել գտած տարբերակներ են և կիրառելի: Էստեղ շատ կարևոր է մարդկանց հավատը: Դրա համար մեզ պետք էր մեկ հաջողված ծրագիր,- ասում է համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը,- շատ հետ չգնալու համար խոսեմ պելետից: Անցած տարի մարզում հացահատիկի բարձր բերք եղավ, ծղոտն էլ էր շատ, կարելի էր վստահաբար ասել, որ եթե մենք արտադրամասը կառուցած-վերջացրած լինեինք ամռանը, հասցրած լինեինք գոնե փորձնական արտադրանք տալ, շատերն էդ ծղոտը կկարողանային բիովառելիքի վերածել»:

Այս տարի արդեն բազմաթիվ պատվերներ ունեն Էջմիածնից, Արթիկի եւ Մարալիկի տարածաշրջանի համայնքներից: Գյուղում ևս ավելացել են ընտանիքները, որոնք այս ձմեռ տները կջեռուցեն պելետով: «Անցած ձմեռ Բասենում պելետից օգտվեց 11 ընտանիք, իսկ համայնքից դուրս՝ 6 ընտանիք, որ պարբերաբար դիմել են, ծղոտը բերել են, վառելիքը՝ տարել: Շատ պատվերներից էլ հրաժարվել ենք, որովհետեւ արտադրամասի հզորությունը մեծ չէ, արտադրողականությունը ցածր է: Ողջ օրը աշխատում էինք, բայց ընդամենը 400-500 կգ պելետ էինք արտադրում՝ ժամանակատար, ֆիզիկապես ծանր աշխատանք է ստացվում, հարկ է հզորացնել առկա հնարավորություները»,-ասում է Համլետ Պետրոսյանն ու հավելում, որ օգոստոսի սկզբին էներգետիկայի փոխնախարարի գլխավորությամբ արտագնա նիստ է եղել Բասենում, քննարկվել է «կանաչ» էներգակիրների, ինչպես նաև պելետի արտադրամասի հզորացման հարցը:

«Առաջարկություն եղավ ստեղծել մեկ տոննա հզորությամբ արտադրամաս, որի համար սարքավորումներ ձեռք բերելը տեղում կարժենա 60 հազար դոլար: Տեղափոխումը, մոնտաժային, տեղադրման աշխատանքներն իրար հետ 200 հազար դոլարի կարգի ներդրում է պահանջում,-բացատրում է զրուցակիցս,- հիմա բանակցությունների փուլում ենք, փորձում ենք մինչև դեկտեմբեր-հունվար ամիսները ձեռք բերել այդ գործարանը: Կառավարության օժանդակությունը վարկային տարբերակով է լինելու, պարզապես ավելի ցածր տոկոսադրույքով ու երկարաժամկետ մարման փուլով»:

Ծրագրի արդյունավետությունն արդեն հաստատվել է: Բասենում նախատեսում են նաև բրիկետների արտադրություն, ինչպես նաեւ բիովառելիքի համար նախատեսված հատուկ վառարանների պատրաստում: «Կունենանք 5-6 կայուն աշխատատեղ կայուն աշխատավարձով՝ ինժեներներ, անվտանգության մասնագետներ վառարանների փորձաքննության գծով և այլն: Շեշտն էլ դրվելու է ավելի էժան, որակով եւ մրցունակ արտադրանքի վրա»,- վստահեցնում է Համլետ Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյան

«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով կենսագազի ստացման ծրագրին, նշում է, որ այն հնարավորություն է տալիս Բասենի համայնքապետարանին մանկապարտեզը չփակել ձմռան ամիսներին: «Պելետով ջեռուցում կազմակերպելն էլ է այդ նպատակը հետապնդում, հիմա դրան կմիանա բիոգազը: Տեսեք, մանկապարտեզի սաները տարվա կտրվածքով կարողանում են մանկապարտեզ հաճախել միայն 7 ամիս, ձմռանը էլեկտրաէներգիայով ջեռուցելը մեծ ծախսերի հետ է կապված, և համայնքապետարանը չի կարող այդ ծախսը փակել՝ ստիպված ժամանակավոր փակում է մանկապարտեզը: Հիմա, երբ մի քանի ծրագրերով հնարավոր է մինիմումի հասցնել էլեկտրաէներգիայի համար արվող ծախսը (ամիսը 150 հազար դրամ), հասնել անգամ զրոյացման, հնարավոր է արդեն ողջ տարին մանկապարտեզ պահել, աշխատավարձ վճարել և այլն»:

Բնապահպանի համոզմամբ, կենսագազի ստացումը գյուղական համայնքներում նպաստելու է տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմանը: Գյուղացին այլևս ստիպված չի լինելու ժամանակ ծախսել գոմաղբից վառելանյութ ստանալու վրա, կնվազեն ջերմոցային գազեր մեթանի և ածխածնի երկօքսիդի արտանետումները՝ նպաստելով կլիմայի փոփոխման կանխարգելմանը: Բացի դրանից, գյուղացին այս գործընթացից կստանա հավելյալ օգուտ՝ օրգանական պարարտանյութի տեսքով:

«Երբ մենք ծրագիր ենք անում որևէ համայնքում, անպայման հետևողականորեն ստուգում ենք ոչ միայն ստացված արդյունքը, այլև հետագա ճակատագիրն այդ ներդրման: Ինչու՞ է Բասենն այս առումով համարվում օրինակելի: Նախ սկսենք համայնքապետից, ով ունի հանրային մտածողություն և շատ լավ է հասկանում, որ որքան զարգացած համայնք ունենա, այնքան բարեկեցիկ կյանքն ավելի շուտ կթակի իրենց դռները: Համլետ Պետրոսյանի համար ներդրումային ծրագիր իրակացնելը «ծրագիր կպցնել» չէ, արատավոր մի երեւույթ, որ բնորոշ է, ցավոք, համայնքապետերի մեծ մասին,- նկատում է Գևորգ Պետրոսյանը,- մյուս առավելությունը, որ ունի այս համայնքն ու իր ղեկավարը, արած գործը տարածելու ցանկությունն է ոչ միայն սեփական գյուղում, այլև՝ հարևան: Դրա համար էլ այս համայնքում արդեն զարգացման 4-5 ծրագիր է իրականացվել և դեռ իրականացնելու հույսեր կան»:

Խոսելով հետագա ծրագրերից՝ Բասենի համայնքապետը նշում է, որ մեծ է ցանկությունը՝ կիրառել քամու ուժը էներգիա ստանալու նպատակով: Եվ հավանաբար հաջորդ ներդրումային ծրագիրն ուղղված կլինի դրան:

«Բասենում 24 ժամից 20 ժամը քամոտ եղանակ է: Հիմա մտածում ենք կենսագազի ծրագիրը ներդնելուց ու կիրառելուց հետո անցնենք քամիները սանձելուն,- ասում է Բասենի ղեկավարը,- դրանով բնապահպանական շղթան ամբողջապես կփակենք: Էն, ինչ մենք հիմա օգտագործում ենք՝ վերականգնվող էներգիան է՝ բնության տված, որի շնորհիվ գնում ենք խնայողությունների, նաև բնապահպանական խնդիրներ ենք լուծում՝ դաշտերում ծղոտը չեն այրում, գոմաղբից աթար չեն սարքում, որի մոխիրը հողին օգուտ չէ, մինիմումի են հասցնում էլեկտրաէներգիայի օգտագործումը, չգազիֆիկացված համայնքներում էլ կարիք չի լինի մեծ ծախսեր անել գազ քաշելու համար և այլն: Բնության տվածը օգտագործում ենք՝ չաղտոտելով, չվնասելով շրջակա միջավայրը: Սա կոչվում է անթափոն կառավարում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter