HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարկ պայուսակն`«արգելված իր». փաստաբաններին դարձյալ չթույլատրեցին մասնակցել ՊՊԾ-ի գործով նիստին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով արտագնա  դատական նիստից առաջ դատարանի դիմաց ճիշտ նույնպիսի լարված իրավիճակ էր, ինչպիսին այս գործով առաջին նիստերի ընթացքում էր: Պատճառը դարձյալ փաստաբանների խուզարկությունը կամ, ինչպես դատական կարգադրիչներն են ասում, զննությունն էր:

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի բանակցությունները՝ կապված այս հարցի լուծման հետ, ապարդյուն են անցել. այսօրվա դատական նիստին դարձյալ փաստաբաններից ոմանք մնացին դատարանի դիմաց, քանի որ նրանց չթույլատրվեց մուտք գործել նիստերի դահլիճ:

Դրսում մնացած փաստաբաններից մեկը Լուսինե Սահակյանն էր: Նրան զննելիս մետաղորսիչ սարքն ազդանշան արձակեց: Դատական կարգադրիչներն առաջարկեցին պայուսակից հանել մետաղական իրերը, Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ իր պայուսակում չկա այնպիսի իր, որից ինքը պիտի ազատի պայուսակը, իր, որը վտանգավոր է, որն ունենալը քրեորեն պատժելի է, սակայն կարգադրիչները շարունակում էին պնդել, որ փաստաբանն ազատվի մետաղական իրերից:

«Պայուսակի՞ցս ազատվեմ, ի՞նչ եք փնտրում»,- կարգադրիչներին հարցնում էր Սահակյանը, ինչին ի պատասխան` կարգադրիչներից մեկն ասաց՝ սուր կտրող ծակող իր:

«Սուր կտրող ծակող իր էլ չկա»,- պատասխանեց Սահակյանը:

«Իսկ ի՞նչն է ազդանշան արձակում»,- հարցրեց կարգադրիչներից մեկը:

«Չգիտեմ, ձեր սարքին հարցրեք»,- պատասխանեց Սահակյանն, ով պարբերաբար կրկնում էր նաև, որ արգելված իրերի մասին մտահոգվող կարգադրիչներն անգամ արգելված իրերի ցանկ չունեն:

Կարգադրիչները Սահակյանի վերաբերյալ արձանագրություն կազմեցին այն մասին, որ վերջինս հրաժարվում է զննությունից:

Սահակյանը, սակայն, հայտարարեց, որ ինքը զննության ենթարկվել է և արձանագրության մեջ գրեց իր դիտարկումները:

Իսկ Սահակյանի պայուսակն իրականում ամբողջությամբ դատարկ էր: Մետաղորսիչ սարքն, ամենայն հավանականությամբ, ազդանշան էր արձակում դրա վրա եղած մետաղական հատվածների պատճառով, որոնցից փաստաբանն ազատվել չէր կարող:

Այս օրինակից ակնհայտ է դառնում, որ քանի դեռ դատարաններում չկան զննության համար նախատեսված սկաներ սարքեր, զննության խնդիրը չի լուծվելու և կամայականությունների, դատարան մուտք գործող անձանց նկատմամբ խտրականության հնարավորություն է տալու կարգադրիչներին:

Հատկանշական է, որ Լուսինե Սահակյանը նախկինում մի քանի անգամ նույն պայուսակով մուտք է գործել դահլիճ, և դրա վրայի մետաղական հատվածների պատճառով արձակված ազդանշանները որևէ կասկած չեն հարուցել դատական կարգադրիչների մոտ:

Խտրականության ենթարկված մյուս փաստաբանը Մուշեղ Շուշանյանն էր: Վերջինս «Սասնա ծռեր»-ի գործով արդեն երեք ամիս շարունակվող դատական նիստերից միայն երկուսի ժամանակ է կարողացել դահլիճ մուտք գործել: Դահլիճ մուտք գործելու փաստաբանի մյուս բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Շուշանյանը կտրականապես հրաժարվել է պայուսակը բացելուց կամ ազատվել դրա մեջ եղած մետաղական իրերից:

Այսօր կարգադրիչները փաստաբանին առաջարկեցին պայուսակը թողնել դատարանի միջանցքում տեղադրված պահարանում, եթե դրանում չկան փաստաբանին անհրաժեշտ իրեր, իսկ եթե կան, ապա առաջարկեցին ազատվել դրանում առկա մետաղական իրերից: Շուշանյանը հրաժարվեց կատարել կարգադրիչների` իր գնահատմամբ անօրինական պահանջը: Նշենք, որ Շուշանյանի պայուսակի վրա ևս մետաղական հատվածներ կային:

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն, ինչ կատարվում է դատարանի միջանցքում, փաստաբանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հանցակազմ է պարունակում:

«Եթե դատարանն անկախ մարմին լիներ, ապա ինքը պիտի հետամուտ լիներ փաստաբանների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդում հարուցելու հարցում»,- ասաց Շուշանյանը` շեշտելով, որ փոխարենը դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր, ինչպես նաև նույն հանգամանքներում դահլիճ մուտք գործելու հնարավորությունից զրկված այլ փաստաբանների բացակայությունը գնահատել է որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ու իրենց պաշպանյալների համար հանրային պաշպանների ներգրավելու վերաբերյալ ապօրինի որոշումներ կայացրել:

«Այսպիսով ոչ միայն մեր, այլ նաև մեր պաշպանյալների իրավունքներն են խախտվում, քանի որ նրանք հայտարարում են, որ իրենց պաշտպանությունը մեր կողմից իրականացվի, այլ ոչ թե հանրային պաշտպանների»,- նշեց Մուշեղ Շուշանյանը:

«Հետք»-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններն, ովքեր հնչեղ գործերով դատավորների անօրինական որոշումներով ներգրավվել են որպես ամբաստանյալների պաշտպան, իրավունք չունեն ամբաստանյալների կամքին հակառակ գալ և դահլիճում իրենց զուտ ֆիզիկական ներկայությունն ապահովելով` դատավորներին հնարավորություն տան դատական նիստերը շարունակել:

Այս քայլով, ըստ Շուշանյանի, խախտվում է և՛ օրենքը, և՛ փաստաբանի էթիկայի կանոնները:

«Նրանց նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցվի, և նրանք պետք է լիցենզիայից զրկվեն, որովհետև իրենց արարքին համարժեք այլ կարգապահական տույժ ես չեմ տեսնում»,- ասաց Մուշեղ Շուշանյանը` ընդգծելով, որ փաստաբանները պարտավորություն ունեն նաև հանրության հանդեպ:

«Այդ պարտավորություններից մեկն ազատ և անկախ փաստաբանության գոյությունը կասկածի տակ չդնելն է: Այն հանրային պաշտպանները, որոնք  գալիս, պայմանականորեն ներգրավվում և մնում են դատական նիստերի դահլիճում, այդ ազատ և անկախ փաստաբանությունը կասկածի տակ են դնում, և սա շատ լուրջ խախտում է»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Այսօր կարգադրիչները փորձեցին դահլիճ թույլ չտալ մտնելու նաև փաստաբաններ Արա Զաքարյանին: Վերջինս երկար վիճաբանությունից հետո դիտավորյալ տոպրակի մեջ լցրեց պայուսակի ամբողջ պարունակությունը, որպեսզի «լուծվի» պայուսակի վրայի մետաղական հատվածների` ազդանշան արձակելու խնդիրը, որից հետո կարգադրիչները նրան ներս թողեցին: Փաստաբանն, այսպիսով, ամենայն հավանականությամբ ցանկանում էր ցույց տալ, որ տևական ժամանակ կարգադրիչներն առանց հիմքերի էին իրեն արգելում մուտք գործել դահլիճ:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը դարձյալ հեռացվեց դահլիճից: Վերջինս ցանկանում էր դատարանին ինչ-որ բան ասել, դատավոր Գաբրիելյանը թույլ չէր տալիս: Մեկ անգամ նկատողությունից հետո դատավորը որոշեց հեռացնել Խանդոյանին: Վերջինիս պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն ընդամենը ջուր էր ցանկանում խնդրել:

Դատավորը սանկցիաներ կիրառեց նաև երեք փաստաբանի` Լուսինե Սահակյանի, Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Լուսինե Սահակյանի և Մուշեղ Շուշանյանի սանկցիայի պատճառը նրանց՝ դատական նիստից բացակայությունն էր, խորհրդակցական սենյակում Արտուշ Գաբրիելյանը որոշեց նրանց հարցով դիմել փաստաբանների պալատ:

Դրանից հետո Արայիկ Պապիկյանը դատական նիստին չմասնակցեց: Վերջինս դատարանին գրություն հասցեագրելով՝ հեռացավ դատարանից: Իսկ դիմումում Պապիկյանը նշում էր, որ իրեն զննելու ժամանակ մետաղորսիչը ևս ազդանշան է արձակել, որ պայուսակում եղել են բազմաթիվ մետաղական առարկաներ, սակայն ի տարբերություն Լուսինե Սահակյանի և Մուշեղ Շուշանյանի` իրեն անարգել դահլիճ են թողել:

«Իմ գործընկերներ Լուսինե Սահակյանը և Մուշեղ Շուշանյանը նույն պայմաններում չկարողացան ներս մտնել: Դուք ձեր գործողություններով նպաստում եք փաստաբանների մասնագիտական աշխատանքները խոչընդոտելուն, ուստի հայտարարում եմ, որ ես չեմ շարունակելու մասնակցել այսօրվա դատական նիստին»,- գրել էր Պապիկյանը, և դատարանը նրա նկատմամբ ևս սանկցիա կիրառեց՝ որոշում կայացնելով դիմել Փաստաբանների պալատ:

Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ նիստը սեպտեմբերի 13-ին է: Նշենք, որ այս օրը «Սասնա ծռեր»-ի պաշտպաններից շատերը պատրաստվում են գործադուլ հայտարարել` իրենց բողոքն արտահայտելով դատարաններում իրենց խուզարկելու առիթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter