HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փյունիկի երեխաները շարունակում են բոյկոտել և դպրոց չհաճախել. գյուղացիները դիմել են նախագահին և վարչապետին

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի երեխաները շարունակում են բոյկոտել գյուղի դպրոցը փակելու կառավարության որոշումը և չհաճախել դպրոց: Չնայած դպրոցի տնօրենի, մարզպետարանի ու Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների հորդորներին՝ ուսումնական տարվա երրորդ օրն է՝ նրանք դպրոց չեն գնացել:

Փոխարենը Փյունիկի բնակիչները նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ խնդրելով վերացնել Փյունիկ գյուղի դպրոցի վերակազմավորելու կառավարության որոշումը:

Գյուղացիները նշել են, որ դպրոցն ունի 44 աշակերտ և գտնվում է 1820 մ բարձր լեռնային գոտում: Գյուղում բնակիչները 100 %-ով գաղթած են Ադրբեջանից: Նրանք վերաբնակվել են 1988-ից, և այդ թվականին դպրոցի շինությունը շահագործման է հանձնվել, և այդ բնակիչներն առաջինն իրենք են հաճախել դպրոց: «Արդյոք կարելի է արտագաղթած ծնողին ստիպել իր երեխայի հետ նորից արտագաղթել»,- հարց են ուղղել բնակիչները:

Նրանք հիշատակել են տարբեր տարիներին բուհ ընդունվողների քանակը, սպորտային մրցաշարերում իրենց աշակերտների առաջադիմությունը:

«Վերակազմավորելու մասին որոշումը պատճառաբանվում է որակյալ ուսման հարցի լուծումով, սակայն Փյունիկի միջնակարգ դպրոցի աշակերտների քանակից կախված չէ որակյալ առաջադիմությունը. 2016-2017թթ. ուստարում ունեցել ենք 4 շրջանավարտ, որից 3-ն ընդունվել են բուհեր՝ Երևանի պետական բժշկական համալսարան, Ճարտարագիտական համալսարան, Հրազդանի պետական քոլեջ, իսկ 4-րդ երեխան չէր զիջում վերջիններին և չի ընդունվել անապահով լինելու պատճառով»,- գրել են փյունիկցիները և խնդրել նախագահին վերանայել կառավարության որոշումը՝ ելնելով դպրոցի առաջադիմության տվյալներից:

Այս ամենը հաշվի առնելով՝ Փյունիկ գյուղի բնակիչները խնդրել են պահպանել գյուղը պահող միակ հույսը՝ իրենց հեռանկարներն իրականացնելու նպատակով:

«Փակել դպրոցը նշանակում է գյուղին արտագաղթի ճանապարհ ցույց տալ, քանի որ Արտավազի միջնակարգ դպրոցը գտնվում է ավելի բարձր գոտում, ավելի անմխիթար վիճակում, և ցրտաշունչ ձմռանը երեխաների հաճախումն ավելի անարդյունավետ է լինելու, քանի որ տրանսպորտը չի կարող կայուն աշխատել առատ ձյան պատճառով»,- գրել են փյունիկցիները:

Բնակիչները մտահոգություն են հայտնել իրենց երեխաների առողջության մասին, քանի որ տարվա 5-6 ամիսը խիստ ձմեռ է Արտավազում և Փյունիկում: Նրանք հիշեցրել են, որ բնակչության և երեխաների աճ է նկատվում վերջին տարիներին:

Հիշեցնենք, որ Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում առաջին զանգն այդպես էլ չհնչեց, քանի որ երեխաները սեպտեմբերի մեկին բոյկոտեցին և դպրոց չգնացին: Փոխարենը առավոտյան 9-ից ծնողների հետ գյուղամիջում բողոքի ակցիա էին անցկացնում: Կառավարությունն օգոստոսի 24-ին որոշել էր Փյունիկի դպրոցը վերամիավորել հարևան Արտավազ գյուղի դպրոցի հետ, և երկու ամսից փակել դպրոցը, իսկ երեխաները պետք է հաճախեն հարևան Արտավազ գյուղի դպրոց:

Մեկնաբանություններ (2)

Arman
А почему подобным образом не экономят на служебных машинах? К примеру, 1 машину на 5 чиновников. А лучше всего, чтоб пешком ходили. От них все равно толку мало!
Маргарита Рухкян
Я присоединяюсь к тем кто выступает против закрытия местной школы. Путь экономии на так называемой оптимизации губителен для страны, для ее культуры, для морального состояния граждан. Мы это видим на примере современной России. Маленькой нации должен быть особенно дорог самый крохотный участок сосредоточения людей, желающих быть образованными, думающих, инициативных, способных стать полезными для своей страны. то

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter